Jump to content

Դրամագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրամագիտության հիմնական աղբյուրը հին դրամներն են, որոնք, որպես շրջանառության միջոց, արհեստագործական արտադրանք, գեղարվեստական ստեղծագործություն և արձանագրագիտական աղբյուր, ուսումնասիրվում են գրավոր և հնագիտական աղբյուրների հետ միասին։ XV–XVII դարերում ստեղծվել են բազմաթիվ մասնավոր, իսկ XVIII դարում՝ Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի թանգարաններին առընթեր՝ դրամական հավաքածուներ։ Այս շրջանում դրամները դիտվել են սոսկ իբրև արվեստի առարկաներ։

Դրամագիտությունը՝ որպես գիտություն, ձևավորվել է XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին։ Առավել արժեքավորներից են հունա-հռոմեական, բյուզանդական, հին ու միջնադարյան հայկական և արաբատառ արձանագրություններով դրամները։

Հայկական հին դրամների մասին գիտական հետաքրքրությունը սկզբնավորվել է եվրոպական երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Հոլանդիա և այլն)։

Բյուզանդիայի կայսր Կոնստանտին X-ի պատկերով հիստամենոն

Դրամագիտությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում հայկական հին դրամների ուսումնասիրմանը մեծապես նպաստել են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանները։ Սակայն հայկական դրամագիտությունը՝ որպես ինքնուրույն գիտաճյուղ, զարգացել է XIX դարի 2-րդ կեսից։ Ֆրանսիացի հայագետ Վիկտոր Լանգլուան 1850 թվականից մի շարք աշխատություններում անդրադարձել է հայկական դրամների դասակարգմանը, անվանումներին, դրամագիտությանն առնչվող այլ խնդիրների։

Տիգրան Բ Մեծի պատկերով արծաթե դրամ (տետրադրախմա՝ չորեքդրամյան)

1859 թվականին արևելագետ Քրիստիան Բարթոլոմեն առաջին անգամ մեկնաբանել է հայկական դրամական միավորների անվանումները։ XIX դարի կեսից կիլիկյան դրամներին և հայկական կնիքներին նվիրված մի շարք աշխատություններ է հրատարակել դրամագետ Գուստավ Շլումբերժեն։ 1890 թվականին Էռնեստ Բաբելոնը տարբեր երկրների հավաքածուների հիման վրա ներկայացրել է Ծոփքի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի Արտաշիսյան թագավորների դրամների դասավորությունը։ Հայկական դրամների հավաքման ու քննության գործում կարևոր ներդրում ունի Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, դրամագետ Կղեմես Սիպիլյանը։ 1904 թվականին դրամագետ Ալեքսանդր Պետրովիչը հրապարակել է պարթև Արշակունիների դրամների հատկանշական ցուցակը (կատալոգ), որտեղ ընդգրկված են նաև հին հայկական դրամներ։

Կիլիկիայի Լևոն Ա թագավորի պատկերով դահեկան

1919 և 1960 թվականներին Վիեննայում լույս է տեսել Հակոբոս Տաշչյանի «Արշակունի դրամներ» աշխատությունը, որտեղ, ըստ դրամների և գրավոր աղբյուրների, ներկայացվել են նաև հայ-պարթևական առնչությունները։ 1923–1936 թվականներին Ժակ դը Մորգանի հրատարակած «Արևելքի երկրների կատալոգում» ներկայացված են նաև Ծոփքի Երվանդունիների և Մեծ Հայքի Արտաշիսյանների դրամները։ Կովկասագետ Եվգենի Պախոմովի 9-հատորանոց աշխատությունում (1926–1966 թվականներ) մանրամասն ներկայացված է Այսրկովկասում հայտնաբերված գանձերի և դրամների ցուցակը։ Կարապետ Բասմաջյանը «Հայկական ընդհանուր դրամագիտություն և Հայաստանի վերաբերյալ դրամներ» (1936 թվական) ուսումնասիրությամբ առաջին անգամ ամփոփ քննության է առել հայկական դրամները։

1921 թվականից դրամներ են հավաքում և ուսումնասիրում Հայաստանի պատմության պետական թանգարանում, իսկ 1940-ական թվականներին հիմնվել է դրամագիտության բաժինը, որտեղ կենտրոնացվել են տարբեր երկրների դրամներ՝ սկսած մ.թ.ա. V դարից։ Այստեղ ուսումնասիրվել են հայկական բոլոր, ինչպես և Հայաստանի պատմությանն առնչվող տարբեր երկրների դրամախմբերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Բաժինն զբաղվում է դրամների հայտնաբերման, դասակարգման, դրամաշրջանառության, հայկական մեդալների, թղթադրամների ուսումնասիրության և այլ խնդիրներով։ Սփյուռքահայ դրամագետ Զարեհ Պտուկյանի աշխատությունները նվիրված են առավելապես Կիլիկյան Հայաստանի, Արտաշիսյան, հռոմեական դրամների ուսումնասիրությանը։ 2007 թվականին Հայկական հանրագիտարանի հրատարակած «Սուրբ Հայաստան» կատալոգում դրամագետ Արմինե Զոհրաբյանը ներկայացրել է VII– XIV դարերի Հայաստանի դրամական շրջանառությունը և Կիլիկիայի հայկական դրամները։ Հին և միջնադարյան դրամներին նվիրված երկեր են հրատարակել Խաչիկ Մուշեղյանը, Պերճ Կարապետյանը, Պերճ Սապպաղյանը, Տիգրան Կույումուջյանը, Մեսրոպ Աբգարյանցը, Ռուբեն Վարդանյանը, Մկրտիչ Զարդարյանը և ուրիշներ։

Կիլիկիայի Լևոն Բ թագավորի ոսկե կնիքը

1975 թվականին Եղիա Ներսիսյանի ջանքերով Լոս Անջելեսում հիմնադրվել է Հայկական դրամագիտական ընկերությունը, որը հրատարակում է «Հայ դրամագիտական հանդեսը» (տարեկան 4 համար՝ հայերեն և անգլերեն), ինչպես նաև առանձին մենագրություններ ու ժողովածուներ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 450