Դասական ֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասական ֆիզիկա, ֆիզիկա մինչև քվանտային տեսություն և հարաբերականության տեսություն։ Ֆիզիկայի գիտական շենքի ստեղծմանը մասնակցել են տարբեր ժողովուրդների շատ սերունդների առաջավոր մտածողներ, որոնց անունով կոչվում են օրենքներ, բանաձևեր, հաստատուններ, չափման միավորներ։ Դրա փայլուն ներկայացուցիչներից էին Էպիկուրը, Դեմոկրիտը, Լևկիպը, Բրունոն, Գալիլեյը, Կոպեռնիկոսը, Նյուտոնը, Պլանկը, Էյնշտեյնը և այլք։ Իր ավելի քան 2500-ամյա պատմության մեջ ֆիզիկան ունեցել է քանակական ու որակական զարգացման տարբեր շրջաններ։

Դասական ֆիզիկայի հիմունքները ներդրվում էին Վերածննդի մի շարք գիտնականների կողմից, որոնցից հատկապես առանձնանում է Նյուտոնը՝ դասական մեխանիկայի հիմնադիրը.

Ֆիզիկայի զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկայի նախապատմությունն ունեցել է հետևյալ փուլերը`

  • անտիկ
  • միջին դարեր
  • Վերածնության դարաշրջան

Անտիկ փուլում, որը ձգվել է մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դար, ֆիզիկայի զարգացման հիմնական առանձնահատկությունը փաստերի կուտակումն ու դրանց նախնական բացատրությունն էր։ Այն աչքի էր ընկնում փորձնական գիտելիքների բացակայությամբ և մտահայեցողական պարզագույն ընդհանրացումների առատությամբ։ Այս շրջանում ֆիզիկան իր զարգացմամբ պարտական է հիմնականում Արիստոտելին և Արքիմեդին։

Միջին դարերում, 6-14-րդ դդ., իշխում էր սխոլաստիկան։ Այս շրջանում քիչ հայտնագործություններ են կատարվել։

Վերածնության դարաշրջանում, 15-16-րդ դարեր, հետազոտվեցին մարմինների ազատ անկումը, անկյան տակ նետված մարմնի շարժումը, մարմինների բախումը, իներցիայի երևույթը, ձայնը, շփման օրենքները, մազականությունը։

Ֆիզիկան որպես գիտություն ձևավորվելու շրջանում, որը սկսվել է 17-րդ դարի 80-ական թվականներից, ամենաբնորոշը գիտական հետազոտության մեջ փորձնական մեթոդի արմատավորումն է, որի հիմնադիրը Գալիլեո Գալիլեյն էր։ Այս շրջանում էր, որ Տորիչելիի հետազոտությունները սկիզբ դրեցին մթնոլորտի գիտական ուսումնասիրմանը, ստեղծվեց օդահան պոմպը, սահմանվեցին առաջին գազային օրենքները, հիմք դրվեց ֆիզիկական ակուստիկային։

Դասական ֆիզիկայի շրջանը, (17-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ ), ընդգրկում է հետևյալ փուլերը։

  1. Առաջին փուլը (17-րդ դար-19-րդ դ.արի 60-ական թթ.) Նյուտոնի մեխանիկայի հաղթանակն է, աշխարհի մեխանիկական պատկերի ձևավորումը։ Այս փուլում էլ բուռն զարգացում են ապրում ֆիզիկայի բոլոր հայտնի բնագավառները։ Առավել ավարտուն տեսք է ստանում մեխանիկան` շնորհիվ Նյուտոնի դինամիկայի օրենքների։ Հայտնագործվում են մատերիայի և շարժման պահպանման օրենքները, ինչպես նաև էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքները։ Սահմանվեցին գազային օրենքները, ձևավորվեց ջերմադինամիկան, դրվեցին լուսաչափության հիմքերը։ Փորձնական ճանապարհով ձևավորվեց ալիքային օպտիկան, հայտնաբերվեցին լույսի անտեսանելի մասերը, կարևոր հայտնագործություններ կատարվեցին էլեկտրամագնիսականության բնագավառում։
  2. Երկրորդ փուլում (19-րդ դարի 60-ական թթ. – 19-րդ դարի վերջ) առավել նշանակալից են էլեկտրամագնիսական դաշտի տեսության ստեղծումը, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական հաստատումը, ռադիոյի գյուտը, ռենտգենյան և ռադիոակտիվ ճառագայթների գյուտը, գազերի կինետիկ տեսության ստեղծումը, լույսի ճնշման չափումը և այլն։
  3. Երրորդ փուլում (18951904 թթ.) բնորոշ գիծը ֆիզիկայի զարգացման մեջ եղած պատկերացումների արմատական վերանայումն էր, դասական ըմբռնումների ընդլայնումն ու զարգացումը նոր փորձնական փաստերի հիման վրա։ Այդ գործում էական նշանակություն ունեցան 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մեծագույն հայտնագործությունները` ռենտգենյան ճառագայթներ, էլեկտրոնի հայտնագործում, ատոմի առաջին մոդելների ստեղծում, որոնք խարխլեցին աշխարհի մեխանիկական պատկերը և հող նախապատրաստեցին հարաբերականության տեսության և քվանտային մեխանիկայի ստեղծման համար։

Դասական ֆիզիկայի հիմքը կազմող տարածության և ժամանակի մասին նոր պատկերացումները ստեղծել է անգլիացի հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պ. Ծատուրյան, Հետաքրքրաշարժ ֆիզիկա, Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 293