Գումեր Կուվատով
Գումեր Կուվատով | |
Կրթություն՝ | Կազանի Դաշնային համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 29, 1893[1] |
Ծննդավայր | Զիանչուրինսկի շրջան |
Վախճանի օր | ապրիլի 6, 1946[1] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գումեր Կուվատով Գալիմովիչ կամ Գումեր Կուվատով Մուհամետգալիմովիչ (բաշկիրերեն՝ Ҡыуатов Ғүмәр Мөхәммәтғалим улы, հունիսի 29, 1893[1], Զիանչուրինսկի շրջան - ապրիլի 6, 1946[1], Մոսկվա, ԽՍՀՄ), բաշկիր քաղաքական գործիչ, Բաշկիրական ազգային շարժման (1917-1921) ակտիվ մասնակից, Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության պատմության մեջ առաջին Առողջապահության ժողովրդական կոմիսար (1919-1928), հասարակական և քաղաքական գործիչ, վիրաբույժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուվատով Գումեր Գալիմովիչը ծնվել է 1893 (կամ 1883 )[2] թվականի հունվարի 10-ին Օրենբուրգի նահանգի Օրսկի շրջանի (այժմ՝ Բաշկորտոստանի Զիանչուրինսկի շրջանի Ուտյագուլովո գյուղ) Յուուսերան վոլոստի Կուվատովո-Բիկբերդինո գյուղում[3]։ Սերում է բաշկիրական Կուվատովներ ազնվական ընտանիքից[4]։ Բաշկիր քաղաքական գործիչ Ուսման Կուվատովի (1897-1956) եղբայրն է, բաշկիր լուսավորիչ Մուխամետգալիմ Կուվատովի որդին (1866-1937)։
Կրթություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականին Կուվատովն ավարտել է Օրենբուրգի գիմնազիան, իսկ 1917 թվականին սովորել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետում․ ստացել է վիրաբույժի դիպլոմ։ Փետրվարյան հեղափոխությունից հետո Գումեր Կուվատովը դարձել է բաշկիրական ազգային շարժման ակտիվ մասնակից, մասնակցել է III համաբաշկիրական կուրուլտայի (համագումար) աշխատանքներին, որի ընթացքում ընդգրկվել է Բաշկուրդիստանի ինքնավար հանրապետության կառավարման մարմիններում և ընտրվել է խորհրդարանում որպես Փոքր կուրուլտայի անդամ, իսկ նրա եղբայրը՝ Ուսման Կուվատովը, դարձել է Բաշկիրիայի կառավարության անդամ։ Հետո Կուվատովը դարձել է վիրաբույժ և ռազմական հիվանդանոցի պետ։ Համառուսաստանյան Սահմանադիր ժողովի պատգամավոր է ընտրվել․ Ուֆայի ընտրատարածքի ցուցակով թիվ 11 (Բաշկիր-ֆեդերալիստներ)։ 1918 թվականի հունվարի 5-ին մասնակցել է Սահմանադիր ժողովին։ Նա «Համառուսաստանյան Սահմանադիր ժողովի անդամների կոմիտեի»՝ Կոմուչի (Комите́т чле́нов Всеросси́йского Учреди́тельного собра́ния - КОМУЧ) անդամ էր և հանդիպումներին մասնակցում էր բաշկիրական հանրապետականների (ֆեդերալիստներ) անունից[5]։
Առողջապահության ժողկոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի մայիսի 23-ի ԲաշՌևկոմի որոշմամբ՝ Կուվատով Գումեր Գալիմովիչը նշանակվել է ԲԻԽՍՀ-ի պատմության մեջ առաջին Առողջապահության ժողովրդական կոմիսար և այդ պաշտոնում է եղել մինչև 1928 թվականը։ Առաջին իսկ օրերից նա ակտիվորեն լծվել է հանրապետությունում բժշկական և կանխարգելիչ աշխատանքների կազմակերպման գործին, ինչպես նաև պայքարել համաճարակների (տիֆ, խոլերա և այլն) և 1921-1922 թվականների սովի դեմ։ Նրա նախաձեռնությամբ բնակչության շրջանում սկսվել է սանիտարական և կրթական աշխատանք տարվել անձնական հիգիենայի, համաճարակի դեմ պայքարի և այլ թեմաների շուրջ՝ դասախոսություններ կարդալով, բաշխելով թռուցիկներ, բրոշյուրներ և պաստառներ ինչպես ռուսերեն, այնպես էլ բաշկիրերեն լեզուներով[6]։ Հետագայում Գումեր Գալիմովիչը, զբաղեցնելով Առողջապահության ժողովրդական կոմիսարի պաշտոնը, մեծ դեր խաղաց իր կոմիսարիատի ապարատի ստեղծման և ամրապնդման, բժշկական ցանցի զարգացման, բժշկական անձնակազմի վերապատրաստման և կրթության, հանրապետությունում մայրության և մանկության պաշտպանության համակարգի կազմակերպման գործում, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Ուֆայի աչքի հիվանդությունների ինստիտուտի ստեղծման և ձևավորման գործում՝ այն օտարերկրյա ֆիրմաների սարքավորումներով և բժշկական գործիքներով հագեցնելով[2][7]։
Բժշկական պատասխանատու պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին Կուվատովը նշանակվել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի Նախագահության ԲԻԽՍՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 1930 թվականին ընդունվել է Կոմունիստական ակադեմիային առընթեր Յա․ Մ․ Սվերդլովի անվան Բարձր նյարդային գործունեության ինստիտուտի ասպիրանտուրան Մոսկվայում։ 1931-1932 թվականներին Կուվատով Գումերը նշանակվել է «Կարմիր պրոֆեսորների ինստիտուտի» (Կենտկոմի հատուկ ԲՈՒՀ՝ համալսարաններում կուսակցության բարձրագույն գաղափարական կադրերի և հասարակական գիտություններ դասավանդողների վերապատրաստման համար) փոխտնօրեն։ Այնուհետև, երկար ժամանակ նա զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ Բարձրագույն նյարդային գործունեության ինստիտուտում և Փորձարարական բժշկության համամիութենական ինստիտուտում։ Կուվատովը հրապարակել է նաև մի շարք գիտական հոդվածներ բարձր նյարդային գործունեության մասին։
Խիստ նկատողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինգրադի շրջկոմը 1938 թվականի հունվարի 25-ին Կուվատովին զեմստվոյի նախագահի պաշտոնում ընտրելու կապակցությամբ նրա ազնվական ծագման գործի քննության արդյունքում պարզել է նրա հարազատ եղբոր՝ Բաշկիրիայի կառավարության հակահեղափոխական նախկին անդամ լինելը և այդ փաստը գաղտնի պահելը, որի համար Կուվատովը խիստ նկատողություն է ստացել։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի սկիզբով պրոֆեսոր Կուվատովը եղել է խորհրդային բանակի շարքերում՝ Մոսկվայի մարզի ռազմական հիվանդանոցներում պատասխանատու պաշտոններ վարելով։ 1942 թվականից՝ մարզային հիվանդանոցային բազայի ղեկավարն է եղել։ 1945 թվականին Գումեր Գալիմովիչը նշանակվել է Մոսկվայի մարզի ֆիզիոթերապիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուվատով Գումեր Գալիմովիչը մահացել է 1946 թվականի հունիսի 6-ին Մոսկվայում և թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ի հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գումեր Կուվատովի անունով են կոչվել․
- Բաշկորտոստանի մայրաքաղաքի հանրապետական կլինիկական հիվանդանոց
- Ուֆա քաղաքի Կալինինի շրջանում փողոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://bashenc.online/ru/articles/86131/
- ↑ 2,0 2,1 «Российская Офтальмология Онлайн». eyepress.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Башкортостан. Краткая энциклопедия. Уфа, 1996. С. 350—351
- ↑ А. Я. Ильясова. «Особенности формирования ДВОРЯНСКОГО СОСЛОВИЯ из БАШКИР» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Гумер Мухамедгалимович Куватов
- ↑ Нарком(չաշխատող հղում)
- ↑ Здравоохранение Башкортостана/2001 год. № 1-2,с.60
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գումեր Կուվատով կատեգորիայում։ |