Jump to content

Գիշերային երկինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային երկինք
Հետազոտման տվյալներ
Տեսակերկինք
Տեսանելի աստղային մեծություն (V)
Աստղաչափություն
Բնութագիր
Ֆիզիկական տվյալներ
Ուղեծրի էլեմենտներ

Գիշերային երկինք, գիշերային ժամանակ, երբ հայտնվում են երկնային մարմինները, ինչպիսիք են աստղերը, մոլորակները և Լուսինը, որոնք տեսանելի են լինում պարզ երկնքում մայրամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում, երբ Արևը գտնվում է հորիզոնից ցածր։

Ընդհանուր նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային երկնքում լույսի բնական աղբյուրներն են Լուսնի լույսը, աստղերի լույսը և մթնոլորտի լուսարձակումը՝ կախված տարածքից և ժամանակից։ Բևեռափայլը (ավրորա) լուսավորում է երկինքը՝ բևեռներից վերև ընկած հատվածները։ Երբեմն Պսակի զանգվածային արտանետումը Արեգակից կամ պարզապես արևային քամու բարձր մակարդակը կարող է երևույթը հասցնել մինչև հասարակած[1]։

Գիշերային երկինքը և դրա ուսումնասիրությունները պատմական նշանակություն ունեն ինչպես հին, այնպես էլ ժամանակակից մշակույթներում։ Նախկինում գյուղացիներն օգտագործել են գիշերային երկնային մարմինների տեղը և դասավորվածությունը որպես օրացույց՝ որոշելու վարուցանքի ժամանակը։ Շատ մշակույթներում աստղերի խումբը ներկայացրել են որպես համստեղություններ և դրանք օգտագործելով իրենց աստվածների մասին լեգենդներ և դիցաբանություն ստեղծելու համար։

Աստղագուշակության հնագույն զարգացած ուսմունքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ երկնային մարմինների միջև փոխհարաբերություններն ազդում են կամ տեղեկատվություն են հաղորդում Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Գիշերը տեսանելի երկնային օբյեկտների գիտական ուսումնասիրություններով զբաղվում է դիտողական աստղագիտությունը։

Գիշերային երկնքում երկնային օբյեկտների տեսանելիության վրա ազդում է լույսի աղտոտումը։ Գիշերային երկնքում Լուսնի առկայությունը պատմականորեն խոչընդոտել է աստղագիտական դիտարկմանը` մեծացնելով շրջակա միջավայրի լույսի քանակը։ Երբ ի հայտ են եկել արհեստական լույսի աղբյուրներ, լույսի աղտոտումը դարձել է մեծ խնդիր՝ գիշերային երկինքը դիտելու համար։ Օպտիկական ֆիլտրերը և լուսատուների փոփոխությունները կարող են օգնել մեղմել այս խնդիրը, սակայն օպտիմալ տեսարանների համար և՛ մասնագետ, և՛ սիրողական աստղագետները փնտրում են քաղաքային երկնքի լույսից հեռու գտնվող վայրեր։

Լուսավորվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային երկինքն ամբողջովին մութ չէ, նույնիսկ Լուսնի և քաղաքի լույսերի բացակայության դեպքում, եթե երկինքը բացարձակ մութ լիներ, ապա մարդ չէր կարողանա տեսնել գիշերվա ընթացքում դեպի երկինք պահած առարկայի ուրվագիծը։

Երկնքի լուսավորվածության ինտենսիվությունը մեծապես տատանվում է օրվա ընթացքում, և առաջնային պատճառը նույնպես տարբերվում է։ Ցերեկային ժամերին, երբ Արևը գտնվում է հորիզոնից վեր, Արևի ուղիղ ճառագայթները ապահովում են լույսի գերակշռող մասը։ Մթնշաղին՝ մայրամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում, իրավիճակն ավելի է բարդանում։ Մթնշաղը բաժանվում է երեք հատվածի՝ ըստ Արեգակի՝ հորիզոնից ունեցած հեռավորության։

Մայրամուտից հետո երևում է քաղաքների մթնշաղը, ավարտվում է, երբ Արևն իջնում է հորիզոնից ավելի քան 6°-ով։ Դրան հաջորդում է ծովային մթնշաղը, երբ Արեգակը հասնում է −6° և −12° բարձրությունների, որից հետո գալիս է աստղագիտական մթնշաղը, որը երևում է −12°-ից −18° ժամանակահատված։ Երբ Արևն իջնում է հորիզոնից ավելի քան 18°-ով, երկինքը սովորաբար հասնում է իր նվազագույն պայծառությանը։

Որպես երկնքի ներքին լուսավորվածություն ապահովողներ կարելի է առանձնացնել լույսի մի քանի աղբյուրներ, մասնավորապես՝ մթնոլորտի լուսավորվածությունը, արևի լույսի անուղղակի տարածումը, աստղերի լույսի տարածումը և արհեստական լույսի աղտոտումը։

Տեսանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Paranal աստղադիտարանի գիշերներ[2]: «Noctcaelador»-ի հայեցակարգը վերաբերում է գիշերային երկնքի գեղագիտական ընկալմանը[3]:

Կախված երկնքի ամպամածությունից, աղտոտվածությունից, խոնավությունից և լուսային աղտոտվածության մակարդակից՝ անզեն աչքով տեսանելի աստղերը երևում են որպես հարյուրավոր, հազարավոր կամ տասնյակ հազարավոր սպիտակ լույսի կետերի տեսքով[4]։ Հին ժամանակներում մարդիկ հաճախ ենթադրում էին, որ աստղերը հավասար հեռավորության վրա են գտնվում երկրից։ Պատճառն այն էր, որ դրանք չափազանց հեռու են, որպեսզի ստերեոպսիսները խորության աստղերի հստակ հեռավորությունը ցույց տային։ Տեսանելի աստղերի գույները տատանվում են կապույտից (տաք) մինչև կարմիր (սառը), բայց թույլ լույսի նման նրանց մեծ մասը սպիտակ է թվում։

Գիշերային երկնքի աստղերը հնարավոր չէ առանց ինչ-որ օգնության հաշվել, քանի որ դրանք շատ են, և հնարավոր չէ հետևել, թե որոնք են արդեն հաշվվել, որոնք՝ ոչ։ Հաշվարկն ավելի է բարդանում, երբ ավելի թույլ աստղեր են հայտնվում և անհետանում։ Արդյունքում ստացվում է անսովոր հսկայական աստղային դաշտի տպավորություն։ Աստղային դիտումը լավագույնս արվում է մութ տեղից՝ հեռու քաղաքի լույսերից։ Մի քանի րոպե է պահանջվում, որպեսզի աչքերը հարմարվեն մթությանը, որն անհրաժեշտ է ամենաշատ աստղերը տեսնելու համար, և գետնի վրա շրջապատը դժվար է նկատել։ Կարմիր լապտեր (ջահը) կարող է օգտագործվել աստղային գծապատկերները, աստղադիտակի մասերը և նմանատիպերը լուսավորելու համար՝ առանց մութ հարմարվողականությունը վերացնելու (Տե՛ս Պուրկինյեի էֆեկտը

Գիշերային երկնքի տեսանյութը նկարահանվել է DSLR տեսախցիկներով Ճապոնիայում

Համաստեղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային երկնքում նշաններ չկան, թեև կան բազմաթիվ երկնային քարտեզներ, որոնք կօգնեն աստղադիտողներին հայտնաբերել համաստեղությունները և այլ երկնային օբյեկտներ։ Համաստեղությունները աչքի են ընկնում, քանի որ նրանց աստղերն ավելի պայծառ են, քան երկնքի մյուս աստղերը։ Տարբեր մշակույթներ ստեղծել են համաստեղությունների տարբեր խմբավորումներ՝ հիմնված երկնքում կետերի քիչ թե շատ պատահական օրինաչափությունների տարբեր մեկնաբանությունների վրա։

Օրիոնն ամենահայտնի և ճանաչելի համաստեղություններից է[5]։ Մեծ արջը (որն ունի բազմաթիվ այլ անվանումներ) օգտակար է հյուսիսային կիսագնդում նավարկելու ժամանակ, քանի որ այն մատնանշում է Բևեռիսը՝ հյուսիսային աստղը։

Բևեռային աստղերն առանձնահատուկ են, քանի որ դրանք մոտավորապես համահունչ են Երկրի պտտման առանցքին, ուստի թվում է, որ նրանք մնում են մեկ տեղում, մինչդեռ մյուս աստղերը պտտվում են իրենց շուրջը մեկ գիշերվա ընթացքում (կամ մեկ տարվա ընթացքում)։

Մոլորակ բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «ճանապարհորդ»․ մոլորակներն ամեն օր մի փոքր շրջում են աստղային դաշտերում՝ Արեգակի շուրջ ժամանակային մասշտաբներով կատարելով օղակներ՝ կախված մոլորակի տարվա տևողությունից կամ շուրջերկրյա ուղեծրային շրջանից։ Մոլորակները երկնքում հայտնվում են որպես փոփոխական պայծառությամբ լուսային կետեր։ Նրանք փայլում են մոլորակների մակերեսից կամ մթնոլորտից արտացոլվող, ցրվող արևի լույսի շնորհիվ։ Այսպիսով, Արեգակ-մոլորակ-Երկիր հարաբերական դիրքերը որոշում են մոլորակի պայծառությունը։ Աստղադիտակով կամ լավ հեռադիտակով ուսումնասիրելիս մոլորակները երևում են որպես սահմանափակ չափսեր ունեցող սկավառակներ։ Պտտվող արբանյակները նույնպես դիտարկելի են, նրանք ստվեր են գցում ընդունող մոլորակի մակերեսին։ Վեներան ամենահայտնի մոլորակն է, որը հաճախ կոչվում է «առավոտյան աստղ» կամ «երեկոյան աստղ», քանի որ այն ավելի պայծառ է, քան աստղերը և հաճախ միակ «աստղը», որը տեսանելի է արևածագի կամ մայրամուտի ժամանակ՝ կախված իր ուղեծրում գտնվելու վայրից։ Իր պայծառության պատճառով Վեներան երբեմն կարելի է տեսնել արևածագից հետո։ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը նույնպես տեսանելի են անզեն աչքով գիշերային երկնքում։

Երկրի բնական արբանյակ Լուսինը երկնքում հայտնվում է մոխրագույն սկավառակի տեսքով, որի խառնարանները անզեն աչքով տեսանելի են։ Միջին հաշվով ավելի քան 29,53 օր լուսինն անցնում է լուսնային փուլի ամբողջական ցիկլով։ Մարդիկ կարող են ընդհանուր առմամբ որոշել փուլերը մի քանի օրվա ընթացքում՝ նայելով Լուսնին։ Ի տարբերություն աստղերի և մոլորակների մեծ մասի՝ Լուսնից արտացոլված լույսը բավականաչափ պայծառ է, որպեսզի տեսանելի լինի օրվա ընթացքում։

Լուսինն առավել տպավորիչ է լիալուսնի փուլում՝ մայրամուտի կամ արևածագի մոտ։ Հորիզոնում գտնվող Լուսինն արտացոլում է Լուսնի պատրանքը, որը ստիպում է նրան ավելի մեծ թվալ։ Արեգակի լույսը, որը արտացոլվում է Լուսնից, անցնելով մթնոլորտի միջով, կարծես գունավորում է Լուսինը նարնջագույն և/կամ կարմիր։

Գիսաստղերը շատ հազվադեպ են հայտնվում գիշերային երկնքում։ Գիսաստղը լուսավորվում է Արեգակի կողմից։ Տեսանելի պոչով գիսաստղ բավականին հազվադեպ է երևում։ Մեծ գիսաստղը հայտնվում է տասնամյակը մեկ անգամ։ Նրանք սովորաբար տեսանելի են լինում միայն արևածագից կարճ ժամանակ առաջ կամ մայրամուտից հետո, քանի որ դրանք այն ժամանակներն են, երբ նրանք բավական մոտ են Արեգակին՝ պոչը ցույց տալու համար։

Ամպերը ծածկում են երկնային այլ առարկաներին, թեև ըստ ամպի ծածկույթի հաստության՝ ազդեցությունը տարբեր է լինում։ Շատ բարակ ցիռուսային ամպը Լուսնի շուրջը կարող է ծիածանի գույնի օղակ առաջացնել։ Աստղերն ու մոլորակները չափազանց փոքր են կամ այնքան լույս չեն արձակում այս ազդեցությունն ունենալու համար։ Ավելի խիտ ամպերի ծածկույթն ամբողջությամբ ծածկում է երկնային մարմինները՝ երկինքը սևացնելով կամ քաղաքի լույսերն արտացոլելով։ Ամպերը հաճախ բավական մոտ են, որպեսզի թույլ տան որոշակի խորության ընկալում, թեև դրանք դժվար է տեսնել առանց լուսնի լույսի կամ լուսային աղտոտվածության։

Այլ մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիր Կաթինը պարունակում է միլիարդավոր աստղեր, որոնք դասավորված են երկու զարմանալիորեն տարբեր կառուցվածքներով՝ լուսապսակի և սկավառակի տեսքով[6]:

Չաղտոտված տարածքներում պարզ մութ գիշերներին, երբ Լուսինը հայտնվում է մահիկի տեսքով կամ հորիզոնից ներքև, կարելի է տեսնել Ծիր Կաթին ճանապարհը՝ սպիտակ փոշու նմանվող մի շերտ։

Մագելանի ամպերը հաճախակի շփոթում են ամպերի հետ, սակայն իրականում աստղերի խումբ են, որոնք հայտնաբերվել են Ծիր Կաթինի սահմաններից դուրս, հայտնի է որպես գաճաճ գալակտիկաներ։

Կենդանակերպի լույսը փայլ է, որը հայտնվում է այն կետերի մոտ, որտեղ Արևը ծագում և մայր է մտնում, առաջանում է արևի լույսի միջոցով, ինչը փոխազդում է միջմոլորակային փոշու հետ։

Գեգենչեինը թույլ լուսավոր կետ է գիշերային երկնքում, որը կենտրոնացած է հակարեգակնային կետում, առաջացել է արևի լույսի միջմոլորակային փոշու հետադարձ ցրման պատճառով։

Մայրամուտից կարճ ժամանակ անց և արևածագից առաջ արհեստական արբանյակները պայծառությամբ և չափսով հաճախ նմանվում են աստղերին, բայց համեմատաբար արագ են շարժվում։

Երկնաքարերը շատ հազվադեպ են հանդիպում երկնքում։ Երկնաքարային անձրևի ժամանակ նրանք կարող են միջինը մեկ րոպեում անկանոն ընդմիջումներով անցնել, բայց հակառակ դեպքում նրանց այցն աննկատ է լինում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Yukon, Northwestel. «Aurora Borealis Explained». Northern Lights Centre. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Paranal Nights». ESO Picture of the Week. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  3. Kelly, William E.; Daughtry, Don (2007 թ․ դեկտեմբերի 22). «Academic Orientation, Academic Achievement, and Noctcaelador: Does Interest in Night-Sky Watching Correlate with Students' Approach to the Academic Environment?». Education. 128 (2): 274. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Hawley. «Number of Stars in the Sky». Newton Ask A Scientist. US Department of Energy. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. Dolan, Chris. «Orion». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «Where Heaven and Earth Collide». www.eso.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.