Գերստհոֆեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գերստհոֆեն
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես34,01 կմ²
ԲԾՄ469 մետր
Բնակչություն23 274 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0821
Փոստային դասիչ86368
Ավտոմոբիլային կոդA
Պաշտոնական կայքgersthofen.de
Գերստհոֆեն (Գերմանիա)##
Գերստհոֆեն (Գերմանիա)

Գերստհոֆեն (գերմ.՝ Gersthofen), քաղաք Գերմանիայում, Բավարիա երկրամասում։

Մտնում է Աուգսբուրգի շրջանի կազմի մեջ։ Գտնվում է Շվաբիա վարչական շրջանի ենթակայության տակ։ Բնակչությունը 20 805 մարդ է (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31ի տվյալների)[2]։ Տարածքը 33,95 կմ² է։ Պաշտոնական կոդը՝ 09 7 72 147։

Քաղաքը ստորաբաժանվում է 4 քաղաքային համայնքների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերստոֆենը գտնվում էր հին հռոմեական ճանապարհի՝ Վիա Կլաուդիայի վրա։ Վեցերորդ դարում Գերստհոֆենը դարձավ Աուգսբուրգի եպիսկոպոսների նստավայրը։ Այժմյանին մոտ անվամբ Գերստհոֆենը առաջին անգամ հիշատակվել է 969 թվականի փաստաթղթերում։ Այնտեղ անունը հնչում էր որպես Gerfredeshoua, որը թարգմանվում է որպես bei den Höfen des Gerfred։ Թե ով էր Gerfred–ը, որ տվել է գյուղակին այս անունը, պատմությանը հայտնի չէ։ Ժամանակի ընթացքում Gerfredeshoua–ն վերածվեց Gershouen–ի, իսկ 1424 թվականին առաջին անգամ հիշատակվել է ժամանակակից անվամբ՝ Gersthofen։

1803 թվականին Գերստհոֆենը դարձավ Բավարական թագավորության մի մաս, 1950 թվականին ստացավ մարկտի կարգավիճակ, իսկ 1969 թվականին՝ քաղաքի կարգավիճակ։ 1904 թվականին Գերսհոֆենը ստացավ նաև ոչ շատ մեծ Gersthofen-Gablingen օդանավակայանը, որի տարածքում ամերիկացիները կառուցեցին իրենց զինանոցները։ Որպես օդանավակայան՝ Gersthofen-Gablingen–ը անպիտան դարձավ․ նրանից ընդամենը վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Աուգսբուրգի օդանավակայանը։ Աճում էր նաև Գերստհոֆենի բնակչության թիվը․ 439 բնակչից, որ նշվել էր 1809 թվականին անցկացրած առաջին մարդահամարի ընթացքում, մինչև այժմյան 21 000։

Գերստհոֆենի հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են։ Նրանց է պատկանում Սուրբ Հակոբ եկեղեցին (Pfarrkirche St. Jakobus (major)), որը մտնում է բավարական–շվաբյան ուղու՝ Jakobsweg–ի տեսարժան վայրերի թվի մեջ։ Սոիչբ Հակոբ եկեղեցին կառուցվել է XIX դարի կեսերին Գեորգ ֆոն Շտենգելի կողմից, իսկ չափերով մեծացվել է 1924 թվականին։ Կա ևս մեկ քաղաքային եկեղեցի՝ Սուրբ Մարիա եկեղեցին (Pfarrkirche Maria, Königin des Friedens)։ Այն լիովին նոր եկեղեցի է՝ կառուցված 1968 թվականին նոր կաթոլիկ ճարտարապետության ոճին համապատասխան։ Բողոքականները նույնպես ունեն իրենց եկեղեցին՝ Bekenntniskirche–ն։ Կա նաև նորառաքելական եկեղեցի (Neuapostolische Kirche)։ Թուրքական համայնքն ունի իր մզկիթը՝ Eyüp-Sultan-Moschee–ն։ Այն բացվել է միայն վերջերս՝ 2007 թվականին։

Գերսհոֆենի զինանշանը յուրօրինակ է։ Նրա կարմիր և արծաթագույն հատվածների վրա ջուլհակագործական անիվ է, որի տակ կապույտ ալիք է։ Ալիքը խորհրդանշում է այն, որ քաղաքը գտնում է Լեխի վրա, իսկ անիվը՝ այն փաստը, որ միայն արդյունաբերականացումը Գերստհոֆենը ֆերմերային գյուղակից քաղաքի վերածեց։ Երկու գույները՝ կարմիրը և արծաթագույնը, նույնպես հենց այնպես չեն հայտնվել զինանշանի վրա։ Կարմիրը խորհրդանշում է այն, որ Գերստհոֆենը ժամանակին պատկանել է Աուգսբուրգի եպիսկոպոսությանը, իսկ արծաթագույնը՝ Բավարական թագավորությանը։ Քանի որ Գերստհոֆենը շատ երիտասարդ քաղաք է, զինանշանը ևս հին չէ․ այն մտահղացել են միայն 1937 թվականին։

Օդապարիկների թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերստհոֆենում կա մի եզակի թանգարան․ օդապարիկների՝ աշխարհում միակ թանգարանը (Ballonmuseum Gersthofen)։ Այն բացվել է 1985 թվականին՝ օդային ճանապարհորդ Ալֆրեդ Էկերտի հավաքածուի հիման վրա։ Այդ ժամանակ հավաքածուի համար բավական էր ընդամենը 150 մ² ցուցասրահային տարածք։

Թանգարանի պատմությունը սկսվում է 1906 թվականից, երբ Ալֆրեդ Էկերտը Ալֆրեդ Էկերտը հանրության համար բացեց իր հավաքածուն՝ տեղադրելով այն Գերստհոֆենի ամենահայտնի վայրերից մեկում՝ Ջրային աշտարակում։ 2003 թվականին Ballonmuseum Gersthofen–ը միացրին քաղաքային գրադարանի նոր շինությանը։ Առանց դրա հնարավոր չէր լինի ընդլայնել թանգարանի ցուցասրահը․ չէ՞ որ աշտարակի պատերը տեղափոխել հնարավոր չէ։ Ընդլայնումից հետո Ballonmuseum–ը դարձավ Գերմանիայի ամենախոշոր տեխնիկական թանգարաններից մեկը։

Կարելի է թռիչքներ կատարել այդ օդապարիկներով։ Թանգարանը առաջարկում է նման ծառայություն։ Թռիչքի գինը․ 150 - 200 եվրո՝ տաք օդով լցված օդապարիկներով, 230-280 եվրո՝ գերստհոֆենյան օոդով լցված օդապարկներով։ Գնի տարբերությունը բացատրվում է նրանով, որ առաջին դեպքում թռիչքի տևողություն մեկից երկու ժամ է, իսկ երկրորդ դեպքում՝ չորսից–հինգ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերստհոֆեն» հոդվածին։