Բոցենի հուրանավոր (լատին․՝ Phlox paniculata), զարմանազանազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա բույսեր են։ Ծագում են հիմնականում Հյուսիսային Ամերիկայից։ Հայտնի է բոցենու 60 տեսակ։ Հուրանավոր բոցենուց ստացվել են կուլտուրական բազմամյա ֆլոքսի բազմաթիվ սորտեր։
Ուղիղ վեր ձգվող ընձյուղներով բույս է՝ 50-150 սմ բարձրությամբ, 1,5-5 սմ տրամագիծ ունեցող բուրումնավետ ծաղիկներով, որոնք բացվում են հուլիսից մինչև ուշ աշուն, ունեն ամենաբազմազան գունավորում, բայց ավելի հաճախ՝ ալ կարմիր, կարմրանարնջագույն, նարնջագույն, մանուշակագույն և այլն։ Հավաքված են հուրանանման ծաղկաբույլերում։ Բազմանում են կտրոններով, թփի բաժանմամբ և արմատային մացառներով։ Գարնանը, երբ ընձյուղները հասնում են 8-10 սմ երկարության, կտրոններ են վերցնում և տնկում ստվերոտ մարգերում կամ սառը ջերմոցներում։ Արմատակալելուց հետո հաջորդ գարնանը տնկում են մշտական տեղում։ Թուփը բաժանման համար կիսում են ծաղկելուց հետո կամ գարնանը։ Լայնորեն գործածվում է միքսբորդերներում, լանդշաֆտային ձևավորումներում, գազոնի ֆոնի վրա։
Կան բազմամյա բոցենու տեսակներ, որոնք օգտագործվում են որպես միամյա։ Այդպիսիններից է Դրյումոնդի բոցենին, որը խիտ թփակալող բույս է՝ 20-60 սմ բարձրությամբ։ Ծաղիկները բուրավետ են, տարբեր գունավորմամբ, հավաքված հովանոցանման վահաններում։ Լուսասեր և ջերմասեր է, լավ է աճում ինչպես մերձարևադարձային, այնպես էլ բարեխառն գոտու պայմաններում[1]։