Բերտա Հանսսոն
Բերտա Հանսսոն շվեդ.՝ Berta Elisabet Hansson | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1910[1][2] |
Ծննդավայր | Hammerdal church parish, Շվեդիա[1][2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1994[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | նկարչուհի և տեքստիլ նկարչուհի |
Berta Hansson (artist) Վիքիպահեստում |
Բերտա Էլիզաբետ Հանսսոն (շվեդ.՝ Berta Elisabet Hansson, հունիսի 23, 1910[1][2], Hammerdal church parish, Շվեդիա[1][2] - սեպտեմբերի 3, 1994[1], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերտա Հանսսոնը ծնվել և մեծացել է Համմերդալում, եկեղեցու սպասավոր Դանիել Հանսսոնի և նրա կնոջ՝ Բրիտայի ընտանիքում։ Մայրը մահացել է տուբերկուլյոզից, երբ Բերտան դեռ 16 տարեկան էր։ Բերտա Հանսսոնը հաճախել է Սիգտունայի պետական դպրոց, որտեղ սովորել է արվեստ և գրականություն։ Այնուհետև, հոր պնդմամբ, որը հավատում էր, որ դպրոցական ուսուցչի մասնագիտությունը կօգնի դստերն ապահովել իրեն, նա ընդունվել է ուսուցիչների դասընթացներ, որն ավարտել է 1934 թվականին։ 1935 թվականին Բերտան սկսել է աշխատել Վեստերբոթենի գյուղական դպրոցում որպես ուսուցիչ և տաս տարի մնացել այդ պաշտոնում[3]։
Բերտա Հանսսոնը սկսել է գրել և նկարել ուսուցչական կարիերայի մեկնարկից անմիջապես առաջ։ 1940 թվականին որոշ ժամանակ սովորել է Ստոկհոլմի Օտտո Շյոլդի անվան արվեստի դպրոցում։ Այնուհետև վերադարձել է գյուղ, բայց մի քանի տարի անց նրա աշխատանքները նկատել է նկարիչ և գրող Էլսա Բյորկման-Գոլդշմիդտը և 1943 թվականին Ստոկհոլմում անցկացվել է Բերտա Հանսսոնի անհատական ցուցահանդեսը։ Այստեղ հիմնականում ներկայացված էին երեխաներին պատկերող նկարներ, որը նկարչի սիրած սյուժեն էր։ Քննադատների կարծիքները բաժանվեցին, ոմանք գտան, որ Հանսսոնի ստեղծած մանկական դիմանկարները տգեղ են` ընդհուպ նման են ծաղրանկարների, մյուսները նշել էին դրանց ինքնատիպությունն ու գեղարվեստական ոճը[3]։
1950-1960-ական թվականներին Բերտա Հանսսոնը բնակվել է Ստոկհոլմի Գրյոնդալ արվարձանում։ Նրա մտերիմ ընկերներն էին գրողներ Վալտեր Լյունգկվիստը և Սառա Լիդմանը, որոնք ամրապնդում էին Բերտայի երկար տարիների հետաքրքրությունը գրականության նկատմամբ։ 1950-ականների սկզբին Հանսսոնը մոտ մեկ տարի անցկացրեց Հարավային Աֆրիկայում, որտեղ էլ տուժեց ռասայական խտրականության քաղաքականությունից։ Նա խորապես հետաքրքրվում էր բնիկ բնակչության մշակույթով ու կենցաղով և այն ամենը, ինչ տեսնում էր պատկերում էր նկարներում։ Վերադառնալով Շվեդիա՝ նա սկսեց ստեղծագործել քաղաքական թեմաներով, որոնցից շատերը նվիրատվություն էր կատարում ապարտհեյդի դեմ շվեդական շարժմանը։ Բացի այդ, նա կազմակերպել է դրամահավաք` աֆրիկացի կանանց օգնելու համար[3]։
Բերտա Հանսսոնի արվեստի հիմնական թեման մշտապես եղել են երեխաները՝ լուրջ, երջանիկ, մտածված և չարամիտ։ Այն բանից հետո, երբ քանդակագործ Նիննան Սանտեսսոնը սովորեցրեց նրան կավով աշխատել, Հանսսոնը սկսեց պատրաստել նաև երեխաների փոքր կավե արձանիկներ։ Հանսսոնը չուներ իր սեփական երեխաները և նա չէր ամուսնանում՝ հավատալով, որ կինը պետք է ազատ լինի, որպեսզի կարողանա ստեղծագործական գործունեություն ծավալել։ Հանսսոնի համար ոգեշնչման աղբյուր էր նաև Աստվածաշունչը, քանի որ երեխա ժամանակ նա ստացել էր կրոնական կրթություն։ Նրա աստվածաշնչյան թեմաներով նկարները մոտ էին էքսպրեսիոնիզմին և նաիվ գեղանկարչությանը, միշտ չէ, որ հասկացվում էին քննադատների շրջանում, ովքեր դրանք համարելով չափազանց գռեհիկ[3]։
1980-ականներին Բերտա Հանսսոնի տեսողությունը սկսել է վատանալ, նա նկարել է ջրաներկով` օգտագործելով խոշորացույց, այդպիսով ստեղծելով մի քանի հարյուր գործեր։ Նա շատ ժամանակ է անցկացրել հայրենիքում` Համմերդալում, որտեղ նկարել է տարեց մարդկանց դիմանկարներ։ Կյանքի վերջին տարիներին նրա սիրելի սյուժեն թռչուններ էին, որոնց նա պատկերել է սև և սպիտակ գույնով, քանի որ այլևս չէր կարող տարբերակել գույները[3]։
Բերտա Հանսսոնը մահացել է 1994 թվականին, Ստոկհոլմում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Berta Elisabet Hansson 1910-06-23 — 1994-09-03 Konstnär
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hammerdals kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/ÖLA/11058/C/8 (1910-1925), bildid: 80009772_00017, sida 9
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Svenskt kvinnobiografiskt lexikon
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gunilla Carlstedt. «Berta Elisabet Hansson». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա Հանսսոն» հոդվածին։ |
|