Jump to content

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ (ԲՖԱ), հասկացություն, որը գործածվում է աուտիզմ ունեցող այն անձանց վերաբերյալ, որոնք ենթադրաբար իմացական առումով ավելի «բարձր ֆունկցիոնալ» են (ինտելեկտի գործակիցը 70 և բարձր), քան աուտիզմ ունեցող մյուս մարդիկ[1][2]։ Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ կարող են դժվարություններ ունենալ հաղորդակցման, հույզերի ճանաչման և սոցիալական փոխազդեցության ոլորտներում[3]։ Թեպետ շատ հետազոտողներ կարևորում են աուտիզմի ենթադասակարգերի հետագա զարգացումը, մինչ օրս բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման ստանդարտացված կամ պաշտոնական չափորոշիչներ գոյություն չունեն[4]։ Բարձր ֆունկցիոնալ աուտիզմն ընդունված ախտորոշում չէ ո՛չ մտավոր և հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրական հաշվառման ձեռնարկ-5, ո՛չ հիվանդությունների միջազգային դասակարգում-10 չափանիշներով։

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի և Ասպերգերի համախտանիշի միջև համընկումները գիտական քննարկումների և բանավեճերի առարկա են[5]։

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմը բնորոշվում է առանձնահատկություններով, որոնք շատ մոտ են Ասպերգերի համախտանիշին։ Հոգեբանների կողմից լայնորեն ընդունված վճռորոշ հատկանիշը վաղ խոսքի և լեզվական հմտությունների նշանակալի հապաղումն է մինչև երեք տարեկանը[2]։ Ասպերգերի համախտանիշի ախտորոշման չափանիշը բացառում է խոսքի ընդհանուր հապաղումը[6]։

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ և Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց առանձնահատկությունների մյուս տարբերությունները հետևյալներն են[2][7][8][9].

  • Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ խոսքային հիմնավորման ավելի ցածր կարողություն ունեն
  • Տեսողական և տարածական ավելի լավ հմտություններ (ինտելեկտի բարձր գործակից), քան Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդիկ
  • Տեղաշարժման կարողության ավելի քիչ շեղում, քան Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ
  • Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ ավելի հաճախ են դժվարանում անկախ և ինքնուրույն գործել
  • Հետաքրքրվածություն և ոգևորություն բազմաթիվ տարբեր առարկաներով/թեմաներով՝ ի հակադրություն Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց
  • Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդիկ ավելի լավ են ապրումակցում մյուսներին
  • Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ժամանակ արական/իգական հարաբերակցությունը 4:1 է, որը շատ ավելի փոքր է, քան Ասպերգերի համախտանիշի ժամանակ։

Աուտիզմի սպեկտրի խանգարում, այդ թվում բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ ենթակա են տագնապային խանգարման վտանգին։ Թեև տագնապային խանգարումը հոգեկան առողջության ամենահաճախ հանդիպող ախտանշաններից է, բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող երեխաներն ու մեծահասակները դրա զարգացման առաջացման ամենաբարձր վտանգի տակ են[10]։ Որպես առաջնային խանգարում բարձր ֆունկցիոնալ աուտիզմին զուգակցված այլ՝ մեկ կամ մի քանի խանգարումներ կան։ Դրանց թվին են պատկանում դեպրեսիան, երկբևեռ խանգարումը և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը։ Մասնավորապես ուսումնասիրվել է բարձր ֆունկցիոնալ աուտիզմի և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման փոխկապվածությունը. երկուսն էլ կապված են սերոտոնինի քանակի չկարգավորվածության հետ[11]։

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ զուգակցված դիտարկելի խանգարումներ են ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, Տուրետի համախտանիշը, ինչպես նաև հնարավոր անօրինական վարքագիծը[11]։ Մասնավորապես քրեական վարքի հետ փոխկապվածության ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման տարիքը, ֆիզիկական բռնությունը և արհամարհական վերաբերմունքը քրեական վարքի կանխատեսման էական ցուցիչներ են[12]։ Բարձր ֆունկցիոնալ աուտիզմը չի առաջացնում և ոչ էլ ներառում է ինտելեկտի խանգարումներ։ Այս առանձնահատկությունն առանձնացնում է բարձր ֆունկցիոնալ աուտիզմը աուտիզմի սպեկտրի մնացած խնդիրներից. աուտիզմ ունեցող անհատների 40-55%-ը ինտելեկտի այս կամ այն չափի խանգարումներ ունեն[13]։

Թեպետ քիչ բան է հայտնի աուտիզմի կենսաբանական հիմքի մասին, հետազոտությունները կառուցվածքային փոփոխություններ են բացահայտել գլխուղեղի որոշակի բաժիններում։ «Սոցիալական» ուղեղում առանձնացված այդ բաժիններն են նշաձև մարմինը, վերին քունքային ակոսը, իլիկաձև գալարը և ակնակապիճ-ճակատային կեղևը։ Հետագա ուսումնասիրությունները դիտարկել են կառուցվածքային փոփոխություններ պոչավոր կորիզում, որը ենթադրաբար կապված է վարքի սահմանափակումների հետ, ինչպես նաև կեղևի գորշ նյութի նշանակալի աճ և ոչ բնորոշ կապեր գլխուղեղի բաժինների միջև[14]։

Կեղծ համոզմունք կա, որ որոշ պատվաստումներ, ինչպես օրինակ ԿԿԽ-ն (կարմրուկ, կարմրախտ և խոզուկ) կարող են աուտիզմի առաջացման պատճառ դառնալ։ Այն ստեղծվել է Էնդրյու Ուեյքֆիլդի հրապարակած հետազոտության հիման վրա, որը խարդախություն է ճանաչվել և ժխտվել է։ Նրա հետազոտության արդյունքները պատճառ են դարձել, որպեսզի որոշ ծնողներ հրաժարվեն պատվաստումներից. մինչդեռ այդ հիվանդությունները կարող են ինտելեկտուալ խանգարումներ առաջացնել կամ անգամ մահվան պատճառ դառնալ։ Պնդումը, որ որոշ պատվաստումներ կարող են աուտիզմ առաջացնել չեն հաստատվել բազմաթիվ մեծածավալ հետազոտությունների արդյունքում, որոնք իրականացվել են Ճապոնիայում, Միացյալ նահանգներում և այլ երկրներում[15]։

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմը հիմնականում ախտորոշվում է 35 ամսականում, շատ ավելի վաղ՝ քան Ասպերգերի համախտանիշը։ Այս երևույթն ամենայն հավանականությամբ կապված է խոսքի և լեզվական կարողությունների վաղ հապաղման հետ։ Թեև չկա մեկ ընդունված չափանիշ բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման համար, վաղ հայտնաբերման համար կիրառվող ամենատարածված գործիքները սոցիալական փոխազդեցության հարցարաններն են։ Եթե թեստի արդյունքները աուտիզմի սպեկտրի խանգարումներ են հայտնաբերում, համապարփակ գնահատումը կարող է բերել բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման։ Աուտիզմի ախտորոշման համար հաշվի առնվող առանձնահատկություններից են տեսողական (աչքի) կոնտակտի պակասը, ցուցամատով մատնացույց անելու բացակայությունը և սոցիալական փոխազդեցությունների դժվարությունները[15]։ Աուտիզմի ախտորոշման հարցազրույցը (վերանայված) և Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցը ախտորոշիչ գործընթացում օգտագործվող հիմնական գործիքներն են[2]։

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ կապված սոցիալական փոխազդեցությունների տարբեր ոճերի երկու դասակարգում գոյություն ունի։ Առաջինն ակտիվ-տարօրինակ սոցիալական փոխազդեցության ոճն է, որը բնորոշվում է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի նշաններով, աղքատ կատարողականությամբ և հոգեսոցիալական խնդիրներով։ Նյարդային ազդակները կառավարելու դժվարությունը կարող է բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող որոշ երեխաների մոտ ակտիվ-տարօրինակ սոցիալական վարքերի գոյության պատճառ դառնալ։ Սոցիալական փոխազդեցության երկրորդ տեսակը պասիվ ոճն է։ Այս մեկուսացած ոճը բնութագրվում է սոցիալական նախաձեռնությունների պակասով և հավանականորեն առաջանում է սոցիալական տագնապի հետևանքով[3]։

Միջամտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի միջամտություններն ավելի շատ հասցեագրված են առանձին նշաններին, քան ընդհանուր վիճակին։ Օրինակ, հաճախ բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ զուգակցված տագնապայնությունը նվազեցնելուն ուղղված հիմնական միջամտությունը կոգնիտիվ վարքային թերապիան է։ Թեպետ սա փորձարկված և ընդունված միջամտություն է տագնապային խանգարման ժամանակ, այն լիարժեքորեն չի համապատասխանում բարձր ֆունկցիոնալ աուտիզմի նշանների հետ զուգակցված կարիքներին։ Կոգնիտիվ վարքային թերապիայի վերանայված տարբերակում ծնողները և ուսուցիչները գործում են որպես սոցիալական քոաչներ՝ երեխաներին և պատանիներին օգնելով հաղթահարել իրենց առջև ծագող խնդիրները։ Բազմաթիվ փորձեր են արվել ապացուցելու, որ ծնողների ներգրավումը բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ կապված տագնապայնություն ունեցող երեխաների կյանքում մեծ կարևորություն ունի[10]։

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդկանց աջակցության եզակի միջամտության եղանակ գոյություն չունի։ Այնուամենայնիվ կան պրոակտիվ ռազմավարություններ, ինչպիսիք են ինքնասպասարկումը և ինքնակառավարումը, որոնք նախատեսված են պահպանելու կամ փոխելու վարքերը՝ բարձր ֆունկցիոնալ աուտիզմով ապրելն ավելի հեշտ դարձնելու համար։ Ինքնակառավարման ռազմավարությունների նպատակը ինքնակարգավորման վարքի համար անհրաժեշտ հմտությունների սովորեցումն է, որը հանգեցնում է անկախության ավելի բարձր մակարդակի։ Ինքնակառավարման հմտությունների զարգացումը թույլ է տալիս անձին ավելի ինքնավստահ լինել, քան խորհրդատվության կամ վերահսկողության արտաքին աղբյուրից կախվածություն ունենալու դեպքում։ Ինքնակարգավորումը կոշտ կառուցվածք չունեցող ոլորտ է՝ նախատեսված խթանելու անկախությունը և ինքնակառավարումը։ Ինքնակարգավորումը կիրառելի ռազմավարություն չէ բոլորի համար։ Այն պահանջում է բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անձնավորության ուշադրությունն ու նպատակաուղղված աշխատանքը, ինչպես նաև առաջընթացի անհատական տեսլականը։

Ինքնակարգավորման ոլորտները հետևյալներն են.

  • Որոշել թիրախային դրական վարքերը
    • Այլընտրանքային վարքերի ստեղծումը, որոնք դրական/կառուցողական են
  • Ստեղծել ինքնակառավարման գրանցման թերթիկը
    • Մարդը կարող է վստահ լինել, որ չի շեղվել դրված նպատակների ճանապարհից
  • Նպատակներ դնել և պահպանել դրանք

Ինքնակարգավորման նպատակը ինքնուրույն առանց հուշումների ինքնակարգավորման ուժեղացնումն է[16]։

Ֆունկցիոնալության պիտակների քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտիզմի հետ կապված իրավունքների բազմաթիվ ակտիվիստներ անհամաձայնություն են հայտնում «բարձր ֆունկցիոնալ աուտիզմ» և «ցածր ֆունկցիոնալ աուտիզմ» դասակարգումների գործածման վերաբերյալ, պնդելով, որ «ցածր ֆունկցիոնալ» պիտակը պատճառ է դառնում երեխայից քիչ սպասումների ձևավորման և նրան որպես նվազ կարողունակ դառնալու[17]։ Ավելին, ֆունկցիոնալության պիտակների քննադատները պնդում են, որ անձնավորության ֆունկցիոնալությունը կարող է օրից օր տատանվել, իսկ դասակարգումներն այս հանգամանքն ի նկատի չեն առնում[18][19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sanders, James Ladell (2009). «Qualitative or Quantitative Differences Between Asperger's Disorder and Autism? Historical Considerations». Journal of Autism and Developmental Disorders. 39 (11): 1560–1567. doi:10.1007/s10803-009-0798-0. ISSN 0162-3257. PMID 19548078.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Carpenter, Laura Arnstein; Soorya, Latha; Halpern, Danielle (2009). «Asperger's Syndrome and High-Functioning Autism». Pediatric Annals. 38 (1): 30–5. doi:10.3928/00904481-20090101-01.
  3. 3,0 3,1 Sanders, J (2009). «Qualitative or quantitative differences between Asperger's disorder and autism? Historical considerations». Journal of Autism & Developmental Disorders. 39 (11): 1560–1567. doi:10.1007/s10803-009-0798-0. PMID 19548078.
  4. Ann X. Huang,, John J. Wheeler (Vol21 No.2 2006). «HIGH-FUNCTIONAL AUTISM: AN OVERVIEW OF CHARACTERISTICS AND RELATED ISSUES» (PDF). INTERNATIONAL JOURNAL OF SPECIAL EDUCATION. Վերցված է 28.02.2019-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. Tsai, Luke Y. (2013). «Asperger's Disorder will be Back». Journal of Autism and Developmental Disorders. 43 (12): 2914–2942. doi:10.1007/s10803-013-1839-2. ISSN 0162-3257.
  6. Asperger's Disorder Արխիվացված 2013-05-20 Wayback MachineDiagnostic and Statistical Manual of Mental Disorders Fourth edition Text Revision (DSM-IV-TR) American Psychiatric Association (2000)
  7. T. Attwood, Is There a Difference Between Asperger's Syndrome and High Functioning Autism? Արխիվացված 2007-08-09 Wayback MachineԿաղապար:MEDRS
  8. Rinehart, NJ; Bradshaw, JL; Brereton, AV; Tonge, BJ (2002). «Lateralization in individuals with high-functioning autism and Asperger's disorder: A frontostriatal model». Journal of Autism and Developmental Disorders. 32 (4): 321–331. doi:10.1023/A:1016387020095. PMID 12199137.
  9. Mazefsky, Carla A.; Oswald, Donald P. (2006). «Emotion Perception in Asperger's Syndrome and High-functioning Autism: The Importance of Diagnostic Criteria and Cue Intensity». Journal of Autism and Developmental Disorders. 37 (6): 1086–95. doi:10.1007/s10803-006-0251-6. PMID 17180461.
  10. 10,0 10,1 Reaven, Judy (2011). «The treatment of anxiety symptoms in youth with high-functioning autism spectrum disorders: Developmental considerations for parents». Brain Research. 1380: 255–63. doi:10.1016/j.brainres.2010.09.075. PMID 20875799.
  11. 11,0 11,1 Mazzone, Luigi; Ruta, Liliana; Reale, Laura (2012). «Psychiatric comorbidities in asperger syndrome and high functioning autism: Diagnostic challenges». Annals of General Psychiatry. 11 (1): 16. doi:10.1186/1744-859X-11-16. PMC 3416662. PMID 22731684.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  12. «ScienceDirect». www.sciencedirect.com. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  13. Newschaffer, Craig J.; Croen, Lisa A.; Daniels, Julie; Giarelli, Ellen; Grether, Judith K.; Levy, Susan E.; Mandell, David S.; Miller, Lisa A.; Pinto-Martin, Jennifer; Reaven, Judy; Reynolds, Ann M.; Rice, Catherine E.; Schendel, Diana; Windham, Gayle C. (2007). «The Epidemiology of Autism Spectrum Disorders*». Annual Review of Public Health. 28 (1): 235–258. doi:10.1146/annurev.publhealth.28.021406.144007. ISSN 0163-7525. PMID 17367287.
  14. Spencer, Michael; Stanfield, Andrew; Johnstone, Eve (2011). «Brain imaging and the neuroanatomical correlates of autism». In Roth, Ilona; Rezaie, Payam (eds.). Researching the Autism Spectrum. էջեր 112–55. doi:10.1017/CBO9780511973918.006. ISBN 978-0-511-97391-8.
  15. 15,0 15,1 Klin, Ami (2006). «Autismo e síndrome de Asperger: Uma visão geral» [Autism and Asperger syndrome: an overview]. Revista Brasileira de Psiquiatria (Portuguese). 28: S3–11. doi:10.1590/S1516-44462006000500002. PMID 16791390.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Wilkinson, L. A. (2008). «Self-Management for Children with High-Functioning Autism Spectrum Disorders». Intervention in School and Clinic. 43 (3): 150–7. doi:10.1177/1053451207311613.
  17. «More Problems with Functioning Labels». Ollibean (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. «Identity-First Autistic». Identity-First Autistic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. Amythest Schaber (2014-04-03), Ask an Autistic #8 - What About Functioning Labels?, Վերցված է 2017-12-29-ին