Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ (ԲՖԱ), հասկացություն, որը գործածվում է աուտիզմ ունեցող այն անձանց վերաբերյալ, որոնք ենթադրաբար իմացական առումով ավելի «բարձր ֆունկցիոնալ» են (ինտելեկտի գործակիցը 70 և բարձր), քան աուտիզմ ունեցող մյուս մարդիկ[1][2]: Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ կարող են դժվարություններ ունենալ հաղորդակցման, հույզերի ճանաչման և սոցիալական փոխազդեցության ոլորտներում[3]: Թեպետ շատ հետազոտողներ կարևորում են աուտիզմի ենթադասակարգերի հետագա զարգացումը, մինչ օրս բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման ստանդարտացված կամ պաշտոնական չափորոշիչներ գոյություն չունեն[4]: Բարձր ֆունկցիոնալ աուտիզմն ընդունված ախտորոշում չէ ո՛չ մտավոր և հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրական հաշվառման ձեռնարկ-5, ո՛չ հիվանդությունների միջազգային դասակարգում-10 չափանիշներով:

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի և Ասպերգերի համախտանիշի միջև համընկումները գիտական քննարկումների և բանավեճերի առարկա են[5]:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմը բնորոշվում է առանձնահատկություններով, որոնք շատ մոտ են Ասպերգերի համախտանիշին: Հոգեբանների կողմից լայնորեն ընդունված վճռորոշ հատկանիշը վաղ խոսքի և լեզվական հմտությունների նշանակալի հապաղումն է մինչև երեք տարեկանը[2]: Ասպերգերի համախտանիշի ախտորոշման չափանիշը բացառում է խոսքի ընդհանուր հապաղումը[6]:

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ և Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց առանձնահատկությունների մյուս տարբերությունները հետևյալներն են[2][7][8][9].

  • Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ խոսքային հիմնավորման ավելի ցածր կարողություն ունեն
  • Տեսողական և տարածական ավելի լավ հմտություններ (ինտելեկտի բարձր գործակից), քան Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդիկ
  • Տեղաշարժման կարողության ավելի քիչ շեղում, քան Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ
  • Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ ավելի հաճախ են դժվարանում անկախ և ինքնուրույն գործել
  • Հետաքրքրվածություն և ոգևորություն բազմաթիվ տարբեր առարկաներով/թեմաներով՝ ի հակադրություն Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց
  • Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդիկ ավելի լավ են ապրումակցում մյուսներին
  • Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ժամանակ արական/իգական հարաբերակցությունը 4:1 է, որը շատ ավելի փոքր է, քան Ասպերգերի համախտանիշի ժամանակ:

Աուտիզմի սպեկտրի խանգարում, այդ թվում բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդիկ ենթակա են տագնապային խանգարման վտանգին: Թեև տագնապային խանգարումը հոգեկան առողջության ամենահաճախ հանդիպող ախտանշաններից է, բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող երեխաներն ու մեծահասակները դրա զարգացման առաջացման ամենաբարձր վտանգի տակ են[10]: Որպես առաջնային խանգարում բարձր ֆունկցիոնալ աուտիզմին զուգակցված այլ՝ մեկ կամ մի քանի խանգարումներ կան: Դրանց թվին են պատկանում դեպրեսիան, երկբևեռ խանգարումը և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը: Մասնավորապես ուսումնասիրվել է բարձր ֆունկցիոնալ աուտիզմի և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման փոխկապվածությունը. երկուսն էլ կապված են սերոտոնինի քանակի չկարգավորվածության հետ[11]:

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ զուգակցված դիտարկելի խանգարումներ են ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, Տուրետի համախտանիշը, ինչպես նաև հնարավոր անօրինական վարքագիծը[11]: Մասնավորապես քրեական վարքի հետ փոխկապվածության ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման տարիքը, ֆիզիկական բռնությունը և արհամարհական վերաբերմունքը քրեական վարքի կանխատեսման էական ցուցիչներ են[12]: Բարձր ֆունկցիոնալ աուտիզմը չի առաջացնում և ոչ էլ ներառում է ինտելեկտի խանգարումներ: Այս առանձնահատկությունն առանձնացնում է բարձր ֆունկցիոնալ աուտիզմը աուտիզմի սպեկտրի մնացած խնդիրներից. աուտիզմ ունեցող անհատների 40-55%-ը ինտելեկտի այս կամ այն չափի խանգարումներ ունեն[13]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ քիչ բան է հայտնի աուտիզմի կենսաբանական հիմքի մասին, հետազոտությունները կառուցվածքային փոփոխություններ են բացահայտել գլխուղեղի որոշակի բաժիններում: «Սոցիալական» ուղեղում առանձնացված այդ բաժիններն են նշաձև մարմինը, վերին քունքային ակոսը, իլիկաձև գալարը և ակնակապիճ-ճակատային կեղևը: Հետագա ուսումնասիրությունները դիտարկել են կառուցվածքային փոփոխություններ պոչավոր կորիզում, որը ենթադրաբար կապված է վարքի սահմանափակումների հետ, ինչպես նաև կեղևի գորշ նյութի նշանակալի աճ և ոչ բնորոշ կապեր գլխուղեղի բաժինների միջև[14]:

Կեղծ համոզմունք կա, որ որոշ պատվաստումներ, ինչպես օրինակ ԿԿԽ-ն (կարմրուկ, կարմրախտ և խոզուկ) կարող են աուտիզմի առաջացման պատճառ դառնալ: Այն ստեղծվել է Էնդրյու Ուեյքֆիլդի հրապարակած հետազոտության հիման վրա, որը խարդախություն է ճանաչվել և ժխտվել է: Նրա հետազոտության արդյունքները պատճառ են դարձել, որպեսզի որոշ ծնողներ հրաժարվեն պատվաստումներից. մինչդեռ այդ հիվանդությունները կարող են ինտելեկտուալ խանգարումներ առաջացնել կամ անգամ մահվան պատճառ դառնալ: Պնդումը, որ որոշ պատվաստումներ կարող են աուտիզմ առաջացնել չեն հաստատվել բազմաթիվ մեծածավալ հետազոտությունների արդյունքում, որոնք իրականացվել են Ճապոնիայում, Միացյալ նահանգներում և այլ երկրներում[15]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմը հիմնականում ախտորոշվում է 35 ամսականում, շատ ավելի վաղ՝ քան Ասպերգերի համախտանիշը: Այս երևույթն ամենայն հավանականությամբ կապված է խոսքի և լեզվական կարողությունների վաղ հապաղման հետ: Թեև չկա մեկ ընդունված չափանիշ բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման համար, վաղ հայտնաբերման համար կիրառվող ամենատարածված գործիքները սոցիալական փոխազդեցության հարցարաններն են: Եթե թեստի արդյունքները աուտիզմի սպեկտրի խանգարումներ են հայտնաբերում, համապարփակ գնահատումը կարող է բերել բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտորոշման: Աուտիզմի ախտորոշման համար հաշվի առնվող առանձնահատկություններից են տեսողական (աչքի) կոնտակտի պակասը, ցուցամատով մատնացույց անելու բացակայությունը և սոցիալական փոխազդեցությունների դժվարությունները[15]: Աուտիզմի ախտորոշման հարցազրույցը (վերանայված) և Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցը ախտորոշիչ գործընթացում օգտագործվող հիմնական գործիքներն են[2]:

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ կապված սոցիալական փոխազդեցությունների տարբեր ոճերի երկու դասակարգում գոյություն ունի: Առաջինն ակտիվ-տարօրինակ սոցիալական փոխազդեցության ոճն է, որը բնորոշվում է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի նշաններով, աղքատ կատարողականությամբ և հոգեսոցիալական խնդիրներով: Նյարդային ազդակները կառավարելու դժվարությունը կարող է բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող որոշ երեխաների մոտ ակտիվ-տարօրինակ սոցիալական վարքերի գոյության պատճառ դառնալ: Սոցիալական փոխազդեցության երկրորդ տեսակը պասիվ ոճն է: Այս մեկուսացած ոճը բնութագրվում է սոցիալական նախաձեռնությունների պակասով և հավանականորեն առաջանում է սոցիալական տագնապի հետևանքով[3]:

Միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմի միջամտություններն ավելի շատ հասցեագրված են առանձին նշաններին, քան ընդհանուր վիճակին: Օրինակ, հաճախ բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ զուգակցված տագնապայնությունը նվազեցնելուն ուղղված հիմնական միջամտությունը կոգնիտիվ վարքային թերապիան է: Թեպետ սա փորձարկված և ընդունված միջամտություն է տագնապային խանգարման ժամանակ, այն լիարժեքորեն չի համապատասխանում բարձր ֆունկցիոնալ աուտիզմի նշանների հետ զուգակցված կարիքներին: Կոգնիտիվ վարքային թերապիայի վերանայված տարբերակում ծնողները և ուսուցիչները գործում են որպես սոցիալական քոաչներ՝ երեխաներին և պատանիներին օգնելով հաղթահարել իրենց առջև ծագող խնդիրները: Բազմաթիվ փորձեր են արվել ապացուցելու, որ ծնողների ներգրավումը բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ կապված տագնապայնություն ունեցող երեխաների կյանքում մեծ կարևորություն ունի[10]:

Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մարդկանց աջակցության եզակի միջամտության եղանակ գոյություն չունի: Այնուամենայնիվ կան պրոակտիվ ռազմավարություններ, ինչպիսիք են ինքնասպասարկումը և ինքնակառավարումը, որոնք նախատեսված են պահպանելու կամ փոխելու վարքերը՝ բարձր ֆունկցիոնալ աուտիզմով ապրելն ավելի հեշտ դարձնելու համար: Ինքնակառավարման ռազմավարությունների նպատակը ինքնակարգավորման վարքի համար անհրաժեշտ հմտությունների սովորեցումն է, որը հանգեցնում է անկախության ավելի բարձր մակարդակի: Ինքնակառավարման հմտությունների զարգացումը թույլ է տալիս անձին ավելի ինքնավստահ լինել, քան խորհրդատվության կամ վերահսկողության արտաքին աղբյուրից կախվածություն ունենալու դեպքում: Ինքնակարգավորումը կոշտ կառուցվածք չունեցող ոլորտ է՝ նախատեսված խթանելու անկախությունը և ինքնակառավարումը: Ինքնակարգավորումը կիրառելի ռազմավարություն չէ բոլորի համար: Այն պահանջում է բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անձնավորության ուշադրությունն ու նպատակաուղղված աշխատանքը, ինչպես նաև առաջընթացի անհատական տեսլականը:

Ինքնակարգավորման ոլորտները հետևյալներն են.

  • Որոշել թիրախային դրական վարքերը
    • Այլընտրանքային վարքերի ստեղծումը, որոնք դրական/կառուցողական են
  • Ստեղծել ինքնակառավարման գրանցման թերթիկը
    • Մարդը կարող է վստահ լինել, որ չի շեղվել դրված նպատակների ճանապարհից
  • Նպատակներ դնել և պահպանել դրանք

Ինքնակարգավորման նպատակը ինքնուրույն առանց հուշումների ինքնակարգավորման ուժեղացնումն է[16]:

Ֆունկցիոնալության պիտակների քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտիզմի հետ կապված իրավունքների բազմաթիվ ակտիվիստներ անհամաձայնություն են հայտնում «բարձր ֆունկցիոնալ աուտիզմ» և «ցածր ֆունկցիոնալ աուտիզմ» դասակարգումների գործածման վերաբերյալ, պնդելով, որ «ցածր ֆունկցիոնալ» պիտակը պատճառ է դառնում երեխայից քիչ սպասումների ձևավորման և նրան որպես նվազ կարողունակ դառնալու[17]: Ավելին, ֆունկցիոնալության պիտակների քննադատները պնդում են, որ անձնավորության ֆունկցիոնալությունը կարող է օրից օր տատանվել, իսկ դասակարգումներն այս հանգամանքն ի նկատի չեն առնում[18][19]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sanders James Ladell (2009)։ «Qualitative or Quantitative Differences Between Asperger’s Disorder and Autism? Historical Considerations»։ Journal of Autism and Developmental Disorders 39 (11): 1560–1567։ ISSN 0162-3257։ PMID 19548078։ doi:10.1007/s10803-009-0798-0 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Carpenter Laura Arnstein, Soorya Latha, Halpern Danielle (2009)։ «Asperger's Syndrome and High-Functioning Autism»։ Pediatric Annals 38 (1): 30–5։ doi:10.3928/00904481-20090101-01 
  3. 3,0 3,1 Sanders J (2009)։ «Qualitative or quantitative differences between Asperger's disorder and autism? Historical considerations»։ Journal of Autism & Developmental Disorders 39 (11): 1560–1567։ PMID 19548078։ doi:10.1007/s10803-009-0798-0 
  4. Ann X. Huang, John J. Wheeler (Vol21 No.2 2006)։ «HIGH-FUNCTIONAL AUTISM: AN OVERVIEW OF CHARACTERISTICS AND RELATED ISSUES»։ INTERNATIONAL JOURNAL OF SPECIAL EDUCATION։ Վերցված է 28.02.2019 
  5. Tsai Luke Y. (2013)։ «Asperger’s Disorder will be Back»։ Journal of Autism and Developmental Disorders 43 (12): 2914–2942։ ISSN 0162-3257։ doi:10.1007/s10803-013-1839-2 
  6. Asperger's Disorder Archived 2013-05-20 at the Wayback Machine. – Diagnostic and Statistical Manual of Mental Disorders Fourth edition Text Revision (DSM-IV-TR) American Psychiatric Association (2000)
  7. T. Attwood, Is There a Difference Between Asperger's Syndrome and High Functioning Autism? Archived 2007-08-09 at the Wayback Machine.Կաղապար:MEDRS
  8. Rinehart NJ, Bradshaw JL, Brereton AV, Tonge BJ (2002)։ «Lateralization in individuals with high-functioning autism and Asperger's disorder: A frontostriatal model»։ Journal of Autism and Developmental Disorders 32 (4): 321–331։ PMID 12199137։ doi:10.1023/A:1016387020095 
  9. Mazefsky Carla A., Oswald Donald P. (2006)։ «Emotion Perception in Asperger's Syndrome and High-functioning Autism: The Importance of Diagnostic Criteria and Cue Intensity»։ Journal of Autism and Developmental Disorders 37 (6): 1086–95։ PMID 17180461։ doi:10.1007/s10803-006-0251-6 
  10. 10,0 10,1 Reaven Judy (2011)։ «The treatment of anxiety symptoms in youth with high-functioning autism spectrum disorders: Developmental considerations for parents»։ Brain Research 1380: 255–63։ PMID 20875799։ doi:10.1016/j.brainres.2010.09.075 
  11. 11,0 11,1 Mazzone Luigi, Ruta Liliana, Reale Laura (2012)։ «Psychiatric comorbidities in asperger syndrome and high functioning autism: Diagnostic challenges»։ Annals of General Psychiatry 11 (1): 16։ PMC 3416662։ PMID 22731684։ doi:10.1186/1744-859X-11-16 
  12. «ScienceDirect»։ www.sciencedirect.com։ Վերցված է 2019-03-01 
  13. Newschaffer Craig J., Croen Lisa A., Daniels Julie, Giarelli Ellen, Grether Judith K., Levy Susan E., Mandell David S., Miller Lisa A., Pinto-Martin Jennifer, Reaven Judy, Reynolds Ann M., Rice Catherine E., Schendel Diana, Windham Gayle C. (2007)։ «The Epidemiology of Autism Spectrum Disorders*»։ Annual Review of Public Health 28 (1): 235–258։ ISSN 0163-7525։ PMID 17367287։ doi:10.1146/annurev.publhealth.28.021406.144007 
  14. Spencer Michael, Stanfield Andrew, Johnstone Eve (2011)։ «Brain imaging and the neuroanatomical correlates of autism»։ in Roth Ilona, Rezaie Payam։ Researching the Autism Spectrum։ էջեր 112–55։ ISBN 978-0-511-97391-8։ doi:10.1017/CBO9780511973918.006 
  15. 15,0 15,1 Klin Ami (2006)։ «Autismo e síndrome de Asperger: Uma visão geral» [Autism and Asperger syndrome: an overview]։ Revista Brasileira de Psiquiatria (Portuguese) 28: S3–11։ PMID 16791390։ doi:10.1590/S1516-44462006000500002 
  16. Wilkinson L. A. (2008)։ «Self-Management for Children with High-Functioning Autism Spectrum Disorders»։ Intervention in School and Clinic 43 (3): 150–7։ doi:10.1177/1053451207311613 
  17. «More Problems with Functioning Labels»։ Ollibean (en-US)։ 2013-09-26։ Վերցված է 2017-12-29 
  18. «Identity-First Autistic»։ Identity-First Autistic։ Արխիվացված օրիգինալից 2017-12-30-ին։ Վերցված է 2017-12-29 
  19. Amythest Schaber (2014-04-03), Ask an Autistic #8 - What About Functioning Labels?, https://www.youtube.com/watch?v=RLJXqlOPZ5U, վերցված է 2017-12-29