Տերևաթափ ծառ է՝ մինչև 25-35 մ բարձրությամբ, 1-1,5 մ բնի տրամագծով և լայն բրգաձև սաղարթով, որը կազմված է բարակ ճյուղերից։ Բնի ներքևի մասը ծածկված է մուգ մոխրագույն, ճաքճքված կեղևով։ Ընձյուղները ձիթագույն են, սկզբնական շրջանում անկյունավոր, ավելի ուշ՝ գլանաձև։ Բողբոջները խոշոր են, սրածայր, գորշավուն գագաթով։ Տերևները ձվաձև են, երկարավուն գագաթով, 8-15 սմ երկարությամբ և 5-7 սմ լայնությամբ, վերևի կողմից բաց կանաչավուն, փայլուն, 270 ներքևի կողմից ավելի բաց գույնի և անփայլ, սղոցաեզր, երկարացած ընձյուղների վրա ալիքավոր։ Տերևակոթունները տափակ են, կողքերից սեղմված։
Հիբրիդային ծագում ունի։ Ստացվել է Բեռլինի բուսաբանական այգում բրգաձև և դափնետերև բարդիների տրամախաչումից։ Լայնորեն է տարածված երկրագնդի բարեխառն գոտում։ Հայաստանում առայժմ քիչ է տարածված, չնայած մեծ հեռանկար ունի որպես արագաաճ և բարձր դեկորատիվ ծառատեսակ։ Աչքի է ընկնում նաև մեծ գազադիմացկունությամբ և լավ է հարմարվել քաղաքների յուրահատուկ պայմաններին[1]։