Jump to content

Բարդի բեռլինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդի բեռլինյան
Բարդի բեռլինյան
Բարդի բեռլինյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Բարդի բեռլինյան (P. ×)
Միջազգային անվանում
Populus × berolinensis

Բարդի բեռլինյան (լատին․՝ Populus berolinensis), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ մինչև 25-35 մ բարձրությամբ, 1-1,5 մ բնի տրամագծով և լայն բրգաձև սաղարթով, որը կազմված է բարակ ճյուղերից։ Բնի ներքևի մասը ծածկված է մուգ մոխրագույն, ճաքճքված կեղևով։ Ընձյուղները ձիթագույն են, սկզբնական շրջանում անկյունավոր, ավելի ուշ՝ գլանաձև։ Բողբոջները խոշոր են, սրածայր, գորշավուն գագաթով։ Տերևները ձվաձև են, երկարավուն գագաթով, 8-15 սմ երկարությամբ և 5-7 սմ լայնությամբ, երկարացած ընձյուղների վրա ալիքավոր։ Տերևակոթունները տափակ են, կողքերից սեղմված, մանր ատամնասղոցաեզր, նոր բացված ժամանակ կպչուն, հետագայում մերկ և հարթ, վերևի կողմից փայլուն, մուգ կանաչ, ներքևի կողմից ավելի բաց գույնի և հարթ։ Տերևակոթունները գլանաձև են, սկզբում մազմզուկապատ, հետագայում՝ մերկ։ Կատվիկների երկարությունը հասնում է մինչև 15 սմ-ի, մերկ են։ Ծաղկակից թեփուկները կլորավուն են, հարթ, գանգրաեզր, վաղ են թափվում։ Առէջների թիվը հասնում է 20-30-ի։ Վարսանդի սպին բաց կարմրավուն է։ Պտղատերևը ձվաձև է, սրածայր, 2 փեղկանի, բաց գորշավուն, մինչև 6 սմ երկարությամբ։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիսին։ Բազմանում է կտրոններով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբրիդային ծագում ունի։ Ստացվել է Բեռլինի բուսաբանական այգում բրգաձև և դափնետերև բարդիների տրամախաչումից։ Լայնորեն է տարածված երկրագնդի բարեխառն գոտում։ Հայաստանում առայժմ քիչ է տարածված, չնայած մեծ հեռանկար ունի որպես արագաաճ և բարձր դեկորատիվ ծառատեսակ։ Աչքի է ընկնում նաև մեծ գազադիմացկունությամբ և լավ է հարմարվել քաղաքների յուրահատուկ պայմաններին[1], լավ է հարմարվել, ընդ որում հաջողությամբ է աճում անգամ բարձրլեռնային պայմաններում, որտեղ երբեք չի ցրտահարվում և էկոլոգիական ճնշվածության նշաններ հանդես չի բերում[2]։

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, համարյա ամբողջ Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում։ Աճում է գետահովիտներում և գետակների ափերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (270)։
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 269։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի բեռլինյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի բեռլինյան» հոդվածին։