Jump to content

Բարդացած ծննդաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդացած ծննդաբերություն
Labor impeditus
Վիճակ, երբ երեխան դուրս չի կարողանում գալ կոնքի խոռոչից, քանի որ այն ֆիզիկապես արգելափակված է ծննդաբերության ժամանակ, թեև արգանդը, սովորաբար, բավարար կծկվում է։
ՊատճառԲարդացած ծննդաբերության հիմնական պատճառները ներառում են խոշոր պտղի առկայությունը կամ պտղի ոչ նորմալ դիրքավորումը, նեղ կոնքը և ծննդաբերական ուղիների հետ կապված խնդիրներ։
Հիվանդության ախտանշաններՁգձգված ծննդաբերություն
ՀետևանքԵրեխայի համար բարդությունները ներառում են թթվածնի անբավարար ընդունումը՝ հիպօքսիան , ինչը կարող է հանգեցնել պտղի մահվան։
ԲուժաքննությունԿոնքաչափում
Բժշկական մասնագիտությունՄանկաբաևձություն և գինեկոլոգիա
ՀՄԴ-9661.9, 660 և 660.9
ՀՄԴ-10O66
ՀոմանիշներԾննդաբերության դիստոցիա
ԱխտորոշումՖիզիկալ զննում, պատրոգրամմայի ուսումնասիրություն
ԲուժումԿեսարյան հատում[1]
ԲարդություններՊերինատալ ասֆիքսիա, արգանդի պատռված, հետծննդյան արյունահոսություն և ինֆեկցում
ՏևողությունԾննդաբերության ակտիվ փուլը տևում է 12 ժամից ավելի։
 Obstructed labour Վիքիպահեստում

Բարդացած ծննդաբերություն, հայտնի է որպես ծննդաբերության դիստոցիա, վիճակ, երբ երեխան չի կարողանում դուրս գալ կոնքի խոռոչից, քանի որ այն ֆիզիկապես արգելափակված է ծննդաբերության ժամանակ, թեև արգանդը, սովորաբար, բավարար կծկվում է[2]։ Երեխայի համար բարդությունները ներառում են թթվածնի անբավարար ընդունումը՝ հիպօքսիան, ինչը կարող է հանգեցնել պտղի մահվան[3]։ Այն մեծացնում է մոր վարակվելու, արգանդի պատռման կամ հետծննդաբերական արյունահոսության վտանգը[3]։ Երկարատև բարդությունները մոր համար ներառում են մանկաբարձական ֆիստուլայի առաջացումը[2]։ Բարդացած ծննդաբերությունը հանգեցնում է ծննդաբերության երկարաձգման, ինչի արդյունքում ծննդաբերության ակտիվ փուլը տևում է 12 ժամից ավելի[2]։

Բարդացած ծննդաբերության հիմնական պատճառները ներառում են խոշոր պտղի առկայությունը կամ պտղի ոչ նորմալ դիրքավորումը, նեղ կոնքը և ծննդաբերական ուղիների հետ կապված խնդիրներ[2]։ Անոմալ դիրքավորումը ներառում է ուսերի դիստոցիան, որի դեպքում առաջային ուսը հեշտությամբ չի անցնում ցայլոսկրից ներքև[2]։ Նեղ կոնքի ռիսկի գործոնները ներառում են թերսնուցումը և արևային ճառագայթների անբավարար ազդեցությունը, ինչը հանգեցնում է վիտամին Դ-ի պակասի[4]։ Այն նաև ավելի տարածված է դեռահասության շրջանում, քանի որ հնարավոր է կոնքը դեռ ամբողջությամբ ձևավորված չլինի այդ ժամանակ ծննդաբերելիս[3]։ Ծննդաբերական ուղիների հետ կապված խնդիրները ներառում են նեղ հեշտոցը և շեքը, որոնք կարող են պայմանավորված լինել կանանց սեռական օրգանների խեղմամբ թլպատման հետևանքով կամ ուռուցքներով[2]։ Պարտոգրամման հաճախ օգտագործվում է ծննդաբերական գործունեության ընթացքին հետևելու և առկա խնդիրները ախտորոշելու համար[3]։ Սա ֆիզիկական զննման հետ համատեղ կարող է բացահայտել բարդացած ծննդաբերությունը[5]։

Բարդացած ծննդաբերության բուժումը կարող է պահանջել կեսարյան հատում կամ պտղի վակուում էքստրակցիա՝ ցայլային համաճոնի հնարավոր վիրահատական բացմամբ՝ պելվիոտոմիայով[6]։ Այլ գործողությունները ներառում են՝ կանանց բավարար հիդրատացիայի ապահովումը և հակաբիոտիկների օգտագործումը, եթե պտղաթաղանթները պատռվել են ավելի քան 18 ժամ առաջ[6]։ Աֆրիկայում և Ասիայում բարդացած ծննդաբերությունը հանդիպում է ծննդաբերությունների 2–5 %–ի դեպքում[7]։ 2015 թվականին գրանցվել է բարդացած ծննդաբերության կամ արգանդի պատռման մոտ 6,5 միլիոն դեպք[8]։ Սա հանգեցրել է 23,000 մայրական մահվան՝ 1990 թվականի 29,000 մահվան համեմատ (հղիության հետ կապված բոլոր մահերի մոտ 8%-ը)[2][9][10]։ Այն նաև մեռելածնության հիմնական պատճառներից է[11]։ Այս ախտաբանության պատճառով մահացությունների մեծ մասը տեղի է ունենում զարգացող երկրներում[3]։

Բարդացած ծննդաբերության հիմնական պատճառները ներառում են խոշոր պտղի առկայությունը, պտղի ոչ նորմալ դիրքը և ծննդաբերական ուղիների հետ կապված խնդիրները[2]։ Պտղի և՛ չափսերը, և՛ դիրքը կարող են բարդացնել ծննդաբերությունը։ Պտղի ոչ նորմալ դիրքը ներառում է ուսերի դիստոցիան, որի պարագայում առաջային ուսը հեշտությամբ չի անցնում ցայլոսկրից ներքև[2]։ Մոր նեղ կոնքը կարող է լինել բազմաթիվ գործոնների հետևանք։ Նեղ կոնքի ռիսկի գործոնները ներառում են թերսնուցումը և արևի լույսի պակասը, ինչը հանգեցնում է վիտամին D-ի պակասի[4]։ Կալցիումի պակասը նույնպես կարող է հանգեցնել նեղ կոնքի, քանի որ կոնքի ոսկորների կառուցվածքը թույլ կլինի կալցիումի բացակայության պատճառով[12]։ Առկա է կապ մոր հասակի և կոնքի չափի միջև և դա կարող է օգտագործվել՝ կանխատեսելու ծննդաբերության բարդացման հավանականությունը։ Այս հարաբերությունը մոր առողջ սնուցման արդյունքն է իր ողջ կյանքի ընթացքում՝ մինչև ծննդաբերությունը[3]։ Ավելի երիտասարդ մայրերը նույնպես ավելի մեծ ռիսկի են ենթարկվում բարդացած ծննդաբերության՝ կոնքի աճի ավարտված չլինելու պատճառով[12]։ Ծննդաբերական ուղիների հետ կապված խնդիրները ներառում են նեղ հեշտոցը և շեքը, որոնք կարող են պայմանավորված լինել կանանց սեռական օրգանների խեղմամբ կամ ուռուցքներով[2]։ Այս բոլոր գործոնները հանգեցնում են ծննդաբերական գործունեության առաջխաղացման ձախողման։

Բարդացած ծննդաբերությունը մարդկանց մոտ ավելի տարածված է, քան ցանկացած այլ տեսակների մոտ, և այսօր էլ շարունակում է մնալ ծննդաբերության բարդությունների հիմնական պատճառը[13]։ Ժամանակակից մարդիկ ձևաբանորեն զարգացել են, որպեսզի գոյատևեն որպես երկոտանիներ, սակայն երկոտանիությունը հանգեցրել է կմախքի փոփոխությունների, որոնք, հետևաբար, նեղացրել են կոնքը և ծննդաբերական ուղիները[14]։ Ուղեղի մեծացման և կոնքի կառուցվածքի փոփոխությունների համադրությունը ժամանակակից մարդու շրջանում բարդացած ծննդաբերության հիմնական պատճառն է։ Երբեմն մարդկանց մոտ ծննդաբերության խանգարումը պայմանավորված է պտղի լայն ուսերով։ Այնուամենայնիվ, կոնքի կառուցվածքի մորֆոլոգիական փոփոխությունները դեռևս պատճառաբանում են պտղի անկարողությունը արդյունավետորեն անցնելու ծննդաբերական ուղիներով առանց լուրջ բարդությունների[15]։

Մյուս պրիմատներն ունեն ավելի լայն և ուղիղ ծննդաբերական ուղիներ, որը թույլ է տալիս պտղին ավելի արդյունավետ անցնել դրանցով[16]։ Ծննդաբերական ուղիների չափի և նորածնի գանգի լայնության և երկարության միջև անհամապատասխանությունը երկոտանի շարժման պահանջների պատճառով հաճախ կոչվում է մանկաբարձական երկընտրանք, քանի որ համեմատած այլ մեծ կապիկների, ժամանակակից մարդիկ ամենամեծ անհամաչափությունն ունեն նորածնի գանգի չափի և ծննդաբերական ուղիների չափի միջև[17]։ Վերին վերջույթների փոքրացումը և ողնաշարի կորությունը նույնպես ազդել են ժամանակակից մարդկանց ծննդաբերության վրա։ Քառոտանի կապիկները ավելի երկար վերին վերջույթներ ունեն, որոնք թույլ են տալիս նրանց ներքև հասնել և առանց օգնության ինքնուրույն դուրս հանել պտուղը ծննդաբերական ուղիներից[15]։ Հնարավոր է, որ ժամանակակից մարդու ավելի կարճ վերին վերջույթները և երկոտանի շարժման էվոլյուցիան են եղել ծննդաբերության ընթացքում օգնության կարիքի պատճառը։ Այս պատճառով, հետազոտողները պնդում են, որ խթանված ծննդաբորությունը կարող է առաջանալ երկոտանիության հետ[15]։ Բարդացած ծննդաբերությունը փաստագրվել է որպես ծննդաբերության բարդություն մանկաբարձության բնագավառի ի հայտ գալու հետ համատեղ։ Ավելի քան 1000 տարի մանկաբարձները ստիպված են եղել բռնի կերպով հեռացնել պտուղը ծննդաբերական ուղիներից, որպեսզի կանխեն մոր մահը[18]։

Մինչև կեսարյան հատման գոյությունը, այն երեխաները, որոնք ծնվել էին բարդացած ծննդաբերության արդյունքում, ունեին գոյատևման ցածր մակարդակ[18]։ Նույնիսկ 21-րդ դարում, եթե բարդացած ծննդաբերության ժամանակ չցուցաբերվի համապատասխան միջամտություններ, ապա դա կարող է հանգեցնել մոր և պտղի մահվան[17]։ Չնայած նրան, որ պտղի վիրահատական հեռացումը բարդացած ծննդաբերության կառավարման նախընտրելի մեթոդն է, ձեռքով հեռացումը բժշկական գործիքների միջոցով նույնպես տարածված է[16]։

Բարդացած ծննդաբերությունը սովորաբար ախտորոշվում է ֆիզիկալ հետազոտության հիման վրա[5]։ Ուլտրաձայնային հետազոտությունը կարող է օգտագործվել պտղի սխալ դիրքն ու դրությունը կանխատեսելու համար[12]։ Երբ ծննդաբերությունը սկսվում է, պարբերաբար հետազոտվում է արգանդի վզիկի վիճակը և հետագա բոլոր համեմատություններն կատարվում են վզիկի սկզբնական վիճակի հետ։ Արգանդի վզիկի գնահատման և մոր վիճակի համեմատության շնորհիվ հնարավոր է ախտորոշել բարդացած ծննդաբերությունը[3]։ Ծննդաբերության ավելի երկար ժամանակահատվածը ցույց է տալիս նաև մեխանիկական խնդիր, որը խանգարում է պտղի արգանդից դուրս գալուն[3]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համապատասխան առողջապահական ծառայությունների հասանելիությունը կարող է նվազեցնել բարդացած ծննդաբերությունների տարածվածությունը[12]։ Ավելի քիչ զարգացած հատվածներում առկա են անբավարար առողջապահական ծառայություններ՝բարդացած ծննդաբերություններ սպասարկելու համար, ինչը հանգեցնում է ավելի քիչ զարգացած հատվածներում բարդացած ծննդաբերության տարածվածության։ Կանանց սնուցման բարելավումը, ինչպես հղիությունից առաջ, այնպես էլ հղիության ընթացքում, կարևոր է բարդացած ծննդաբերության ռիսկը նվազեցնելու համար[12]։ Վերարտադրողականության վերաբերյալ կրթական ծրագրերի ստեղծումը և զարգացող տարածքներում վերարտադրողական ծառայությունների հասանելիության բարձրացումը, ինչպիսիք են հակաբեղմնավորումը և ընտանիքի պլանավորումը, կարող են նաև նվազեցնել բարդացած ծննդաբերության տարածվածությունը[19]։

Նախքան վիրաբուժական տարբերակները քննարկելը, ծննդաբերության ընթացքում մոր դիրքը փոխելը կարող է օգնել ծննդաբերության առաջընթացին[19]։ Բարդացած ծննդաբերության բուժումը կարող է պահանջել կեսարյան հատում կամ վակուումային հեռացում` ցայլային համաճոնի՝ սիմֆիզի հնարավոր վիրահատական բացմամբ[6]։ Կեսարյան հատումը ինվազիվ մեթոդ է, բայց հաճախ միակ մեթոդն է, որը կփրկի ինչպես մոր, այնպես էլ պտղի կյանքը[19]։ Պելվիոտոմիան սիմֆիզի վիրահատական հատումն է։ Այս պրոցեդուրան կարող է ավարտվել ավելի արագ, քան կեսարյան հատումը և չի պահանջում անզգայացում՝ դարձնելով այն ավելի մատչելի տարբերակ ոչ առաջադեմ բժշկական տեխնոլոգիաներով վայրերում[19]։ Այդ միջամտության առավելությունն այն է, որ արգանդի վրա սպի չի մնում, ինչն էլ հետագա հղիությունները և ծննդաբերությունները դարձնում է ավելի ապահով մոր համար[3]։

Բարդացած ծննդաբերության բուժման մեջ հաջորդ կարևոր գործոնը մոր բավարար հիդրատացիան և էներգիայով ապահովումն է[12]։ Արգանդի կծկումները պահանջում են մեծ քանակությամբ էներգիա, հետևաբար ինչքան երկարատև է ծննդաբերությունը, այնքան շատ էներգիա է պետք։ Երբ կինն արդեն սպառված է լինում, կծկանքները դառնում են ավելի թույլ և ծննդաբերությունը աստիճանաբար երկարում է[3]։ Հակաբիոտիկները ևս անհրաժեշտ են բարդացած և ձգձգված ծննդաբերությունների պարագայում[12]։

Եթե կեսարյան հատումը ժամանակին է իրականացվում, ապա կանխատեսումը լավ է[3]։ Երկարատև բարդացած ծննդաբերությունը կարող է հանգեցնել մեռելածնության, մանկաբարձական ֆիստուլայի առաջացման և մոր մահվան[20]։ Պտղի մահը կարող է առաջանալ ասֆիքսիայի պատճառով[3]։ Բարդացած ծննդաբերությունը արգանդի պատռման հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում[3]։ Մայրական մահը կարող է առաջանալ արգանդի պատռվածքի, կեսարյան հատման ընթացքում առաջացած բարդությունների կամ սեպսիսի հետևանքով[19]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-ին դա հանգեցրեց 19,000 մայրական մահվան՝ 1990-ի 29,000 մահվան համեմատ[21]։ Համաշխարհային մասշտաբով, բարդացած ծննդաբերությունը կազմում է մայրական մահերի 8%-ը[22]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստոցիա բառը նշանակում է «դժվար ծննդաբերություն»[3]։ Դրա հականիշն է էուտոկիան՝ (հին հունարեն՝ εὖ, eu — «լավ» + հին հունարեն՝ τόκος, tókos — «ծննդաբերություն») հեշտ ծննդաբերություն։

Բարդացած ծննդաբերության այլ տերմինները ներառում են դժվար ծննդաբերությունը, անոմալ ծննդաբերությունը, դժվարացած ծննդաբերությունը, դիսֆունկցիոնալ ծննդաբերությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://patient.info/doctor/dystocia
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Education material for teachers of midwifery : midwifery education modules (PDF) (2nd ed.). Geneva [Switzerland]: World Health Organization (WHO). 2008. էջեր 17–36. ISBN 9789241546669. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Neilson JP, Lavender T, Quenby S, Wray S (2003). «Obstructed labour». British Medical Bulletin. 67: 191–204. doi:10.1093/bmb/ldg018. PMID 14711764.
  4. 4,0 4,1 Education material for teachers of midwifery : midwifery education modules (PDF) (2nd ed.). Geneva [Switzerland]: World Health Organization (WHO). 2008. էջեր 38–44. ISBN 9789241546669. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին.
  5. 5,0 5,1 Education material for teachers of midwifery : midwifery education modules (PDF) (2nd ed.). Geneva [Switzerland]: World Health Organization (WHO). 2008. էջեր 45–52. ISBN 9789241546669. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 Education material for teachers of midwifery : midwifery education modules (PDF) (2nd ed.). Geneva [Switzerland]: World Health Organization (WHO). 2008. էջեր 89–104. ISBN 9789241546669. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին.
  7. Usha K (2004). Pregnancy at risk : current concepts. New Delhi: Jaypee Bros. էջ 451. ISBN 9788171798261. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  8. Vos T, Allen C, Arora M, Barber RM, Bhutta ZA, Brown A, և այլք: (GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators) (2016 թ․ հոկտեմբեր). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282.
  9. Vos T, Allen C, Arora M, Barber RM, Bhutta ZA, Brown A, և այլք: (GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators) (2016 թ․ հոկտեմբեր). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281.
  10. GBD 2013 Mortality Causes of Death Collaborators (2015 թ․ հունվար). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. «|Supplementary Appendix Page 190» {{cite journal}}: |author1= has generic name (օգնություն); External link in |quote= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Goldenberg RL, McClure EM, Bhutta ZA, Belizán JM, Reddy UM, Rubens CE, և այլք: (2011 թ․ մայիս). «Stillbirths: the vision for 2020». Lancet. 377 (9779): 1798–805. doi:10.1016/S0140-6736(10)62235-0. hdl:11336/192198. PMID 21496912. S2CID 26968628.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Konje JC, Ladipo OA (2000 թ․ հուլիս). «Nutrition and obstructed labor». The American Journal of Clinical Nutrition. 72 (1 Suppl): 291S–297S. doi:10.1093/ajcn/72.1.291s. PMID 10871595.
  13. AbouZahr C (2003 թ․ դեկտեմբերի 1). «Global burden of maternal death and disability». British Medical Bulletin. 67 (1): 1–11. doi:10.1093/bmb/ldg015. PMID 14711750.
  14. Sigmon BA (1971 թ․ հունվար). «Bipedal behavior and the emergence of erect posture in man». American Journal of Physical Anthropology. 34 (1): 55–60. doi:10.1002/ajpa.1330340105. PMID 4993117.
  15. 15,0 15,1 15,2 Rosenberg K, Trevathan W (2002 թ․ նոյեմբեր). «Birth, obstetrics and human evolution». BJOG. 109 (11): 1199–206. doi:10.1046/j.1471-0528.2002.00010.x. PMID 12452455. S2CID 35070435.
  16. 16,0 16,1 Dunsworth H, Eccleston L (2015 թ․ հոկտեմբերի 21). «The Evolution of Difficult Childbirth and Helpless Hominin Infants». Annual Review of Anthropology. 44 (1): 55–69. doi:10.1146/annurev-anthro-102214-013918. S2CID 24059450.
  17. 17,0 17,1 Wittman AB, Wall LL (2007 թ․ նոյեմբեր). «The evolutionary origins of obstructed labor: bipedalism, encephalization, and the human obstetric dilemma». Obstetrical & Gynecological Survey. 62 (11): 739–48. doi:10.1097/01.ogx.0000286584.04310.5c. PMID 17925047. S2CID 9543264.
  18. 18,0 18,1 Drife J (2002 թ․ մայիս). «The start of life: a history of obstetrics». Postgraduate Medical Journal. 78 (919): 311–5. doi:10.1136/pmj.78.919.311. PMC 1742346. PMID 12151591.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 Hofmeyr GJ (2004 թ․ հունիս). «Obstructed labor: using better technologies to reduce mortality». International Journal of Gynaecology and Obstetrics. 85 (Suppl 1): S62-72. doi:10.1016/j.ijgo.2004.01.011. PMID 15147855. S2CID 6981815.
  20. Dolea C, AbouZahr C (2003 թ․ հուլիս). «Global burden of obstructed labour in the year 2000» (PDF). Evidence and Information for Policy (EIP), World Health Organization.
  21. GBD 2013 Mortality Causes of Death Collaborators (2015 թ․ հունվար). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. «|Supplementary Appendix Page 190» {{cite journal}}: |author1= has generic name (օգնություն); External link in |quote= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. Khan KS, Wojdyla D, Say L, Gülmezoglu AM, Van Look PF (2006 թ․ ապրիլ). «WHO analysis of causes of maternal death: a systematic review». Lancet. 367 (9516): 1066–1074. doi:10.1016/s0140-6736(06)68397-9. PMID 16581405. S2CID 2190885.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդացած ծննդաբերություն» հոդվածին։