Արտաքսերքսես II, Աքեմեյան հարստության թագավոր Իրանում։ Իշխել է մ.թ.ա. 404-358 թթ.-ին, հաջորդել հորը՝ Դարեհ II -ին։ Գահակալական կռիվներում 401 թ.-ին հաղթել է եղբորը՝ Փոքր Ասիայի կուսակալ Կյուրոսին, որին օգնության եկած 10000 հույն վարձականները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ 394 թ.-ին Կնիդոս կղզու մոտ ջախջախել է սպարտական նավատորմիղը, այնուհետև Սպարտայի հետ պատերազմել Աթենքի դեմ, Անտալկիդասի պայմանագրով (387-386) վերստին տիրել է Փոքր Ասիայի հունական քաղաքներին, քանդել հունական քաղաքական միությունները։ Այնուհանդերձ նա չի վերականգնել Աքեմենյան պետության հզորությունը։ Կառավարման վերջին շրջանում հսկայական ջանքեր է վատնել նվաճված ցեղերին ու սատրապություններին հնազանդ պահելու համար։ Հայաստանի սատրապ Երվանդ Բ ամուսնացած է եղել նրա դուստր Հռոդոգունեի հետ, որի համար հետագա Երվանդունիները իրենց համարել են Աքեմենյանների շառավիղ։ Սպանվել է դավադրությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 147)։