Արշավիր Երզնկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Երզնկյան | |
---|---|
Ծնվել է | 1896 |
Ծննդավայր | Հաղպատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1921 |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | դերասան |
Արշավիր Հարությունի Երզնկյան (1896, Հաղպատ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1921), հայ դերասան, թատերական գործիչ։
Արամայիս Երզնկյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, որն ավարտել է 1918 թվականին։ Դեռևս դպրոցական տարիներին ջերմ սեր է ցուցաբերել դեպի թատերական արվեստը։ 1917 թվականին ընդունվել է Օվի Սևումյանի ղեկավարությամբ գործող դրամատիկական ստուդիան։ Միաժամանակ մասնակցել է հայերեն ներկայացումներին թե՛ Արտիստական թատրոնի շենքում, և թե՛ Զուբալովի անվան ժողովրդական տանն ու զանազան այլ ակումբներում։ Զուբալովի անվան ժողովրդական տունը լուսավորական հիմնարկություն էր, թատերական շենք Թիֆլիսում։ Այժմ այն Կ. Մարջանաշվիլու անվան թատրոնն է Թբիլիսիում։ Կառուցվել է Զուբալով եղբայրների միջոցներով։
Արշավիր Երզնկյանը Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին եկել է Երևան։ Թիֆլիսում ռեժիսոր Լևոն Քալանթարը Արշավիր Երզնկյանին հանձնարարել էր Երևանում զբաղվել դրամատիկական թատրոն հիմնադրելու հետ կապված մի շարք հարցերով։ 1921 թվականին նետվել է բանտ, ուր ենթարկվել է խոշտանգումների։ Բանտում հիվանդացել է բծավոր տիֆով։ Երևանու դաշնակցականների իշխանությունից հետո ազատվել է բանտից և որոշել տեղափոխվել Հաղպատ։ Այդ օրերին Երևանում գտնվող Հովհաննես Թումանյանը նրան խորհուրդ է տվել մի քանի օր սպասել և իր հետ գնալ գնացքով։ Սակայն Ա. Երզնկյանը շտապել է օր առաջ տեսնել հարազատներին և ընկերոջ ուղեկցությամբ ճանապարհվել է Դիլիջանի խճուղով։ Դիլիջանում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և վախճանվել մի քանի օրից, 1921 թվականին 25 տարեկանում։ Աճյունն ամփոփված է հայրենի գյուղի տոհմական գերեզմանոցում[1][2]։