Անտուն Աստվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորագամի
ノラガミ
Ժանրֆենտեզի, անիմե, մանգա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Լեզուճապոներեն
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Նորագամի» (բնօրինակ անվանում — ノラガミ)

Անտուն Աստվածը (ճապ.՝ ノラガミ Նորագամի) ճապոնական մանգա և անիմե, որը գրել է Ադաչիտոկան։ Առաջին գլուխը թողարկվել է Kodansha֊ի Monthly Shonen Magazine-ում, 2011 թվականի հունվարին[1]։ 2018 թվականի հունվարի տվյալներով, թողարկվել են 18 տանքոբոն հատոր[2][3]։ Մանգայի սահմանափակ հրատարակության 9-րդ հատորը ներառում է նաև CD դրամա[4]։

2017 թվականի գարնանը մանգայի թողարկումը կասեցվել է հեղինակներից մեկի հիվանդության պատճառով։ Նոր գլուխների թողարկումը վերսկսվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին։

Մանգայի հիման վրա կա նաև բջջային պլատֆորմային խաղ՝ «Noragami ~ Kami To Enishi ~», որը հասանելի է միայն Ճապոնիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ու այն թագավորության միջև կան ութ միլիոն աստվածներ, մահացած հոգիներ, որոնք ծառայում են իրենց աստծուն որպես զենք, ու այլ ուրվականներ, որոնք դառնում են մարդկանց վախերի պատճառը։ Ըստ ճապոնական հավատալիքի, Նորագամիի աստվածները պատասխանատու են մարդկության մի քանի ոլորտների համար, ինչպիսիք են պատերազմը կամ աղքատությունը։ Այս աստվածները կատարում են մարդկային ցանկությունները, սովորաբար աղոթքից և դրամական ընծայից հետո։ Նրանց գոյությունը կախված է իրենց հավատացող մարդկանցից։ Սրբավայր ունեցող աստվածները մահանալուց հետո վերածնվում են։ Նրանք ժամանակի ընթացքում ձեռք են բերում նույն տեսքը, ինչ նախկինում։

Գլխավոր հերոսը՝ Յատոն, քիչ հայտնի, գրեթե մոռացված ոչնչացնող աստված է, ով սեփական տաճար չունի։ Ճապոնիայի ժամանակակից, զարգացած և հարուստ պետությունում սպանությունների ցածր թվի պատճառով նա գրեթե մոռացվել է, և նրա ծառայությունները այլևս ոչ մեկին հարկավոր չեն։ Գործնականում, Յատոն սպանելուց բացի ուրիշ ոչինչ չի կարողանում անել, սակայն այլևս չի ցանկանում զբաղվել սպանությամբ։ Որպեսզի այլ աստվածների շրջանում ճանաչում ձեռք բերի, չմոռացվի և հասնի իր երազանքներին, ինչպես նաև չնայած հին ժամանակների իր համբավին, Յատոն օգնում է բոլորին՝ սկսած փախած կենդանիներ բռնելուց մինչև երեխայի խնամելը։ Իր ծառայությունները դիմաց նա վերցնում էր ընդամենը 5 իեն։

Յատոն մի երեխայի զանգի է պատասխանում, ով խնդրում է գտնել իր կատվին։ Իկի Հիյորին դասընկերուհիների հետ քայլելիս տեսնում է Յատոյին, որ վազում էր փողոցով կատվին բռնելու համար։ Յատոյին սովորականմարդ համարելով, Հիյորին հրում է Յատոյին` փորձելով փրկել նրան ավտոբուսի տակ ընկնելուց, ու ինքն է վթարի ենթարկվում` դառնալով կիսաուրվական։ Հիորին հայտնվում է անդրշիրիմյան (Հեռավոր ափ) և կենդանի մարդկանց (Մոտիկ ափ) զուգահեռ աշխարհների միջև։ Հեռավոր ափում գոյատևում են դևեր և այակաշի դարձած մարդկային հոգիներ։ Հիյորին հազվադեպ է մնում իր մարմնում. նա հաճախ է իրենից անկախ լքում այն` կատվի պոչով հոգի դառնալով։ Նա սկսում է հոգիների տեսնել։ Հիորին խնդրում է Յատոյին, որ օգնի իրեն վերադառնալ իր մարմին։ Յատոն լսում է նրա խնդրանքը 5 իենի դիմաց։ Երբ Հիյորին երկրորդ անգամ է Յատոյի կյանքը փրկում (այս անգամ` հոգիներից), Յատոն հասկանում է, որ պիտի նոր Շինքի (ճապ.՝ 神器 սրբազան զենք) գտնի։ Նա գտնում է Յուկինե անունով մի պատանու հոգի ու նրան դարձնում իր զենքը, ում կարող է օգտագործել դևերին ոչնչացնելիս։

Գլխավոր կերպարների եռյակը՝ Յատոն, Յուկինեն և Հիորին, միասին անցնում է բազմաթիվ արկածների միջով, պայքարելով իրենց ընկերության համար։ Նրանք պայքարում են իրենց անցյալի և ներքին դևերի հետ։ Նրանք նաև ծանոթանալում են Յատոյի հին ընկերների ու թշնամիների հետ։ Թշնամիներից մեկը ` Բիշամոնը, ամենահզոր ու ամենաշատ Շինքիներ ունեցող աստվածներից մեկն է և ցանկանում է վրեժխնդիր լինել Յատոյից` սպանելով նրան։ Ծրագիրը, սակայն, չի իրագործվում, որովհետև Յատոյին փրկում է իր մոտ ընկերներից մեկը` Կոֆուկուն։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յատո[խմբագրել | խմբագրել կոդը]

Յատո (ճապ.՝ 夜ト) մանգայի գլխավոր հերոսն է։ Քիչ հայտնի, գրեթե մոռացված ոչնչացնող աստված է, ով սեփական տաճար չունի։ Ճապոնիայի ժամանակակից զարգացած և հարուստ պետությունում սպանությունների ցածր թվի պատճառով Յատոն գրեթե մոռացվել է, և նրա ծառայությունները էլ ոչ ոքի հարկավոր չեն։

Կա կարծիք, որ Յատո անվան առաջին կանջին Յա (ճապ.՝ Յորու) մասնիկը նշանակում է գիշեր, իսկ երկրորդը` Տո (ճապ.՝ Տո) մասնիկը նշանակում է դադարել։ Հետևաբար Յատո անունը նշանակում է դադարած գիշեր։

Յատոյի երազանքը մի հզոր աշխարհ ունենալն է, որի գլխավոր աստվածը նա կլինի, իսկ իրեն հետևողների թիվը կհասնի մեկ միլլիարդի։ Որպեսզի այլ աստվածների շրջանում ճանաչում ստանա ու չմոռացվի, Յատոն ցանկանում է իր նոր տաճարով դառնալ ամենահարգված աստվածներից մեկը, ինչպես նաև երազում է դառնալ երջանկության յոթ աստվածներից մեկը։

Սեյու՝ Հիրոշի Կամիյա։

Արտաքինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յատոն միջին հասակի երիտասարդ տղամարդ է։ Ունի մինչև ուսերն հասնող մուգ-մանուշակագույն մազեր։ Հիշվում է իր պայծառ, կապույտ աչքերով։ Յատոն հաճախ է կրում գործած բլուզ ու հին գործվածք, որը միշտ վզի շուրջն է փաթաթված։ Յատոն սիրում է հագնել շագանակագույն երկարաճիտ կոշիկներ։

Յատոյի պատկերացումներում, որտեղ նա հզոր ու հայտնի աստված է, նա կարմիր թիկնոց ու ոսկե թագ է կրում։ Նրա ձեռքին նաև վարդագույն հովհար կա։

Անցյալում Յատոյի մազերը համեմատաբար ավելի երկար էին․ նա դրանք կապում էր, որպեսզի չխանգարեին կռվելու ժամանակ։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յատոն շատ աշխույժ, բայց ստոր կերպար է։ Սովորություն ունի գումարը հագուստի վրա ծախսել, բայց Յուկինեի համար միայն մանկական հագուստ է գնում։ Յատոն նաև սնահավատ է և հաճախ գումար է ծախսում կեղծիքի և հաջողակ հմայքների վրա, որոնք ենթադրաբար երջանկություն են բերում։

Յատոն հիմար բնավորության գիծ ունի. քանի որ ցանկանում է հզոր աստված դառնալ, իրեն տաճար կառուցելու համար գումար է պետք։ Գումար հավաքելու համար Յատոն գովազդում է իր ծառայությունները՝ իրեն հանդիպած ցանկացած հասարակական վայրում իր հեռախոսահամարով հայտարարություն թողնելով։ Կատարված աշխատանքի համար նա ընդամենը 5 իեն է պահանջում, չնայած իենի ժամանակակից արժեքին, քանի որ 5 իեն մետաղադրամը Ճապոնիայի տաճարներում աղոթքների ժամանակ ավանդական ընծա էր աստվածներին։ Իր մետաղադրամները Յատոն պահում է ապակե շշի մեջ։

Յատոն սիրում է խմել։ Ինքն իրեն անվանում է Աստված Յատո, չնայած նրան, որ գործազուրկ անբանի տեսք ունի։ Իրեն հաճախ հիմար ու ինքնագոհ է պահում, սակայն իրականում բոլորովին այդպիսին չէ։

Չնայած որ հազվադեպ է լինում, բայց Յատոն նաև լուրջ է հանդես գալիս. օրինակ, երբ հանդիպում է իր թշնամուն ` Բիշամոնին, ով պնդում է, որ Յատոն սպանել է իր Շինքիներից մեկին ու շատ այլ անմեղ մարդկանց։ Յատոյի թշնամիներին հատկապես վախեցնում է նրա հայացքը, որի մասին մի քանի անգամ այլ աստվածներ են հիշատակել։ Յատոն մարտում վարպետորեն օգտագործում է թուր և ցանկացած տեսակի սառը զենք։

Յատոն իրեն հավասարակշռված է պահում, երբ իր ըներներից մեկի ` Կոֆուկուի հետ է, որովհետև գիտի, որ մի սխալ բառի դեպքում Կոֆուկուի Շինքին նրա վերջը կտա։

Յատոն բարի բնավորություն ունի, երբ հարցը վերաբերվում է հոգիներին։ Նա նրանց իր օգնությունն է առաջարկում՝ փոխարենը պահանջելով, որ դառնան իր Շինքիները։

Երբ հիշատակվում է Յատոյի անցյալը, Յատոն ցուցադրվում է որպես դաժան ու լուրջ աստված, ով սպանում էր իր հակառակորդներին։ Իսկ թե ինչու նրա բնավորությունն ու պահվածքն այսքան արագ փոխվեցին ` դեռ պարզ չէ։ Մարդկանց մեծ մասը մոռացել էր Յատոյին, քանի որ նա դադարել է սպանության ցանկություններ կատարելը։ Արդյունքում Յատոյի մոտ առաջանում է աթազագորաֆոբիա։

Յատոն կտրուկ բացասական վերաբերմունք ունի ինքնասպանության նկատմամբ, կտրականապես հրաժարվում է օգնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ինքնասպան լինել։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր Մուցումի անունով մի աղջիկ դժվարություններ է ունենում, ու իր դասընկերների հանդեպ ունեցած վախից նոր չար հոգի է ծնվում։ Յատոն, ցանկանալով փրկել աղջկան, օգտագործում է իր Շինքիին հոգուն հաղթելու համար, ով այդ դեպքից հետո հրաժարվում է ծառայել Յատոյին ու հեռանում է նրանից։

Հետագայում Յատոն հանդիպում է Հիյորի անունով մի աղջկա, ով, կարծելով թ Յատոն սովորական մարդ է, փրկում է նրան ավտոբուսի հարվածից։ Հիյորին դառնում է կիսահոգի, ու օգնություն խնդրում Յատոյից։

Երբ Հիյորին Յատոյին երկրորդ անգամ է փրկում, Յատոն հասկանում է, որ պիտի նոր Շինքի գտնի պաշտպանվելու համար։ Նրանք երկուսով հոգիների են փնտրում Շինքի դարձնելու համար։ Մի քանի անհաջող փորձերից հետո Յատոն Յուկինե անունով պատանու հոգի է գտնում ու դարձնում նրան իր Շինքին։ Նրանք միասին շատ դժվարությունների միջով են անցնում, կռվելով Յատոյի թշնամի աստվածներից մեկի ` Բիշամոնի հետ, ով էլ Յատոյից ցանկանում էր վրեժխնդիր լինել իր Շինքիի սպանության համար։

Յատոն հանդիպում է իր նման աղետների աստվածներից մեկին ` Ռաբոյին, կռվում նրա հետ ու հաղթում ` փրկելով Հիյորիին։

Հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիյորի. Յատոն ու Հիյորին Յուկինեի հետ որպես հրաշալի խումբ են հանդես գալիս, բայց երկուսով միասին նույնպես հրաշալի զույգ են։ Նրանք օգնում են ու հաճախ ծաղրում միմյանց։ Նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունները փոքր-ինչ արտահայտված են անիմեում, իսկ մեծամասամբ ` մանգայում։

Յուկինե. Յուկինեն, լինելով Յատոյի Շինքին, հաճախ է ետ կանգնել նրան ծառայելուց, սակայն հասկանալով, որ այս աշխարհում նա ոչ ոք չունի նորից վերադարձել է Յատոյի մոտ։ Յուկինեն Յատոյի համար հրաշալի զենք է, բայց նաև հրաշալի ընկեր։ Յատոն փորձում է յուրովի հոգ տանել Յուկինեի մասին և նույնիսկ խոստանում է, որ նրան արժանի Շինքի կդարձնի։

Կոֆուկու. Կոֆուկուն Յատոյի հին ծանոթներից ամենամտերիմն է։ Նա միակն է, ով պատրաստ է օգնել Յատոյին ցանկացած պահի։ Նա նույնիսկ Յատոյին փրկել է մեռնելուց Բիշամոնի հետ կռվի ժամանակ։

Բիշամոն. Բիշամոնն ամբողջ սրտով ատում է Յատոյին իր Շինքիին սպանելու համար ու պատրաստ է զոհել ամեն ինչ, միայն թե սպանի նրան։ Բայց ինչքան էլ որ զարմանալի է, երբ Յատոն Ռաբոյի հետ էր կռվում, Բիշամոնը աշխարհը փրկելու համար ստիպված եղավ օգնել Յատոյին ու նրա ընկերներին։

Հիյորի Իկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիյորի Իկի (ճապ.՝ 壱岐 ひより Իքի Հիյորի) մանգայի գլխավոր կերպարներից մեկն է։ Ավագ դպրոցի տասնհինգամյա աշակերտուհի է։ Երկրորդ եթերաշրջանում նա 16 տարեկան է։ Հայրը բժիշկ է, մեծ կլինիկայի սեփականատեր։ Ունի իրենից տարիքով շատ մեծ եղբայր։ Ծնողներից թաքցնում է ըմբշամարտի նկատմամբ իր սերը, ինչն անհամապատասխան է հարգված ընտանիքի դստեր համար։

Փորձելով փրկել Յատոյին ավտոբուսի կողմից վրաերթի ենթարկվելուց, Հիյորին ինքն ընկնում է նրա անիվների տակ, ինչի արդյունքում հայտնվում է անդրշիրիմյան և կենդանի մարդկանց աշխարհի միջև։ Այդ իրադարձությունից հետո Հիյորին ճգնաժամային պահերին իկիրյո դառնալու կարողություն է ձեռք բերում․ նրա հոգին բաժանվում է մարմնից։ Նրա հոգու տեսքը նման է իր մարդկային տեսքին, գումարած պոչը, որը հանդիսանում է իր մարմնի և հոգու կապող գիծը։ Եթե պոչը կտրվի, Հիյորին կմահանա։ Հոգու կերպարանքով նա տիրապետում է գերմարդկային ճարպկության, արագության և ուժի։ Այլ հոգիների նման Հիյորին ունակ է մեծ հեռավորության վրա զգալ աստվածների հոտը։

Սեյու Մաայա Ուչիդան է։

Արտաքինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիյորին երկար, մուգ շագանակագույն մազեր ունի ու վարդագույն աչքեր։ Հիյորին հաճախ է հագնում իր դպրոցական համազգեստը։ Երբ նա հոգի է դառնում, գրեթե ոչինչ չի փոխվում, բացառությամբ պոչի։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիյորին բարեհոգի աղջիկ է, ով ճիշտ ժամանակին գիտի, թե ինչ որոշում պիտի կայացնի, ու թե որն է ճիշտ, որը` սխալ։ Այս ամենի վառ ապացույցն այն է, որ նա Յատոյից գաղտնի Յուկինեին փող է տալիս, որ նա Յատոյի հետ չգնա աղբանոցներ ու ուրիշի տներ ուտելիք ու փող գտնելու։ Հիյորին գիտի, թե երբ պետք է ասել զգացմունքների մասին, ու թե երբ է պետք պահել դրանք իր մեջ։ Երբ Յատոյի մարմինը պատված էր վարակիչ մահացու կեղտով, Հիյորին չէր դիպչում նրան` իմանալով, որ այդ դեպքում նրան նույնպես կփոխանցվի հիվանդությունը։ Փոխարենը նա ամեն կերպ փորձում էր օգնություն խնդրել Բիշամոնի Շինքիներից ու Կոֆուկուից։ Չնայած նրան, որ Հիյորին կոպիտ է Յատոյի հետ նրա վատ պահվածքի պատճառով, իրականում նա շատ է անհանգստանում Յատոյի ու Յուկինեի համար։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ Հիյորին երկու ընկերուհիների հետ զբոսնում էր փողոցով՝ զրուցելով նրանց հետ։ Նա տեսնում է Յատոյին, ով փորձում էր փողոցում մի կատվի բռնել. հասկանալով, որ Յատոն կարող է մահանալ, նա փրկում է նրան, ու ինքն է ընկնում ավտոբուսի տակ։ Նա դառնում է կիսահոգի ու հաճախ դուրս է գալիս մարմնից, այդ ընթացքում իր քնած մարմինը թաքցնելով մի ապահով վայրում։

Հիյորին Յատոյից օգնություն է խնդրում ու փրկում է նրան երկրորդ անգամ, այս անգամ` չար հոգիներից։ Յատոն ու Հիյորին սկսում են հոգի փնտրել՝ նրան Յատոյի Շինքի դարձնելու համար։ Հիյորին սխալվում է ու չար ոգիների ձեռքն ընկնում. Յատոն փրկում է նրան Յուկինեի օգնությամբ, ով էլ դառնում է Յատոյի նոր Շինքին։

Հիյորին միշտ օգնում է Յուկինեին, երբ վերջինս հոգեկան ապրումների մեջ է լինում։ Հիյորին նաև միշտ օգնում է Յատոյին, երբ նա կռվում է թշնամիների դեմ` կանչելով Կոֆուկուին։

Անիմեում Հիյորին կորցնում է հիշողությունը։

Հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յատո. Յատոն Հիյորիի համար անլուրջ անձնավորություն է, ով ճիշտ չի գնահատում պահի լրջությունը։ Հիյորին նաև զգացմունքներ է տածում Յատոյի հանդեպ։

Յուկինե. Հիյորին խղճում է Յուկինեին, երբ տեսնում է նրան Յատոյի հրահանգները կատարելիս։ Այդ պատճառով Հիյորին հաճախ է Յուկինեին իր տանն ապաստան տալիս ու նրան գումար տրամադրում։

Յուկինե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկինե (ճապ.՝ 雪音 Յուկինե) Յատոյի շինքին է։ Մահացել է տասնչորս տարեկանում և իր մասին ոչինչ չի հիշում։ Սկզբում նա կորած հոգի էր, ով գողությամբ էր զբաղվում՝ արդարանալով նրանով, որ արդեն մահացել է։ Այակաշիի հետ մենամարտի ժամանակ Յատոն նկատում է Յուկինեին և դաշինք կնքում նրա հետ՝ վերածելով նրան իր Շինքիի։ Որպես Շինքի Յուկինեն առանց բռնակի կատանայի տեսք է ստանում։

Յատոն պնդում է, որ Յուկինեն շատ տաղանդավոր է, և որ ինքը չի ցանկանում կորցնել նրան։ Մաքրման ծեսից հետո Յուկինեն հասկանում է իմ սխալները և փոխվում։ Հետագայում՝ Բիշամոնի հետ մենամարտի ժամանակ, նա զոհում է իր կյանքը Յատոյին փրկելու համար և դառնում երկու կատանայի տեսքով սրբազան անոթ։ Զենքի անունը Սեկկի է։

Սեյուն Յուկի Կանջի է։

Արտաքինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկինեն իր տարիքին համապատասխան պատանու տեսք ունի, չնայած որ երբեք իր հասակակիցների նման չի ապրել։

Շիկահեր է ու ունի նարնջագույն աչքեր։ Առաջին անգամ հայտնվելիս նա երկար թիկնոց էր հագել։ Հետագայում Յատոն իր աշխատած գումարով Յուկինեի համար նոր հագուստներ է գնում, ու Յուկինեն սկսում է հանդես գալ հիմնականում կապույտ շապիկով, մուգ կապույտ ջինսով ու ձմեռային գլխարկով։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկինեն մանգայում հայտնվելուն պես շատ դաժան ու սառնասիրտ պատանու տպավորություն էր թողնում. նա այդպիսին էր իր հոգի լինելու պատճառով։ Յուկինեն չէր համակերպվում այն փաստի հետ, որ մահացել է ու չի ապրել իր հասակակիցների հետ ու նրանց պես։ Յուկինեն գնում էր ավագ դպրոց, նայում զվարճացող պատանիներին ու երիտասարդներին ու լաց լինում` հասկանալով, որ չի կարող նրանց նման լինել։ Նյարդային նոպաների մեջ Յուկինեն սկսում է կոտրել դպրոցի պատուհանները` այնտեղ խուճապ առաջացնելով։

Յուկինեն նաև շատ գթասիրտ է, շատ է խղճում չար ոգիներին, ինչի պատճառով նրանցից մեկի զոհն էր դարձել` համարյա թե փոխակերպվելով չար ոգու։ Նրան փրկեցին Բիշամոնի ու Կոֆուկուի Շինքիները։

Հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յատո. Յուկինեն սկզբում ատում էր Յատոյին ու մտածում, թե նա նրան միայն օգտագործում է։ Հետագայում նրանց հարաբերությունները հարթվեցին, ու նրանք դարձան լավ ընկերներ, գրեթե հայր ու որդի։

Հիյորի. Հիյորին միակ մարդն էր, ով իսկապես անհանգստանում էր Յուկինեի համար։ Դրա համար էլ Յուկինեն միայն նրա օգնությունն էր ընդունում։

Բիշամոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիշամոն (ճապ.՝ 毘沙門 Բիշամոն) պատերազմի ամենահզոր աստվածուհին է համարվում։

Բիշամոնն ամենաշատ Շինքիներ ունեցող աստվածներից է, ու նա միակ աստվածն է, ով շատ լավ է վերաբերվում իր Շինքիներին` համարելով նրանց իր ընկերներն ու խորհրդատուները։ Այդ իսկ պատճառով էլ Բիշամոնը ատում է Յատոյին ու ամեն անգամ նրան տեսնելիս ցանկանում է սպանել։ Պատճառն այն է, որ Յատոն անցյալում սպանել էր մի Շինքիի, ով մեծ նշանակություն ուներ Բիշամոնի համար։ Բիշամոնն իր կյանքի մի մասն անցկացրել է Յատոյին փնտրելով ու նրան սպանելու ծրագրեր մշակելով։

Բայց նրանց առաջին կռվի ժամանակ Բիշամոնը ոչ միայն չհաղթեց, այլև վնասվեցին նրա Շինքիներից երկուսը։ Նա մեծ վնասվածք հասցրեց Յատոյին, բայց ամեն ինչ վերջացավ Կոֆուկուի հիմար քայլով, ով իր Շինքիին օգտագործեց հոգիների դարպասը բացելու համար։ Այդպես նա վերջ դրեց նրանց կռվին, բայց դարձավ հոգիների ներխուժման պատճառը։

Բիշամոնն ունի ութ Շինքի ու մեկ առյուծ։ Նրա Շինքիները փոխակերպվում են տարատեսակ զենքերի։ Բիշամոնը առաջին ու վերջին անգամ օգնեց Յատոյին` սպանելով չար ոգիներին այն ժամանակ, երբ Ռաբոն սպառնում էր կործանել աշխարհը։ Բիշամոնը երբեք հետ չի կանգնում իր նպատակներից։ Ամեն հնարավոր դեպք նա օգտագործում է, որ պատժի Յատոյին։ Բիշամոնը շատ հոգատար է իր Շինքիների հանդեպ, երբեք չի սկսում կռվել, եթե գիտի, որ Շինքիներին վտանգ է սպառնում։

Իր գործողություններն համարում է «անհրաժեշտ չարիք, էլ ավելի մեծ չարիք ոչնչացնելու համար»։ Այդ ավելի մեծ չարիքը, Բիշամոնի կարծիքով, Յատոն է։ Շատ ջերմ է վերաբերվում իր Շինքիների հետ և համարում նրանց իր «երեխաները»։

Սեյուն Միյուկի Սավաշիրոն է։

Բիշամոնի Շինքնիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրահա. Կուրահան Բիշամոնի գերարտոնության տակ գտնվող ութ Շինքիներից մեկն է։ Կուրահան փոխակերպվելիս դառնում է առյուծ, որի աջ աչքին սպի կա։

Որպես մարդ Կուրահան բավական բարձրահասակ է, ունի մոխրագույն մազեր, մորուք ու բեղեր։ Կրում է սև կոստյում, ինչպես և Բիշամոնի մյուս բոլոր Շինքիները։

Կուրահան Բիշամոնի ամենահարազատ Շինքիներից է, օգնում է Բիշամոնին ու պատրաստ է նրա համար զոհողության գնալ ցանկացած պահի։ Կուրահան ծանր վնասվել էր, երբ Բիշամոնը մարտնչում էր Յատոյի հետ։

Մանգայում Կուրահան հայտնվում է 6-րդ գլխում, իսկ անիմեում ` 7-րդ սերիայում։

Կինուհա. Կինուհան Բիշամոնին ենթարկվող կին Շինքիներից մեկն է, փոխակերպվելիս մտրակ է դառնում։ Կինուհան Բիշամոնի կողմից ամենաշատն օգտագործված Շինքին է։

Կինուհան ունի շագանակագույն մազեր ու աչքեր։ Կրում է Բիշամոնի Շինքիների համազգեստը։ Փոխակերպվելուց բացի, ինչպես մյուս բոլոր Շինքիները, Կինուհան նույնպես կարողանում է պատնեշ ստեղծել իրեն հոգիներից պաշտպանելու համար։

Կինուհան մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, անիմեում՝ 7-րդ սերիայում։

Քազումա. Քազուման Բիշամոնի թվով երրորդ Շինքին է։ Վերլուծելով իրավիճակը՝ Քազուման համակարգում է իր աստվածուհու գործողությունները։ Որպես Շինքի նրան անվանում են Չոկի։ Քազուման փոխակերպվում է ծաղկաձև ականջի օղի։ Օղ դառնալով Քազուման օգնում է Բիշամոնին հետևել ու գտնել թշնամուն։ Ունակ է հետևել թշնամիներին և տեսնել բացասական էներգիայի կուտակումները։ Նախքան Շինքի դառնալը, Քազուման մի հասարակ մեխ-ականջօղ էր և զենք չէր համարվում, ինչի համար նրան արհամարհում էին իր տոհմի ավագ Շինքիները։

Քազուման ակնոցավոր, կարճ շագանակագույն մազերով ու մուգ կանաչ աչքերով Շինքի է։ Լուրջ ու լռակյաց Շինքի է։ Բացի իր տիրակալին օգնելուց Քազուման նաև գաղտնիորեն օգնում է Յատոյին ու Յուկինեին, երբ նրան դժվարությունների մեջ են ընկնում, քանի որ պարտք է Յատոյին ու հավատարիմ է նրան։ Քազուման լավ է վերաբերվում նաև Հիյորիին։ Հիյորին նույնպես վստահում է Քազումային։

Քազուման օգնել է Յուկինեին, երբ նա չար հոգիների ազդեցության տակ էր ու գրեթե փոխակերպվում էր հոգու։

Քազուման մանգայում առաջին անգամ հայտնվում է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 5-րդ սերիայում։

Սեյուն Ջուն Ֆուկույաման է։

Քարուհա. Քարուհան Բիշամոնի Շինքիներից մեկն է։ Փոխակերպվելով դառնում է ատրճանակ։ Որպես Շինքի նրան անվանում են Գաիկի։

Քարուհան կարմիր աչքերով, ցածրահասակ ու շիկահեր մի աղջնակ է․ Քազուհայի զույգ քույրն է։

Նա առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում։

Քազուհա. Քազուհան ատրճանակի փոխակերպվող Շինքի է։ Մինչև Շինքի դառնալը Քազուհայի անունը եղել է Սուուկի։

Քազուհան էլ զույգ քրոջ ` Քարուհայի նման կարմիր աչքերով, շիկահեր ու ցածրահասակ Շինքի է։ Քազուհան հավատարիմ, բայց շատ հետաքրքրասեր Շինքի է։

Նա առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում։

Ակիհա. Ակիհան դաշույնի փոխակերպվող Շինքի է։ Հանդիսանում է Բիշամոնի հարձակման հիմնական զենքերից մեկը։

Կարճլիկ, մեծահասակ Շինքի է, ունի շագանակագույն մազեր։ Բացի Շինքիների համազգեստ կրելուց նաև գլխարկ ու ակնոցներ է կրում։

Առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում։

Ցուգուհա. Ցուգուհան Բիշամոնի կին Շինքիներից է։ Փոխակերպվելով դառնում է Բիշամոնի մարտի դաշտի հագուստը։ Ցուգուհան դառնում է վերարկու, կրծկալ ու ցանկացած հագուստ, որը Բիշամոնը կարող է կրել կռվելիս։

Ցուգուհան ոչ այնքան բարձրահասակ Շինքի է։ Ունի բաց շագանակագույն մազեր ու մուգ շագանակագույն աչքեր։ Ինչպես և բոլոր Շինքիները, Ցուգուհան նույնպես հոգիներից պաշտպանող պատնեշ է ստեղծում։

Առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում։

Յուգիհա. Յուգիհան հսկայական թրի փոխակերպվող Շինքի է։ Նա նույնպես Բիշամոնի ութ Շինքիներից է։ Բավական բարձրահասակ է, ունի մուգ կապույտ մազեր ու շագանակագույն աչքեր։ Ի տարբերություն Բիշամոնի մյուս Շինքիների, Բիշամոնը Յուգիհային մարտի դաշտում քիչ է օգտագործում։

Յուգիհան առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում։

Կոֆուկու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոֆուկուն (ճապ.՝ 小福 Կոֆուկու) դժբախտության կամ չքավորության աստվածուհին է։ Յատոյի համար նա շատ բան է անում։ Կոֆուկուն շատ բարի, բայց տարօրինակ աստված է։ Պատրաստ է ամեն պահի օգնել Յատոյին, երբ նա փորձանքի մեջ է։ Նա նույնիսկ ռիսկի դիմելով օգնել է Յատոյին, երբ վերջինս կռվում էր Բիշամոնի հետ։ Կոֆուկուն ընդամենը մեկ Շինքի ունի՝ Դայկոկուն։ Դայկոկուն ամեն կերպ փորձում է պաշտպանել Կոֆուկուին փորձանքներից ու Յատոյից։

Կոֆուկուն վարդագույն մազերով աստվածուհի է։

Սեյուն Ակի Տոյոսակին է։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ էներգետիկ է ու քաղաքավարի։ Կոֆուկուն շատ լավ է վերաբերվում Հիորիին։ Քանի որ նա դժբախտության աստվածուհի է, մարտում միայն կարող է ոչնչացնել ամեն ինչ, այդ իսկ պատճառով նույնիսկ Բիշամոնը վախենում է մենամարտի բռնվել նրա հետ։ Նա կարողանում է դժբախտություն բերել։ Որպեսզի մարդկանց չվախեցնի, նա աշխատում է Էբիսու կեղծանունով առևտրի և հաջողության աստծո հետ։

Կոֆուկուն մի սովորություն ունի. հանդիպում է տղաների հետ, իսկ հետո անհետանում նրանց կյանքից` թողնելով նրանց իրեն սիրահարված։ Մի անգամ նրան սիրահարված տղաներից մեկը ինքնասպանության փորձ արեց, սակայն շենքից ընկնելու ժամանակ Յատոն նրա հետ խոսեց ու ստիպեց մոռանալ Կոֆուկուին` այդպիսով փրկելով նրան։ Կոֆուկուն նաև Բիշամոնի մոտ ընկերներից է, բայց նա թաքցնում է իր ու Յատոյի մտերմությունը, որովհետև դա կարող է շատ վատ անդրադառնալ նրանց հարաբերությունների վրա։

Դայկոկու[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայկոկու (ճապ.՝ 大黒 Դայկոկու) Կոֆուկոյին պատկանող Շինքին է։ Խիստ մարդ է, ով կասկածամտորեն է վերաբերվում շատ բաների։ Ծխում է։ Շատ է սիրում իր աստվածուհուն․ այնքան, որ Յուկինեն ու Հիորին նրանց հետ առաջին հանդիպման ժամանակ մտածում են, որ Դայկոկուն ու Կոֆուկուն ամուսնացած են։

Որպես Շինքի, Դայկոկուն ստանում է հովհարի ձև, որը թափահարվելով Կոֆուկուն կարող է Այակաշի հարթութունում խոռոչ բացել։ Զենքի անվանումը Կոկի է։

Սեյուն Դայսուկե Օնոն է։

Ռաբո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաբո (ճապ.՝ 蠃蚌 Րաբո) «Նորագամի»-ի չարագործ աստվածներից մեկն է։ Ունի միայն մեկ Շինքի` Նորան։

Ռաբոն հայտնվում միայն անիմեում, այն էլ՝ միայն վերջին սերիաներում. նրա մասին ոչ մի խոսք չկա մանգայում։ Ռաբոն բարձրահասակ, մոխրագույն մազերով աստված է։ Ռաբոն հոգատար աստված է, երբ հարցն իր հարազատներին է վերաբերում, բայց սառնասրտորեն սպանում է մարդկանց, հոգիների, Շինքիների ու նույնիսկ աստվածների։

Ռաբոն ծնվել է որպես մարդ, հետո վերածնվել որպես աստված։ Նա աշխատում էր Յատոյի հետ. նրանք միասին հոգիների էին սպանում։ Ռաբոն միակն էր, որ իրեն էր ենթարկում ցանկացած հոգու։

Հետագայում` Յատոյի փոխվելուց հետո, Ռաբոն ցանկանում էր նրան հետ բերել։ Իր դաժան արարքներով նա, Յատոյին օգնելու փոխարեն, վնասեց նրան, ինչն էլ դարձավ նրանց կռվի պատճառը։ Ռաբոն ամեն ինչ արեց Յատոյին հետ բերելու համար, բայց պարտվեց։

Նորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորա (ճապ.՝ 野良 Թափառական)․ Յատոյի Շինքին։ Շատ անուններ ունենալու պատճառով Նորայի ամբողջ մարմինը ծածկված է անվանական դաջվածքներով։ Դիմակների օգնությամբ Նորան կարող է վերահսկել այակաշին։ Պարբերաբար փորձում է Յատոյին վերադարձնել իրենց ընդհանուր հորը։ Կարծում է, որ Հիորին և Յուկինեն թուլացնում են Յատոյին։ Յատոյի հայրը Նորային անվանում է Միզուչի։ Յատոն նրան տվել է Հիրո անունը։ Սեյուն Րիե Կուգիմիան է։

Տենջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենջին (ճապ.՝ 天神) «Նորագամի»-ի աստվածներից մեկն է։ Համարվում է դպրության ու գիտությունների աստվածը։ Նա անընդհատ մեջբերումներ է անում պոեզիայից։ Տենջինի Շինքին՝ Մայուն, նախկինում ծառայել է Յատոյին։

Նա ունի մեծ տաճար, ինչով սիրում է ծաղրել Յատոյին։ Տենջինը հաճախ է օգնում Յատոյին կամ էլ ուղարկում իր Շինքիներին Յատոյին օգնելու, երբ դրա կարիքը լինում է։

Տենջինը բարի աստված է, նաև փոքր-ինչ կատակասեր։ Տենջինը նույնպես լավ է վերաբերվում իր Շինքիներին։ Տենջինը` որպես դպրության ու ուսուցանման աստված, օգնում է մարդկանց, որոնք աղոթում են իրեն. նա օգնում է նրանց ընտրել ճիշտ ճանապարհ։ Ի տարբերություն Յատոյի, որը մարդկանց ցանկությունները կատարում է հինգ էնով, Տենջինը դրանք կատարում է միայն տասը հազար էնով։

Սեյուն Տարու Օկավան է։

Մայու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայու (ճապ.՝ 真喩) Տենջինի Շինքին է։ Ծխելու համար նախատեսված խողովակի տեսք ունի։

Երիտասարդ աղջիկ է՝ կարճ մուգ մազերով և կանաչ աչքերով։ Մանգայի սկզբում, երբ նա դեռ Յատոյի զենքն էր, որպես զենք ուներ դաշույնի տեսք։ Չնայած նրան, որ Մայուն արհամարհում է Յատոյին, նրան լավ աստված է համարում է, և երբեմն էլ օգնում է Յատոյին։ Մայուն հոգ է տանում Յուկինեի մասին, սիրում է խոսել նրա հետ։ Մայուն Յուկինեի մաքրման ծեսը կատարած Շինքիներից մեկն է։ Յատոն նրան տվել էր Տոմանե (ճապ.՝ 伴音) անունը։

Սեյուն Ասամի Իմայն է։

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգայի անիմե ադապտացիայի թողարկման մասին տեղեկություններ առաջին անգամ հայտնվել են 2013 թվականի սեպտեմբերի 6-ին, Bones ստուդիայի Monthly Shonen Magazine ամսագրում[5]։ Նոյեմբերի 10-ին, «Անիմե Փառատոն Ասիա»֊յում, Bones-ը հայտարարեց, որ ռեժիսորը կլինի Կոտարու Տամուրան, իսկ սցենարի հեղինակիները՝ Դեկո Ակայոն և Տոշիհիրո Կավամոտոն։ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի են դարձել հերոսներին հնչյունավորող դերասանները[6]։ Անիմեի առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 10-ին, ասիական անիմեփառատոնի ժամանակ[7]։ Հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 5-ին, Տոկիոյի MX հեռուստաալիքով։ Այն ցուցադրվել է նաև MBS, BS11 և TVA ալիքերի ուղիղ եթերում։ Երկրորդ եթերաշրջանը շարունակել է թողարկել Bones ընկերությունը, այն մեկնարկելով 2015 թվականի հոկտեմբերի 3-ին։

Հեռուստատեսային հիմնական սերիաներից բացի, մանգայի 7-րդ տոմի հիման վրա թողարկվել են նաև երկու լրացուցիչ դրվագներ։

«Կեսգիշերային Հանդիպումը» (ճապ.՝ 午夜の待ち合わせ Գոյա նո Մաչիավասե) օփենինգի երգը կատարել են Շունտարոն և «Hello Sleepwalkers»-ը։ «Սրտի ընկալումը» (ճապ.՝ ハートリアライズ Հաատո Րիարայզու, Heart Realize) էնդինգի երգը կատարել են Supercell-ը և Tia-ն։ Անիմեի երկրորդ եթերաշրջանի «Հե՜յ, երեխաներ» օփենինգի երգը կատարել է The Oral Cigarettes-ը, իսկ «Նիրվանա» (ճապ.՝ ニルバナ Նիրուբանա) էնդինգի երգը՝ Tia-ն[8]։

Արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի երկրորդ կեսին Նորագամին առաջին անգամ մուտք է գործում Ճապոնիայի բեսթսելլերների ցուցակ[9][10]։ Մանգան այդ ցուցակում է ներառվել նաև 2013 թվականի հունիս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսների երկրորդ կեսերին[11][12][13][14]։ 2014 թվականին մանգան վաճառքի ցուցանիշներով զբաղեցնում էր 14-րդ տեղը Ճապոնիայում[15]։

Tong Li Publishing Co., Ltd. ընկերությունը հրատարակել է մանգան Թայվանում[16][17]։ Ռուսերենով մանգան հրապարակել է XL Media ընկերությունը, «Бездомный бог» վերնագրով[18]։

Յատոն հայտնվել է լավագույն գլխավոր հերոսների ցանկում առաջին հորիզոնականում, իսկ Հիյորին` լավագույն անիմե հերոսուհիների ցանկի առաջին հորիզոնականում։ Միասին ` որպես զույգ, Յատոն ու Հիյորին հայտնվել են նաև լավագույն զույգերի վարկանիշային ցուցակում։ Անիմեի ձմեռային սեզոնի ավարտից հետո սկսվեց վերջնական քվեարկությունը, որից արդյունքում «Նորագամի»-ն դարձավ եթերաշրջանի լավագույն անիմեն` հավաքելով քվեարկողների 71,89% ձայները։

Անիմեն ԱՄՆ-ում արտոնագրել է Funimation-ը, իսկ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ Madman Entertainment-ը[8][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 「アライブ」あだちとか新連載、主人公は気分屋の自称"神" (ճապոներեն). Natalie.mu. 2010, դեկտեմբերի 6. Վերցված է 2013, նոյեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  2. ノラガミ(1) (月刊マガジンコミックス) (ճապոներեն). Amazon.co.jp. Վերցված է 2013, նոյեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  3. ノラガミ(18) (講談社コミックス月刊マガジン); あだちとか 本 通販 (ճապոներեն). Amazon.co.jp. Վերցված է 2018, հունվարի 20-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  4. CD付き ノラガミ(9)限定版 (講談社キャラクターズA) (ճապոներեն). Amazon.co.jp. Վերցված է 2013, նոյեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  5. BONES Animates Noragami With Cowboy Bebop’s Kawamoto
  6. Hiroshi Kamiya, Maaya Uchida, Yuuki Kaji Lead Noragami Anime’s Cast
  7. «AFA: Anime Festival Asia 2013». Անիմե Փառատոն Ասիա. Վերցված է 2013, նոյեմբերի 29-ին.
  8. 8,0 8,1 «Funimation֊ը կհեռարձակի «Նորագամի» գերբնական անիմեն». Անիմե Նյուզ Նեթվորք. 2013, դեկտեմբերի 24. Վերցված է 2013, դեկտեմբերի 24-ին.
  9. Japanese Comic Ranking, February 11-17
  10. Japanese Comic Ranking, February 18-24
  11. Japanese Comic Ranking, June 17-23
  12. Japanese Comic Ranking, October 14-20
  13. Japanese Comic Ranking, October 21-27
  14. Japanese Comic Ranking, December 16-22
  15. «Ճապոնիայում ամենաշատ վաճառվող մանգաներն ըստ սերիաների․ 2014 (առաջին կեսը)». Անիմե Նյուզ Նեթվորք. 2014, հունիսի 3. Վերցված է 2014, նոյեմբերի 7-ին.
  16. Noragami (manga)
  17. Tong Li Publishing Co., Ltd
  18. ««Անտուն Աստված» մանգայի առաջին հատորը հասանելի է պատվերների համար». 2016, հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016, հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016, հոկտեմբերի 1-ին.
  19. «Նորագամի (TV)». Անիմե Նյուզ Նեթվորք. Վերցված է 2015, հոկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուն Աստվածը» հոդվածին։