Անտուն Աստվածը
Նորագամի ノラガミ | |
---|---|
![]() | |
Ժանր | ֆենտեզի, անիմե, մանգա |
Երկիր | ![]() |
Լեզու | ճապոներեն |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Անտուն Աստվածը (ճապ.՝ ノラガミ Նորագամի) ճապոնական մանգա և անիմե, որը գրել է Ադաչիտոկան։ Առաջին գլուխը թողարկվել է Kodansha֊ի Monthly Shonen Magazine-ում, 2011 թվականի հունվարին։[1]։ 2018 թվականի հունվարի տվյալներով, թողարկվել են 18 տանքոբոն հատոր[2][3]։ Մանգայի սահմանափակ հրատարակության 9-րդ հատորը ներառում է նաև CD դրամա[4]։
2017 թվականի գարնանը մանգայի թողարկումը կասեցվել է հեղինակներից մեկի հիվանդության պատճառով։ Նոր գլուխների թողարկումը վերսկսվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին:
Մանգայի հիման վրա կա նաև բջջային պլատֆորմային խաղ՝ «Noragami ~ Kami To Enishi ~», որը հասանելի է միայն Ճապոնիայում:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ու այն թագավորության միջև կան ութ միլիոն աստվածներ, մահացած հոգիներ, որոնք ծառայում են իրենց աստծուն որպես զենք, ու այլ ուրվականներ, որոնք դառնում են մարդկանց վախերի պատճառը: Ըստ ճապոնական հավատալիքի, Նորագամիի աստվածները պատասխանատու են մարդկության մի քանի ոլորտների համար, ինչպիսիք են պատերազմը կամ աղքատությունը: Այս աստվածները կատարում են մարդկային ցանկությունները, սովորաբար աղոթքից և դրամական ընծայից հետո: Նրանց գոյությունը կախված է իրենց հավատացող մարդկանցից: Սրբավայր ունեցող աստվածները մահանալուց հետո վերածնվում են։ Նրանք ժամանակի ընթացքում ձեռք են բերում նույն տեսքը, ինչ նախկինում:
Գլխավոր հերոսը՝ Յատոն, քիչ հայտնի, գրեթե մոռացված ոչնչացնող աստված է, ով սեփական տաճար չունի: Ճապոնիայի ժամանակակից, զարգացած և հարուստ պետությունում սպանությունների ցածր թվի պատճառով նա գրեթե մոռացվել է, և նրա ծառայությունները այլևս ոչ մեկին հարկավոր չեն: Գործնականում, Յատոն սպանելուց բացի ուրիշ ոչինչ չի կարողանում անել, սակայն այլևս չի ցանկանում զբաղվել սպանությամբ: Որպեսզի այլ աստվածների շրջանում ճանաչում ձեռք բերի, չմոռացվի և հասնի իր երազանքներին, ինչպես նաև չնայած հին ժամանակների իր համբավին, Յատոն օգնում է բոլորին՝ սկսած փախած կենդանիներ բռնելուց մինչև երեխայի խնամելը։ Իր ծառայությունները դիմաց նա վերցնում էր ընդամենը 5 իեն:
Յատոն մի երեխայի զանգի է պատասխանում, ով խնդրում է գտնել իր կատվին։ Իկի Հիյորին դասընկերուհիների հետ քայլելիս տեսնում է Յատոյին, որ վազում էր փողոցով կատվին բռնելու համար: Յատոյին սովորականմարդ համարելով, Հիյորին հրում է Յատոյին` փորձելով փրկել նրան ավտոբուսի տակ ընկնելուց, ու ինքն է վթարի ենթարկվում` դառնալով կիսաուրվական: Հիորին հայտնվում է անդրշիրիմյան (Հեռավոր ափ) և կենդանի մարդկանց (Մոտիկ ափ) զուգահեռ աշխարհների միջև: Հեռավոր ափում գոյատևում են դևեր և այակաշի դարձած մարդկային հոգիներ։ Հիյորին հազվադեպ է մնում իր մարմնում. նա հաճախ է իրենից անկախ լքում այն` կատվի պոչով հոգի դառնալով: Նա սկսում է հոգիների տեսնել: Հիորին խնդրում է Յատոյին, որ օգնի իրեն վերադառնալ իր մարմին։ Յատոն լսում է նրա խնդրանքը 5 իենի դիմաց: Երբ Հիյորին երկրորդ անգամ է Յատոյի կյանքը փրկում (այս անգամ` հոգիներից), Յատոն հասկանում է, որ պիտի նոր Շինքի (ճապ.՝ 神器 սրբազան զենք) գտնի: Նա գտնում է Յուկինե անունով մի պատանու հոգի ու նրան դարձնում իր զենքը, ում կարող է օգտագործել դևերին ոչնչացնելիս:
Գլխավոր կերպարների եռյակը՝ Յատոն, Յուկինեն և Հիորին, միասին անցնում է բազմաթիվ արկածների միջով, պայքարելով իրենց ընկերության համար։ Նրանք պայքարում են իրենց անցյալի և ներքին դևերի հետ: Նրանք նաև ծանոթանալում են Յատոյի հին ընկերների ու թշնամիների հետ: Թշնամիներից մեկը ` Բիշամոնը, ամենահզոր ու ամենաշատ Շինքիներ ունեցող աստվածներից մեկն է և ցանկանում է վրեժխնդիր լինել Յատոյից` սպանելով նրան։ Ծրագիրը, սակայն, չի իրագործվում, որովհետև Յատոյին փրկում է իր մոտ ընկերներից մեկը` Կոֆուկուն:
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յատո[խմբագրել | խմբագրել կոդը]
Յատո (ճապ.՝ 夜ト) մանգայի գլխավոր հերոսն է։ Քիչ հայտնի, գրեթե մոռացված ոչնչացնող աստված է, ով սեփական տաճար չունի։ Ճապոնիայի ժամանակակից զարգացած և հարուստ պետությունում սպանությունների ցածր թվի պատճառով Յատոն գրեթե մոռացվել է, և նրա ծառայությունները էլ ոչ ոքի հարկավոր չեն:
Կա կարծիք, որ Յատո անվան առաջին կանջին Յա (ճապ.՝ 夜 Յորու) մասնիկը նշանակում է գիշեր, իսկ երկրորդը` Տո (ճապ.՝ ト Տո) մասնիկը նշանակում է դադարել: Հետևաբար Յատո անունը նշանակում է դադարած գիշեր:
Յատոյի երազանքը մի հզոր աշխարհ ունենալն է, որի գլխավոր աստվածը նա կլինի, իսկ իրեն հետևողների թիվը կհասնի մեկ միլլիարդի: Որպեսզի այլ աստվածների շրջանում ճանաչում ստանա ու չմոռացվի, Յատոն ցանկանում է իր նոր տաճարով դառնալ ամենահարգված աստվածներից մեկը, ինչպես նաև երազում է դառնալ երջանկության յոթ աստվածներից մեկը:
Սեյու՝ Հիրոշի Կամիյա։
Արտաքինը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յատոն միջին հասակի երիտասարդ տղամարդ է: Ունի մինչև ուսերն հասնող մուգ-մանուշակագույն մազեր: Հիշվում է իր պայծառ, կապույտ աչքերով: Յատոն հաճախ է կրում գործած բլուզ ու հին գործվածք, որը միշտ վզի շուրջն է փաթաթված: Յատոն սիրում է հագնել շագանակագույն երկարաճիտ կոշիկներ:
Յատոյի պատկերացումներում, որտեղ նա հզոր ու հայտնի աստված է, նա կարմիր թիկնոց ու ոսկե թագ է կրում: Նրա ձեռքին նաև վարդագույն հովհար կա:
Անցյալում Յատոյի մազերը համեմատաբար ավելի երկար էին․ նա դրանք կապում էր, որպեսզի չխանգարեին կռվելու ժամանակ:
Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յատոն շատ աշխույժ, բայց ստոր կերպար է: Սովորություն ունի գումարը հագուստի վրա ծախսել, բայց Յուկինեի համար միայն մանկական հագուստ է գնում: Յատոն նաև սնահավատ է և հաճախ գումար է ծախսում կեղծիքի և հաջողակ հմայքների վրա, որոնք ենթադրաբար երջանկություն են բերում:
Յատոն հիմար բնավորության գիծ ունի. քանի որ ցանկանում է հզոր աստված դառնալ, իրեն տաճար կառուցելու համար գումար է պետք։ Գումար հավաքելու համար Յատոն գովազդում է իր ծառայությունները՝ իրեն հանդիպած ցանկացած հասարակական վայրում իր հեռախոսահամարով հայտարարություն թողնելով: Կատարված աշխատանքի համար նա ընդամենը 5 իեն է պահանջում, չնայած իենի ժամանակակից արժեքին, քանի որ 5 իեն մետաղադրամը Ճապոնիայի տաճարներում աղոթքների ժամանակ ավանդական ընծա էր աստվածներին: Իր մետաղադրամները Յատոն պահում է ապակե շշի մեջ։
Յատոն սիրում է խմել։ Ինքն իրեն անվանում է Աստված Յատո, չնայած նրան, որ գործազուրկ անբանի տեսք ունի։ Իրեն հաճախ հիմար ու ինքնագոհ է պահում, սակայն իրականում բոլորովին այդպիսին չէ:
Չնայած որ հազվադեպ է լինում, բայց Յատոն նաև լուրջ է հանդես գալիս. օրինակ, երբ հանդիպում է իր թշնամուն ` Բիշամոնին, ով պնդում է, որ Յատոն սպանել է իր Շինքիներից մեկին ու շատ այլ անմեղ մարդկանց: Յատոյի թշնամիներին հատկապես վախեցնում է նրա հայացքը, որի մասին մի քանի անգամ այլ աստվածներ են հիշատակել: Յատոն մարտում վարպետորեն օգտագործում է թուր և ցանկացած տեսակի սառը զենք:
Յատոն իրեն հավասարակշռված է պահում, երբ իր ըներներից մեկի ` Կոֆուկուի հետ է, որովհետև գիտի, որ մի սխալ բառի դեպքում Կոֆուկուի Շինքին նրա վերջը կտա:
Յատոն բարի բնավորություն ունի, երբ հարցը վերաբերվում է հոգիներին: Նա նրանց իր օգնությունն է առաջարկում՝ փոխարենը պահանջելով, որ դառնան իր Շինքիները:
Երբ հիշատակվում է Յատոյի անցյալը, Յատոն ցուցադրվում է որպես դաժան ու լուրջ աստված, ով սպանում էր իր հակառակորդներին: Իսկ թե ինչու նրա բնավորությունն ու պահվածքն այսքան արագ փոխվեցին ` դեռ պարզ չէ: Մարդկանց մեծ մասը մոռացել էր Յատոյին, քանի որ նա դադարել է սպանության ցանկություններ կատարելը: Արդյունքում Յատոյի մոտ առաջանում է աթազագորաֆոբիա:
Յատոն կտրուկ բացասական վերաբերմունք ունի ինքնասպանության նկատմամբ, կտրականապես հրաժարվում է օգնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ինքնասպան լինել:
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի օր Մուցումի անունով մի աղջիկ դժվարություններ է ունենում, ու իր դասընկերների հանդեպ ունեցած վախից նոր չար հոգի է ծնվում: Յատոն, ցանկանալով փրկել աղջկան, օգտագործում է իր Շինքիին հոգուն հաղթելու համար, ով այդ դեպքից հետո հրաժարվում է ծառայել Յատոյին ու հեռանում է նրանից:
Հետագայում Յատոն հանդիպում է Հիյորի անունով մի աղջկա, ով, կարծելով թ Յատոն սովորական մարդ է, փրկում է նրան ավտոբուսի հարվածից: Հիյորին դառնում է կիսահոգի, ու օգնություն խնդրում Յատոյից:
Երբ Հիյորին Յատոյին երկրորդ անգամ է փրկում, Յատոն հասկանում է, որ պիտի նոր Շինքի գտնի պաշտպանվելու համար: Նրանք երկուսով հոգիների են փնտրում Շինքի դարձնելու համար: Մի քանի անհաջող փորձերից հետո Յատոն Յուկինե անունով պատանու հոգի է գտնում ու դարձնում նրան իր Շինքին: Նրանք միասին շատ դժվարությունների միջով են անցնում, կռվելով Յատոյի թշնամի աստվածներից մեկի ` Բիշամոնի հետ, ով էլ Յատոյից ցանկանում էր վրեժխնդիր լինել իր Շինքիի սպանության համար:
Յատոն հանդիպում է իր նման աղետների աստվածներից մեկին ` Ռաբոյին, կռվում նրա հետ ու հաղթում ` փրկելով Հիյորիին:
Հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիյորի. Յատոն ու Հիյորին Յուկինեի հետ որպես հրաշալի խումբ են հանդես գալիս, բայց երկուսով միասին նույնպես հրաշալի զույգ են: Նրանք օգնում են ու հաճախ ծաղրում միմյանց: Նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունները փոքր-ինչ արտահայտված են անիմեում, իսկ մեծամասամբ ` մանգայում:
Յուկինե. Յուկինեն, լինելով Յատոյի Շինքին, հաճախ է ետ կանգնել նրան ծառայելուց, սակայն հասկանալով, որ այս աշխարհում նա ոչ ոք չունի նորից վերադարձել է Յատոյի մոտ: Յուկինեն Յատոյի համար հրաշալի զենք է, բայց նաև հրաշալի ընկեր: Յատոն փորձում է յուրովի հոգ տանել Յուկինեի մասին և նույնիսկ խոստանում է, որ նրան արժանի Շինքի կդարձնի:
Կոֆուկու. Կոֆուկուն Յատոյի հին ծանոթներից ամենամտերիմն է: Նա միակն է, ով պատրաստ է օգնել Յատոյին ցանկացած պահի: Նա նույնիսկ Յատոյին փրկել է մեռնելուց Բիշամոնի հետ կռվի ժամանակ:
Բիշամոն. Բիշամոնն ամբողջ սրտով ատում է Յատոյին իր Շինքիին սպանելու համար ու պատրաստ է զոհել ամեն ինչ, միայն թե սպանի նրան: Բայց ինչքան էլ որ զարմանալի է, երբ Յատոն Ռաբոյի հետ էր կռվում, Բիշամոնը աշխարհը փրկելու համար ստիպված եղավ օգնել Յատոյին ու նրա ընկերներին:
Հիյորի Իկի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիյորի Իկի (ճապ.՝ 壱岐 ひより Իքի Հիյորի) մանգայի գլխավոր կերպարներից մեկն է։ Ավագ դպրոցի տասնհինգամյա աշակերտուհի է: Երկրորդ եթերաշրջանում նա 16 տարեկան է: Հայրը բժիշկ է, մեծ կլինիկայի սեփականատեր: Ունի իրենից տարիքով շատ մեծ եղբայր: Ծնողներից թաքցնում է ըմբշամարտի նկատմամբ իր սերը, ինչն անհամապատասխան է հարգված ընտանիքի դստեր համար:
Փորձելով փրկել Յատոյին ավտոբուսի կողմից վրաերթի ենթարկվելուց, Հիյորին ինքն ընկնում է նրա անիվների տակ, ինչի արդյունքում հայտնվում է անդրշիրիմյան և կենդանի մարդկանց աշխարհի միջև: Այդ իրադարձությունից հետո Հիյորին ճգնաժամային պահերին իկիրյո դառնալու կարողություն է ձեռք բերում․ նրա հոգին բաժանվում է մարմնից: Նրա հոգու տեսքը նման է իր մարդկային տեսքին, գումարած պոչը, որը հանդիսանում է իր մարմնի և հոգու կապող գիծը: Եթե պոչը կտրվի, Հիյորին կմահանա: Հոգու կերպարանքով նա տիրապետում է գերմարդկային ճարպկության, արագության և ուժի: Այլ հոգիների նման Հիյորին ունակ է մեծ հեռավորության վրա զգալ աստվածների հոտը:
Սեյու Մաայա Ուչիդան է։
Արտաքինը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիյորին երկար, մուգ շագանակագույն մազեր ունի ու վարդագույն աչքեր: Հիյորին հաճախ է հագնում իր դպրոցական համազգեստը: Երբ նա հոգի է դառնում, գրեթե ոչինչ չի փոխվում, բացառությամբ պոչի:
Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիյորին բարեհոգի աղջիկ է, ով ճիշտ ժամանակին գիտի, թե ինչ որոշում պիտի կայացնի, ու թե որն է ճիշտ, որը` սխալ: Այս ամենի վառ ապացույցն այն է, որ նա Յատոյից գաղտնի Յուկինեին փող է տալիս, որ նա Յատոյի հետ չգնա աղբանոցներ ու ուրիշի տներ ուտելիք ու փող գտնելու: Հիյորին գիտի, թե երբ պետք է ասել զգացմունքների մասին, ու թե երբ է պետք պահել դրանք իր մեջ: Երբ Յատոյի մարմինը պատված էր վարակիչ մահացու կեղտով, Հիյորին չէր դիպչում նրան` իմանալով, որ այդ դեպքում նրան նույնպես կփոխանցվի հիվանդությունը։ Փոխարենը նա ամեն կերպ փորձում էր օգնություն խնդրել Բիշամոնի Շինքիներից ու Կոֆուկուից: Չնայած նրան, որ Հիյորին կոպիտ է Յատոյի հետ նրա վատ պահվածքի պատճառով, իրականում նա շատ է անհանգստանում Յատոյի ու Յուկինեի համար:
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ Հիյորին երկու ընկերուհիների հետ զբոսնում էր փողոցով՝ զրուցելով նրանց հետ: Նա տեսնում է Յատոյին, ով փորձում էր փողոցում մի կատվի բռնել. հասկանալով, որ Յատոն կարող է մահանալ, նա փրկում է նրան, ու ինքն է ընկնում ավտոբուսի տակ: Նա դառնում է կիսահոգի ու հաճախ դուրս է գալիս մարմնից, այդ ընթացքում իր քնած մարմինը թաքցնելով մի ապահով վայրում:
Հիյորին Յատոյից օգնություն է խնդրում ու փրկում է նրան երկրորդ անգամ, այս անգամ` չար հոգիներից: Յատոն ու Հիյորին սկսում են հոգի փնտրել՝ նրան Յատոյի Շինքի դարձնելու համար: Հիյորին սխալվում է ու չար ոգիների ձեռքն ընկնում. Յատոն փրկում է նրան Յուկինեի օգնությամբ, ով էլ դառնում է Յատոյի նոր Շինքին:
Հիյորին միշտ օգնում է Յուկինեին, երբ վերջինս հոգեկան ապրումների մեջ է լինում: Հիյորին նաև միշտ օգնում է Յատոյին, երբ նա կռվում է թշնամիների դեմ` կանչելով Կոֆուկուին:
Անիմեում Հիյորին կորցնում է հիշողությունը:
Հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Յատո. Յատոն Հիյորիի համար անլուրջ անձնավորություն է, ով ճիշտ չի գնահատում պահի լրջությունը: Հիյորին նաև զգացմունքներ է տածում Յատոյի հանդեպ:
Յուկինե. Հիյորին խղճում է Յուկինեին, երբ տեսնում է նրան Յատոյի հրահանգները կատարելիս։ Այդ պատճառով Հիյորին հաճախ է Յուկինեին իր տանն ապաստան տալիս ու նրան գումար տրամադրում:
Յուկինե[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուկինե (ճապ.՝ 雪音 Յուկինե) Յատոյի շինքին է։ Մահացել է տասնչորս տարեկանում և իր մասին ոչինչ չի հիշում: Սկզբում նա կորած հոգի էր, ով գողությամբ էր զբաղվում՝ արդարանալով նրանով, որ արդեն մահացել է: Այակաշիի հետ մենամարտի ժամանակ Յատոն նկատում է Յուկինեին և դաշինք կնքում նրա հետ՝ վերածելով նրան իր Շինքիի: Որպես Շինքի Յուկինեն առանց բռնակի կատանայի տեսք է ստանում:
Յատոն պնդում է, որ Յուկինեն շատ տաղանդավոր է, և որ ինքը չի ցանկանում կորցնել նրան: Մաքրման ծեսից հետո Յուկինեն հասկանում է իմ սխալները և փոխվում: Հետագայում՝ Բիշամոնի հետ մենամարտի ժամանակ, նա զոհում է իր կյանքը Յատոյին փրկելու համար և դառնում երկու կատանայի տեսքով սրբազան անոթ: Զենքի անունը Սեկկի է:
Սեյուն Յուկի Կանջի է։
Արտաքինը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուկինեն իր տարիքին համապատասխան պատանու տեսք ունի, չնայած որ երբեք իր հասակակիցների նման չի ապրել:
Շիկահեր է ու ունի նարնջագույն աչքեր: Առաջին անգամ հայտնվելիս նա երկար թիկնոց էր հագել։ Հետագայում Յատոն իր աշխատած գումարով Յուկինեի համար նոր հագուստներ է գնում, ու Յուկինեն սկսում է հանդես գալ հիմնականում կապույտ շապիկով, մուգ կապույտ ջինսով ու ձմեռային գլխարկով:
Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուկինեն մանգայում հայտնվելուն պես շատ դաժան ու սառնասիրտ պատանու տպավորություն էր թողնում. նա այդպիսին էր իր հոգի լինելու պատճառով: Յուկինեն չէր համակերպվում այն փաստի հետ, որ մահացել է ու չի ապրել իր հասակակիցների հետ ու նրանց պես: Յուկինեն գնում էր ավագ դպրոց, նայում զվարճացող պատանիներին ու երիտասարդներին ու լաց լինում` հասկանալով, որ չի կարող նրանց նման լինել: Նյարդային նոպաների մեջ Յուկինեն սկսում է կոտրել դպրոցի պատուհանները` այնտեղ խուճապ առաջացնելով:
Յուկինեն նաև շատ գթասիրտ է, շատ է խղճում չար ոգիներին, ինչի պատճառով նրանցից մեկի զոհն էր դարձել` համարյա թե փոխակերպվելով չար ոգու: Նրան փրկեցին Բիշամոնի ու Կոֆուկուի Շինքիները:
Հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Յատո. Յուկինեն սկզբում ատում էր Յատոյին ու մտածում, թե նա նրան միայն օգտագործում է: Հետագայում նրանց հարաբերությունները հարթվեցին, ու նրանք դարձան լավ ընկերներ, գրեթե հայր ու որդի:
Հիյորի. Հիյորին միակ մարդն էր, ով իսկապես անհանգստանում էր Յուկինեի համար: Դրա համար էլ Յուկինեն միայն նրա օգնությունն էր ընդունում:
Բիշամոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիշամոն (ճապ.՝ 毘沙門 Բիշամոն) պատերազմի ամենահզոր աստվածուհին է համարվում։
Բիշամոնն ամենաշատ Շինքիներ ունեցող աստվածներից է, ու նա միակ աստվածն է, ով շատ լավ է վերաբերվում իր Շինքիներին` համարելով նրանց իր ընկերներն ու խորհրդատուները: Այդ իսկ պատճառով էլ Բիշամոնը ատում է Յատոյին ու ամեն անգամ նրան տեսնելիս ցանկանում է սպանել: Պատճառն այն է, որ Յատոն անցյալում սպանել էր մի Շինքիի, ով մեծ նշանակություն ուներ Բիշամոնի համար: Բիշամոնն իր կյանքի մի մասն անցկացրել է Յատոյին փնտրելով ու նրան սպանելու ծրագրեր մշակելով:
Բայց նրանց առաջին կռվի ժամանակ Բիշամոնը ոչ միայն չհաղթեց, այլև վնասվեցին նրա Շինքիներից երկուսը: Նա մեծ վնասվածք հասցրեց Յատոյին, բայց ամեն ինչ վերջացավ Կոֆուկուի հիմար քայլով, ով իր Շինքիին օգտագործեց հոգիների դարպասը բացելու համար: Այդպես նա վերջ դրեց նրանց կռվին, բայց դարձավ հոգիների ներխուժման պատճառը:
Բիշամոնն ունի ութ Շինքի ու մեկ առյուծ: Նրա Շինքիները փոխակերպվում են տարատեսակ զենքերի: Բիշամոնը առաջին ու վերջին անգամ օգնեց Յատոյին` սպանելով չար ոգիներին այն ժամանակ, երբ Ռաբոն սպառնում էր կործանել աշխարհը: Բիշամոնը երբեք հետ չի կանգնում իր նպատակներից: Ամեն հնարավոր դեպք նա օգտագործում է, որ պատժի Յատոյին: Բիշամոնը շատ հոգատար է իր Շինքիների հանդեպ, երբեք չի սկսում կռվել, եթե գիտի, որ Շինքիներին վտանգ է սպառնում:
Իր գործողություններն համարում է «անհրաժեշտ չարիք, էլ ավելի մեծ չարիք ոչնչացնելու համար»։ Այդ ավելի մեծ չարիքը, Բիշամոնի կարծիքով, Յատոն է: Շատ ջերմ է վերաբերվում իր Շինքիների հետ և համարում նրանց իր «երեխաները»:
Սեյուն Միյուկի Սավաշիրոն է։
Բիշամոնի Շինքնիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուրահա. Կուրահան Բիշամոնի գերարտոնության տակ գտնվող ութ Շինքիներից մեկն է: Կուրահան փոխակերպվելիս դառնում է առյուծ, որի աջ աչքին սպի կա:
Որպես մարդ Կուրահան բավական բարձրահասակ է, ունի մոխրագույն մազեր, մորուք ու բեղեր: Կրում է սև կոստյում, ինչպես և Բիշամոնի մյուս բոլոր Շինքիները:
Կուրահան Բիշամոնի ամենահարազատ Շինքիներից է, օգնում է Բիշամոնին ու պատրաստ է նրա համար զոհողության գնալ ցանկացած պահի: Կուրահան ծանր վնասվել էր, երբ Բիշամոնը մարտնչում էր Յատոյի հետ:
Մանգայում Կուրահան հայտնվում է 6-րդ գլխում, իսկ անիմեում ` 7-րդ սերիայում:
Կինուհա. Կինուհան Բիշամոնին ենթարկվող կին Շինքիներից մեկն է, փոխակերպվելիս մտրակ է դառնում: Կինուհան Բիշամոնի կողմից ամենաշատն օգտագործված Շինքին է:
Կինուհան ունի շագանակագույն մազեր ու աչքեր: Կրում է Բիշամոնի Շինքիների համազգեստը: Փոխակերպվելուց բացի, ինչպես մյուս բոլոր Շինքիները, Կինուհան նույնպես կարողանում է պատնեշ ստեղծել իրեն հոգիներից պաշտպանելու համար:
Կինուհան մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, անիմեում՝ 7-րդ սերիայում:
Քազումա. Քազուման Բիշամոնի թվով երրորդ Շինքին է: Վերլուծելով իրավիճակը՝ Քազուման համակարգում է իր աստվածուհու գործողությունները։ Որպես Շինքի նրան անվանում են Չոկի: Քազուման փոխակերպվում է ծաղկաձև ականջի օղի: Օղ դառնալով Քազուման օգնում է Բիշամոնին հետևել ու գտնել թշնամուն: Ունակ է հետևել թշնամիներին և տեսնել բացասական էներգիայի կուտակումները։ Նախքան Շինքի դառնալը, Քազուման մի հասարակ մեխ-ականջօղ էր և զենք չէր համարվում, ինչի համար նրան արհամարհում էին իր տոհմի ավագ Շինքիները։
Քազուման ակնոցավոր, կարճ շագանակագույն մազերով ու մուգ կանաչ աչքերով Շինքի է: Լուրջ ու լռակյաց Շինքի է: Բացի իր տիրակալին օգնելուց Քազուման նաև գաղտնիորեն օգնում է Յատոյին ու Յուկինեին, երբ նրան դժվարությունների մեջ են ընկնում, քանի որ պարտք է Յատոյին ու հավատարիմ է նրան: Քազուման լավ է վերաբերվում նաև Հիյորիին: Հիյորին նույնպես վստահում է Քազումային:
Քազուման օգնել է Յուկինեին, երբ նա չար հոգիների ազդեցության տակ էր ու գրեթե փոխակերպվում էր հոգու:
Քազուման մանգայում առաջին անգամ հայտնվում է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 5-րդ սերիայում:
Սեյուն Ջուն Ֆուկույաման է։
Քարուհա. Քարուհան Բիշամոնի Շինքիներից մեկն է: Փոխակերպվելով դառնում է ատրճանակ: Որպես Շինքի նրան անվանում են Գաիկի:
Քարուհան կարմիր աչքերով, ցածրահասակ ու շիկահեր մի աղջնակ է․ Քազուհայի զույգ քույրն է:
Նա առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում:
Քազուհա. Քազուհան ատրճանակի փոխակերպվող Շինքի է: Մինչև Շինքի դառնալը Քազուհայի անունը եղել է Սուուկի:
Քազուհան էլ զույգ քրոջ ` Քարուհայի նման կարմիր աչքերով, շիկահեր ու ցածրահասակ Շինքի է: Քազուհան հավատարիմ, բայց շատ հետաքրքրասեր Շինքի է:
Նա առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում:
Ակիհա. Ակիհան դաշույնի փոխակերպվող Շինքի է: Հանդիսանում է Բիշամոնի հարձակման հիմնական զենքերից մեկը:
Կարճլիկ, մեծահասակ Շինքի է, ունի շագանակագույն մազեր: Բացի Շինքիների համազգեստ կրելուց նաև գլխարկ ու ակնոցներ է կրում:
Առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում:
Ցուգուհա. Ցուգուհան Բիշամոնի կին Շինքիներից է: Փոխակերպվելով դառնում է Բիշամոնի մարտի դաշտի հագուստը: Ցուգուհան դառնում է վերարկու, կրծկալ ու ցանկացած հագուստ, որը Բիշամոնը կարող է կրել կռվելիս:
Ցուգուհան ոչ այնքան բարձրահասակ Շինքի է: Ունի բաց շագանակագույն մազեր ու մուգ շագանակագույն աչքեր: Ինչպես և բոլոր Շինքիները, Ցուգուհան նույնպես հոգիներից պաշտպանող պատնեշ է ստեղծում:
Առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում:
Յուգիհա. Յուգիհան հսկայական թրի փոխակերպվող Շինքի է: Նա նույնպես Բիշամոնի ութ Շինքիներից է: Բավական բարձրահասակ է, ունի մուգ կապույտ մազեր ու շագանակագույն աչքեր: Ի տարբերություն Բիշամոնի մյուս Շինքիների, Բիշամոնը Յուգիհային մարտի դաշտում քիչ է օգտագործում:
Յուգիհան առաջին անգամ մանգայում հայտնվել է 7-րդ գլխում, իսկ անիմեում՝ 7-րդ սերիայում:
Կոֆուկու[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոֆուկուն (ճապ.՝ 小福 Կոֆուկու) դժբախտության կամ չքավորության աստվածուհին է: Յատոյի համար նա շատ բան է անում: Կոֆուկուն շատ բարի, բայց տարօրինակ աստված է: Պատրաստ է ամեն պահի օգնել Յատոյին, երբ նա փորձանքի մեջ է: Նա նույնիսկ ռիսկի դիմելով օգնել է Յատոյին, երբ վերջինս կռվում էր Բիշամոնի հետ: Կոֆուկուն ընդամենը մեկ Շինքի ունի՝ Դայկոկուն: Դայկոկուն ամեն կերպ փորձում է պաշտպանել Կոֆուկուին փորձանքներից ու Յատոյից:
Կոֆուկուն վարդագույն մազերով աստվածուհի է:
Սեյուն Ակի Տոյոսակին է։
Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ էներգետիկ է ու քաղաքավարի: Կոֆուկուն շատ լավ է վերաբերվում Հիորիին: Քանի որ նա դժբախտության աստվածուհի է, մարտում միայն կարող է ոչնչացնել ամեն ինչ, այդ իսկ պատճառով նույնիսկ Բիշամոնը վախենում է մենամարտի բռնվել նրա հետ: Նա կարողանում է դժբախտություն բերել: Որպեսզի մարդկանց չվախեցնի, նա աշխատում է Էբիսու կեղծանունով առևտրի և հաջողության աստծո հետ:
Կոֆուկուն մի սովորություն ունի. հանդիպում է տղաների հետ, իսկ հետո անհետանում նրանց կյանքից` թողնելով նրանց իրեն սիրահարված: Մի անգամ նրան սիրահարված տղաներից մեկը ինքնասպանության փորձ արեց, սակայն շենքից ընկնելու ժամանակ Յատոն նրա հետ խոսեց ու ստիպեց մոռանալ Կոֆուկուին` այդպիսով փրկելով նրան: Կոֆուկուն նաև Բիշամոնի մոտ ընկերներից է, բայց նա թաքցնում է իր ու Յատոյի մտերմությունը, որովհետև դա կարող է շատ վատ անդրադառնալ նրանց հարաբերությունների վրա:
Դայկոկու[խմբագրել | խմբագրել կոդը]
Դայկոկու (ճապ.՝ 大黒 Դայկոկու) Կոֆուկոյին պատկանող Շինքին է: Խիստ մարդ է, ով կասկածամտորեն է վերաբերվում շատ բաների: Ծխում է։ Շատ է սիրում իր աստվածուհուն․ այնքան, որ Յուկինեն ու Հիորին նրանց հետ առաջին հանդիպման ժամանակ մտածում են, որ Դայկոկուն ու Կոֆուկուն ամուսնացած են:
Որպես Շինքի, Դայկոկուն ստանում է հովհարի ձև, որը թափահարվելով Կոֆուկուն կարող է Այակաշի հարթութունում խոռոչ բացել: Զենքի անվանումը Կոկի է:
Սեյուն Դայսուկե Օնոն է։
Ռաբո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաբո (ճապ.՝ 蠃蚌 Րաբո) «Նորագամի»-ի չարագործ աստվածներից մեկն է: Ունի միայն մեկ Շինքի` Նորան:
Ռաբոն հայտնվում միայն անիմեում, այն էլ՝ միայն վերջին սերիաներում. նրա մասին ոչ մի խոսք չկա մանգայում: Ռաբոն բարձրահասակ, մոխրագույն մազերով աստված է: Ռաբոն հոգատար աստված է, երբ հարցն իր հարազատներին է վերաբերում, բայց սառնասրտորեն սպանում է մարդկանց, հոգիների, Շինքիների ու նույնիսկ աստվածների:
Ռաբոն ծնվել է որպես մարդ, հետո վերածնվել որպես աստված: Նա աշխատում էր Յատոյի հետ. նրանք միասին հոգիների էին սպանում: Ռաբոն միակն էր, որ իրեն էր ենթարկում ցանկացած հոգու:
Հետագայում` Յատոյի փոխվելուց հետո, Ռաբոն ցանկանում էր նրան հետ բերել: Իր դաժան արարքներով նա, Յատոյին օգնելու փոխարեն, վնասեց նրան, ինչն էլ դարձավ նրանց կռվի պատճառը: Ռաբոն ամեն ինչ արեց Յատոյին հետ բերելու համար, բայց պարտվեց:
Նորա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորա (ճապ.՝ 野良 Թափառական)․ Յատոյի Շինքին։ Շատ անուններ ունենալու պատճառով Նորայի ամբողջ մարմինը ծածկված է անվանական դաջվածքներով: Դիմակների օգնությամբ Նորան կարող է վերահսկել այակաշին: Պարբերաբար փորձում է Յատոյին վերադարձնել իրենց ընդհանուր հորը: Կարծում է, որ Հիորին և Յուկինեն թուլացնում են Յատոյին: Յատոյի հայրը Նորային անվանում է Միզուչի: Յատոն նրան տվել է Հիրո անունը: Սեյուն Րիե Կուգիմիան է։
Տենջին[խմբագրել | խմբագրել կոդը]
Տենջին (ճապ.՝ 天神) «Նորագամի»-ի աստվածներից մեկն է: Համարվում է դպրության ու գիտությունների աստվածը: Նա անընդհատ մեջբերումներ է անում պոեզիայից: Տենջինի Շինքին՝ Մայուն, նախկինում ծառայել է Յատոյին։
Նա ունի մեծ տաճար, ինչով սիրում է ծաղրել Յատոյին: Տենջինը հաճախ է օգնում Յատոյին կամ էլ ուղարկում իր Շինքիներին Յատոյին օգնելու, երբ դրա կարիքը լինում է:
Տենջինը բարի աստված է, նաև փոքր-ինչ կատակասեր: Տենջինը նույնպես լավ է վերաբերվում իր Շինքիներին: Տենջինը` որպես դպրության ու ուսուցանման աստված, օգնում է մարդկանց, որոնք աղոթում են իրեն. նա օգնում է նրանց ընտրել ճիշտ ճանապարհ: Ի տարբերություն Յատոյի, որը մարդկանց ցանկությունները կատարում է հինգ էնով, Տենջինը դրանք կատարում է միայն տասը հազար էնով:
Սեյուն Տարու Օկավան է։
Մայու[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայու (ճապ.՝ 真喩) Տենջինի Շինքին է։ Ծխելու համար նախատեսված խողովակի տեսք ունի:
Երիտասարդ աղջիկ է՝ կարճ մուգ մազերով և կանաչ աչքերով: Մանգայի սկզբում, երբ նա դեռ Յատոյի զենքն էր, որպես զենք ուներ դաշույնի տեսք: Չնայած նրան, որ Մայուն արհամարհում է Յատոյին, նրան լավ աստված է համարում է, և երբեմն էլ օգնում է Յատոյին: Մայուն հոգ է տանում Յուկինեի մասին, սիրում է խոսել նրա հետ: Մայուն Յուկինեի մաքրման ծեսը կատարած Շինքիներից մեկն է: Յատոն նրան տվել էր Տոմանե (ճապ.՝ 伴音) անունը:
Սեյուն Ասամի Իմայն է։
Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանգայի անիմե ադապտացիայի թողարկման մասին տեղեկություններ առաջին անգամ հայտնվել են 2013 թվականի սեպտեմբերի 6-ին, Bones ստուդիայի Monthly Shonen Magazine ամսագրում։[5] Նոյեմբերի 10-ին, «Անիմե Փառատոն Ասիա»֊յում, Bones-ը հայտարարեց, որ ռեժիսորը կլինի Կոտարու Տամուրան, իսկ սցենարի հեղինակիները՝ Դեկո Ակայոն և Տոշիհիրո Կավամոտոն։ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի են դարձել հերոսներին հնչյունավորող դերասանները։[6]: Անիմեի առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 10-ին, ասիական անիմեփառատոնի ժամանակ[7]: Հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 5-ին, Տոկիոյի MX հեռուստաալիքով: Այն ցուցադրվել է նաև MBS, BS11 և TVA ալիքերի ուղիղ եթերում: Երկրորդ եթերաշրջանը շարունակել է թողարկել Bones ընկերությունը, այն մեկնարկելով 2015 թվականի հոկտեմբերի 3-ին:
Հեռուստատեսային հիմնական սերիաներից բացի, մանգայի 7-րդ տոմի հիման վրա թողարկվել են նաև երկու լրացուցիչ դրվագներ։
«Կեսգիշերային Հանդիպումը» (ճապ.՝ 午夜の待ち合わせ Գոյա նո Մաչիավասե) օփենինգի երգը կատարել են Շունտարոն և «Hello Sleepwalkers»-ը։ «Սրտի ընկալումը» (ճապ.՝ ハートリアライズ Հաատո Րիարայզու, Heart Realize) էնդինգի երգը կատարել են Supercell-ը և Tia-ն։ Անիմեի երկրորդ եթերաշրջանի «Հե՜յ, երեխաներ» օփենինգի երգը կատարել է The Oral Cigarettes-ը, իսկ «Նիրվանա» (ճապ.՝ ニルバナ Նիրուբանա) էնդինգի երգը՝ Tia-ն[8]։
Արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի փետրվարի երկրորդ կեսին Նորագամին առաջին անգամ մուտք է գործում Ճապոնիայի բեսթսելլերների ցուցակ[9][10]։ Մանգան այդ ցուցակում է ներառվել նաև 2013 թվականի հունիս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսների երկրորդ կեսերին[11][12][13][14]։ 2014 թվականին մանգան վաճառքի ցուցանիշներով զբաղեցնում էր 14-րդ տեղը Ճապոնիայում։[15]
Tong Li Publishing Co., Ltd. ընկերությունը հրատարակել է մանգան Թայվանում։[16][17] Ռուսերենով մանգան հրապարակել է XL Media ընկերությունը, «Бездомный бог» վերնագրով:[18]
Յատոն հայտնվել է լավագույն գլխավոր հերոսների ցանկում առաջին հորիզոնականում, իսկ Հիյորին` լավագույն անիմե հերոսուհիների ցանկի առաջին հորիզոնականում։ Միասին ` որպես զույգ, Յատոն ու Հիյորին հայտնվել են նաև լավագույն զույգերի վարկանիշային ցուցակում: Անիմեի ձմեռային սեզոնի ավարտից հետո սկսվեց վերջնական քվեարկությունը, որից արդյունքում «Նորագամի»-ն դարձավ եթերաշրջանի լավագույն անիմեն` հավաքելով քվեարկողների 71,89% ձայները:
Անիմեն ԱՄՆ-ում արտոնագրել է Funimation-ը, իսկ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ Madman Entertainment-ը։[19][8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 「アライブ」あだちとか新連載、主人公は気分屋の自称"神" (ճապոներեն)։ Natalie.mu։ 2010, դեկտեմբերի 6։ Վերցված է 2013, նոյեմբերի 28
- ↑ ノラガミ(1) (月刊マガジンコミックス) (ճապոներեն)։ Amazon.co.jp։ Վերցված է 2013, նոյեմբերի 28
- ↑ ノラガミ(18) (講談社コミックス月刊マガジン); あだちとか 本 通販 (ճապոներեն)։ Amazon.co.jp։ Վերցված է 2018, հունվարի 20
- ↑ CD付き ノラガミ(9)限定版 (講談社キャラクターズA) (ճապոներեն)։ Amazon.co.jp։ Վերցված է 2013, նոյեմբերի 28
- ↑ BONES Animates Noragami With Cowboy Bebop’s Kawamoto
- ↑ Hiroshi Kamiya, Maaya Uchida, Yuuki Kaji Lead Noragami Anime’s Cast
- ↑ «AFA: Anime Festival Asia 2013»։ Անիմե Փառատոն Ասիա։ Վերցված է 2013, նոյեմբերի 29
- ↑ 8,0 8,1 «Funimation֊ը կհեռարձակի «Նորագամի» գերբնական անիմեն»։ Անիմե Նյուզ Նեթվորք։ 2013, դեկտեմբերի 24։ Վերցված է 2013, դեկտեմբերի 24
- ↑ Japanese Comic Ranking, February 11-17
- ↑ Japanese Comic Ranking, February 18-24
- ↑ Japanese Comic Ranking, June 17-23
- ↑ Japanese Comic Ranking, October 14-20
- ↑ Japanese Comic Ranking, October 21-27
- ↑ Japanese Comic Ranking, December 16-22
- ↑ «Ճապոնիայում ամենաշատ վաճառվող մանգաներն ըստ սերիաների․ 2014 (առաջին կեսը)»։ Անիմե Նյուզ Նեթվորք։ 2014, հունիսի 3։ Վերցված է 2014, նոյեմբերի 7
- ↑ Noragami (manga)
- ↑ Tong Li Publishing Co., Ltd
- ↑ ««Անտուն Աստված» մանգայի առաջին հատորը հասանելի է պատվերների համար»։ 2016, հուլիսի 7։ Արխիվացված է օրիգինալից 2016, հոկտեմբերի 11-ին։ Վերցված է 2016, հոկտեմբերի 1
- ↑ «Նորագամի (TV)»։ Անիմե Նյուզ Նեթվորք։ Վերցված է 2015, հոկտեմբերի 24