Աննա Տեր-Վարդանյան
Աննա Տեր-Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1920 |
Մահացել է | օգոստոսի 4, 2011 (90 տարեկան) |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Detroit Business Institute? |
Մասնագիտություն | ռազմածովային սպա |
Anna DerVartanian Վիքիպահեստում |
Աննա Տեր-Վարդանյան (անգլ.՝ Anna Der-Vartanian, դեկտեմբերի 6, 1920 - օգոստոսի 4, 2011), ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին Գերագույն Գլխավոր Ավագ (Master Chief Petty Officer, E-9)[1]։
Գերագույն գլխավոր ավագ կոչումը Աննա Տեր-Վարդանյանն ստացել է 1959 թվականին Նյուպորտ քաղաքի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում որպես Global Strategy Officer-ի օգնական ծառայության ժամանակ և դարձել է և մնում է ԱՄՆ զինված ուժերում ծառայող առաջին կինը, որն արժանացել է E-9 կոչման[2]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Տեր-Վարդանյանի ծնողները ցեղասպանությունից մազապուրծ փախստականներ էին, ովքեր Խարբերդից հասել էին ԱՄՆ՝ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաք 1918 թվականի վերջերին։ Հայրը` Մաթևոս Տեր-Վարդանյանը 27 տարեկան էր, իսկ մայրը` Արուսյակ Գալուստյանը 21 տարեկան, երբ ծնվել է նրանց դուստրը` Աննան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականին։ Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ 1936-1939 թվականներին սովորել է Հարավարևմտյան ավագ դպրոցում, 1941-1942 թվականներին՝ Դետրոյթի բիզնես համալսարանում։ Համալսարանական տարիներին Աննան զինվորագրվել է Կանանց օդային օժանդակ կորպուսում (WAAC)։ 1943 թվականի օգոստոսի 31-ին հեռացել է Կանանց օդային օժանդակ կորպուսից՝ միանալով Կանայք արտակարգ իրավիճակներում կամավոր ծառայությանը (WAVES)։
Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց Տեր-Վարդանյանը կամավոր զինվորագրվել է ԱՄՆ ռազմածովային նավատորմ, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր, մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Աննան եղել է գրեթե բոլոր թեժ կետերում՝ Փերլ Հարբորից սկսած։
Նավում կնոջ գտնվելու փաստը միայն, արդեն սնոտիապաշտական ազդեցություն ունի նավաստիների համար։ ԱՆնա Տեր-Վարդանիյանին նավի վրա ընդուել էին բունտով, իսկ «վատ նշան» համարվող այդ աղջնակը դառնալու էր նրանց հրամանատարը և «ամերիկյան նավատորմի թալիսմանը»։
Թոշակի է անցել 1963 թվականի հուլիսի 16-ին, որից հետո ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպան, մտել է ԿՀՎ, անմիջապես զբաղեցրել է ԿՀՎ-ի՝ Մերձավոր Արևելքի բաժնի ավագ անալիտիկի պաշտոնը հակահետախուզական բաժնում և գործուղղվել՝ Սիրիա, Պաղեստին, Բեյրութ, Եգիպտոս, Թունիս, Ալժիր։ Նրա թղթապանակը մինչ օրս էլ գաղտնազերված չէ ու մնում է Ամերիկյան ԿՀՎ-ի հույժ գաղտնի «Top Secret» դարակում։
2007 թվականին, արդեն 87-ամյա՝ ԱՄՆ Ռազմածովային ուժերի և Հատուկ Ծառայությունների սպա՝ Աննա Տեր-Վարդանյանը հեռացել է պաշտոնից՝ տասնյակներով մեդալների արժանացած։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Տեր-Վարդանյանը մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին, 90 տարեկան հասակում։
«Չնայած նրա գործունեության բազմաթիվ գովասանքներին, մեկ նշանակալի զոհողություն չի նշվում Տեր-Վարդանյանի կենսագրության մեջ՝ ընտանիք չունենալու նրա ընտրությունը։ Երբ Տեր-Վարդանյանն առաջին անգամ միացավ ռազմածովային ուժերին՝ քառասունական թվականներն էին, կանայք իրավունք չունեին զավակներ ունենալուց հետո համազգեստով մնալու ծառայության մեջ», - ասել է Ջեսիկա Մայերսը՝ Կանանց քաղաքականության գրասենյակի գլխավոր ավագ խորհրդականը[2]։
Երբևէ ամուսնացած չի եղել։ Մահացել է զարմիկների տանը, այդպես էլ Հայաստանը չտեսնելով։ Թաղված է Արլինգտոնի ազգային գերեզմանատանը (հատված՝ 60, տեղ՝ 9833) ԱՄՆ Ռազմածովային Ուժերի բոլոր պատիվներով[3]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անբասիր ծառայության մեդալ (6)
- Ամերիկյան կամպանիայի մեդալ
- Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ (ԱՄՆ)
- Ազգային պաշտպանական ծառայության մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը». armedia.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 2,0 2,1 Affairs, Ens Amber Lynn Daniel | Diversity and Inclusion Public. «Navy's first female master chief petty officer laid to rest at Arlington». Military News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Fifty years ago, female veteran made a splash in Navy». The Virginian-Pilot. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Տեր-Վարդանյան կատեգորիայում։ |