Jump to content

Ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակադեմիա (հին հունարեն՝ Ἀκαδημία) կամ կաճառ[1][2][3][4][5], գիտական, ուսումնական, գեղարվեստական և այլ հիմնարկների ու ընկերությունների անվանում։ «Ակադեմիա» բառը ծագել է դիցաբանական հերոս Ակադեմոսի անունից, ի պատիվ որի Աթենքի մոտ մի տեղավայր կոչվել է նրա անվամբ, ուր և մ. թ. ա. 4-րդ դար Պլատոնը (տես Պլատոնյան ակադեմիա) իր աշակերտներին դասախոսություններ էր կարդում։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

Անվան արմատները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցաբանական աղբյուրների համաձայն` ժամանակին Աթենքի շրջանում ապրում էր Ակադեմոս անունով հերոսը։ Երբ Աթենքի արքա Թեսևսը առևանգում է Հեղինեին, Հեղինեի եղբայրները ՝ Երկվորյակներ Կաստորը և Պոլուքսը , հետապնդում են առևանգողին, Ակադեմոսը ցույց է տալիս եղբայրներին, թե որտեղ է թաքցված իրենց քույրը։ Ի հիշողություն այդ արարքի, երբ սպարտացիները ասպատակում էին աթենական հողերը, նրանք չեն ամայացնում այն անտառակը, որտեղ ապրել էր Ակադեմոսը։ Այդ տարածքը` ակադեմիան, դառնում է խաղաղության և հանգստության մի առանձնացված կղզյակ։ Պլատոնը այստեղ գնում է իր տունը, որի դարպասներին գրում է. «Երկրաչափություն չիմացոնղերի մուտքը արգելված է»։ Այստեղ է Պլատոնը անցկացնում իր ժամանակի մեծ մասը, գրում և զրուցում իր աշակերտների հետ[6]։

Հելենիստական դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիստական դարաշրջանում ստեղծվեցին գիտական ընկերություններ, որոնք ըստ էության ակադեմիաներ էին (Ալեքսանդրիայի մուսեյոն, մ. թ. ա. 3-րդ դար)։ Միջնադարում Արևելքում մեծ տարածում գտան «Իմաստության տներ»–ը՝ Բաղդադում (9-րդ դար), «Մամունի ակադեմիա»–ն՝ խորեզմում (11-րդ դարի սկիզբ), աստղադիտարաններին կից գիտական ընկերությունները՝ Մարաղայում (13-րդ դար), Սամարղանդում (15-րդ դարր)։ Փաստորեն միջնադարյան Ակադեմիաների դեր էին կատարում Գլաձորի, Տաթևի, Անիի, Հաղպատի, Սանահինի, Բարձրբերդի և Հայաստանի մի քանի այլ վայրերում եղած համալսարաններն ու ճեմարանները։ 15–16 դարերում Ակադեմիա էին կոչվում Իտալիայի բազմաթիվ ընկերություններ, որոնք զբաղվում էին հիմնականում հումանիտար գիտություններով։

17-րդ դարի տարբեր երկրներում հանդես եկան մի շարք գիտական ընկերություններ՝ ակադեմիաներ, որոնց ուշադրության կենտրոնում բնագիտության պրոբլեմներն էին։ Նրանցում, ի հակադրություն սխոլաստիկայի, մշակվում էին հետազոտական–փորձարարական նոր, ճշգրիտ մեթոդներ։ 17-րդ դարի 2-րդ կեսից պետական իշխանությունների աջակցությամբ ստեղծվեցին ազգային գիտական կենտրոններ՝ Ակադեմիներ, օրինակ՝ Լոնդոնի թագավորական ընկերությունը (1660), Փարիզի ԳԱ (1666), Պրուսական ԳԱ՝ Բեռլինում (1700), Կայսերական ԳԱ՝ Պետերբուրգում (1724) ևն։ Ռուսաստանում բացի ԳԱ–ից գոյություն ուներ Ռուսաստանյան ակադեմիա (1783–1841), որն զբաղվում էր ռուսաց լեզվի և բանահյուսության հարցերով։ Այժմ կենտրոնական (համազգային) Ակադեմիներ կամ համանման հիմնարկներ կան բազմաթիվ երկրներում, շատ տեղերում՝ նույնիսկ մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է գիտությունների որևէ խումբ կամ մշակույթի որևէ բնագավառ։ Անգլիայում ԳԱ–ի դեր է կատարում Լոնդոնի թագավորական ընկերությունը, Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի ինստիտուտը՝ բաղկացած 5 ակադեմիաներից (այդ թվում՝ Փարիզի ԳԱ և այլն)։ Կապիտալիստական երկրների մի շարք Ակադեմիներ իրենց գործունեությունը հիմնականում սահմանափակում են գիտական աշխատությունների (գլխավորապես՝ Ակադեմիաի անդամների) հրապարակմամբ և քննարկմամբ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում ԳԱ–ները համապարփակ գիտական հիմնարկներ են՝ հետազոտական հզոր բազաներով (ինստիտուտներ, լաբորատորիաներ, գիտական կայաններ, գիտական խմբագրություններ և այլն), որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն հետազոտել ժամանակակից գիտությունների հիմնական պրոբլեմները, այլև կոորդինացնել գիտական հիմնարկների աշխատանքը։ Խորհրդային Միության գիտական գլխավոր եենտոոնր ԽՍՀՄ ԳԱ–ն է։ Գոյություն ունեն միութենական հանրապետությունների ԳԱ–ներ (օրինակ՝ Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիա) և ճյուղային Ակադեմիաներ՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա ևն։ Ակադեմիա են կոչվում նաև մի քանի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ (օրինակ՝ Սոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա) և այլն։ Արտասահմանյան երկրներում (մասնավորապես՝ ԱՄՆ–ում) Ակադեմի են կոչվում նաև մի շարք մասնավոր միջնակարգ ուսումնական հաստատություններ և գիտական կամ ուսումնական բնույթի հիմնարկներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Նոր Բառգիրք Հայ-անգլիարէն, Հայր Մատաթեայ Վարդապետ Պետրոսեան - կաճառ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  2. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - կաճառ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  3. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - կաճառ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  4. «Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - կաճառ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  5. «Հայերեն ստուգաբանական բառարան, Գեւորգ Ջահուկյան - կաճառ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
  6. «Հետաքրքիր Հունաստանը», Միխայիլ Գասպարով, էջ 128-129
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 211