Jump to content

Ախթալայի բազմամետաղային հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախթալայի բազմամետաղային հանքավայր
Տեսակհանքակուտակ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԼոռու մարզ

Ախթալայի բազմամետաղային հանքավայր, հանքավայր Հայաստանի Լոռու մարզում՝ Ախթալա երկաթուղային կայարանից 2 կմ հյուսիս-արևմուտք, համանուն երկաթուղային կայարանից 4 կմ հյուսիս–արևմուտք։

Հայտնի է VI դարից։ Ավելի որոշակի տեղեկությունները վերաբերում են XII դ., ընդմիջումներով շահագործվել է XII դարից։ Ախթալայի գործարանը հիմնադրվելուց հետո (1763), պղնձից և կապարից բացի, ստացվել է նաև արծաթ և ոսկի։ 1785-ին և 1795-ին հանքն ավերվել է և փակվել։ Հետագայում վերականգնել են հույն հանքափոր վարպետները, որոնք եկել էին Հերակլ II թագավորի հրավերով դեռևս 1760-ակաև թթ.։ 1887–1914-ին հանքավայրը շահագործել են ֆրանսիացի ձեռնարկատերերը։ Վերսկսել է գործել 1924-ին։ Հետախուզական մանրամասն աշխատանքներն սկսվել են 1932-ից։

Ախթալայի բազմամետաղային հանքավայր ծագումով միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքավայր է և դասվում է հրաքարային ֆորմացիային։ Հանքամարմինները (ոսպնյակներ, երակիկներ ևն) տեղադրված են միջին յուրայի հասակի հրաբխածին ապարներում (քվարցային պորֆիրների և պորֆիրիտների հպումային մասերում) միջօրեականի ուղղության բեկվածքի երկայնքով։ Ամենախոշոր ոսպնյակների չափերը կազմում են ըստ տարածման՝ 350–500 մ, ըստ անկման՝ 80–100 մ, իսկ հզորությունը՝ 8–12 մ։ Հանքամարմիններում նկատվում է հանքայնացման օրինաչափ տեղաբաշխում ըստ ուղղաձիգ կտրւ|սւծքի, վերին մասը սովորաբար գրավում է բարիտը, որի տակ գտնվում են հոծ, իսկ ավելի խոր՝ երակիկա–ցանավոր և ցանավոր բազմամետաղային հանքանյութերը։ Վերջիններս կազմված են սֆալերիտից, գալենիտից, պիրիտից, խալկոպիրիտից, խառնուրդի ձևով հանդիպում են բոռնիտ, արգենտիտ, բնածին արծաթ, բնածին ոսկի են։ Հիմնական երակային միներալներն են բարիտը և քվարցը։ Մետաղների պարունակությունը հանքանյութում կազմում է՝ Cս 0,6-1,95%, Pb 0,7-5,7%, Zn 2,9-13,0%։

Միջին ջերմաստիճանի ջրաջերմային, հրաքարային հանքավայր է՝ ծագումնաբանորեն կապված յուրայի հրաբխային գործունեության հետ։ Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, սֆալերիտ, խալկոպիրիտ, գալենիտ միներալներից։ Հանքանյութը հոծ, երակիկացանավոր և ցանավոր է։ Առավել հարուստ հանքանյութը պարունակում է նաև կապար, ցինկ, պղինձ, կադմիում, ոսկի, արծաթ։

Ոսպնյականման, շտոկանման (զանգվածային) և ժապավենաձև շուրջ 13 հանքամարմինները տեղադրված են հանք պարունակող քվարցային դացիտների գմբեթային մասում։ Հանքամարմինների հաստությունը 5-20 մ է, լայնությունը՝ 75-95 մ, երկարությունը՝ 350-500 մ։

Սկզբում հանքավայրից կորզվել են միայն արծաթ և ոսկի, հետագայում՝ նաև պղինձ, ցինկ, կապար, կադմիում, բարիում և պիրիտ։ 1986 թվականին հանքանյութի պաշարների նվազման և արդյունահանման անշահավետության պատճառով հետախուզական և շահագործողական աշխատանքները դադարեցվել են։ 1998 թվականից «Մետալ Պրինց» ընկերությունը վերսկսել է հետախուզական և հանութային աշխատանքները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Степанянц О. С., Ахтальское полиметаллическое месторождение, Е., 1938
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 199
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։