Ալեքսանդրապոլ ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | մշակութային արժեք և ամրոց |
Վարչական միավոր | Գյումրի[1] |
Երկիր | Հայաստան[1] |
Կազմված է մասերից | Եկեղեցի Սբ. Ալեքսանդրա |
Aleqsandrapol fortress Վիքիպահեստում |
Ալեքսանդրապոլ ամրոց (նաև՝ Մեծ ամրոց), պաշտպանական կառույցների համալիր, ամրոց և պատմամշակութային հուշարձան Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Գտնվում է քաղաքի հարավ-արևմտյան մասում։ Կառուցվել է 1835-1845 թվականներին։ Ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1830-ական թվականներին Գումրի բնակավայրի մեծանալուն զուգահեռ կարևորվում է նաև նրա քաղաքական, ռազմական և տնտեսական նշանակությունը։ Այս հանգամանքով էր պայմանավորված, որ Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ը 1834 թվականի հունիսի 2-ին հրաման արձակեց նոր ամրոցի նախագծի կազմման վերաբերյալ։ Ռազմական կառույցը կառուցվել է 10 տարվա ընթացքում՝ ամրոցաշինական նոր կանոնների համաձայն[2]։
1837 թվականի հոկտեմբերի 3-ին Ախալցխայի վրայով Գումրի է գալիս Նիկոլայ 1-ին կայսրը։ Ուսումնասիրելով բերդի տեղանքը նա միաժամանակ որոշում է հիմնադրել ուղղափառ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցին։ Նոր կառուցված բերդամրոցը 1836 թվականին կոչվել է Ալեքսանդրապոլ և ոչ թե Գումրի, իսկ 1837 թվականից Գումրին, ստանալով քաղաքի կարգավիճակ, իր վրա է վերցնում նաև բերդի Ալեքսանդրապոլ անվանումը[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրապոլ ամրոցը հյուսիս-արևելք ձգված գրեթե ուղղանկյուն հատակագծով շինություն է և տեղանքի անհարթության պատճառով միայն մի կողմն է ստացել ձևավորություն՝ պարսպապատ բերդապատերով։ Նորակառույց բերդահամալիրի մեջ մտնում էին զորանոցներ (մինչև 15,000 զինվորի համար), զինամթերքի, զինահանդերձանքի և պարենամթերքի պահեստներ, եռահարկ քարե ամուր պարսիպներով հիվանդանոց, կոմունալ-տնտեսական նշանակության տարբեր շինություններ։ Ամրությունն ունեցել է վառոդի 36 սենյակ, 200 թնդանոթ, ցորենով ու գարիով լցված ամբարներ[2]։
Տեղի հմուտ վարպետների ձեռքով կառուցված բերդն իր փառահեղ դիրքով քաղաքին յուրահատուկ շուք ու հանդիսավորություն է տվել։ Հանդիսանալով ամրոցաշինության նոր խոսքի դրսևորում` Ալեքսանդրապոլը ուղղակիորեն հնարավոր չէր համեմատել տարածաշրջանի մեկ այլ նմանօրինակ կառույցի հետ, որը իրապես համարվում էր դարի զինվորական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը[2]։
Աշտարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան դեպի հյուսիսային ամրոց, 1878 թվական
-
Ալեքսանդրապոլի բերդի հյուսիսային (Կարմիր) ամրոց
-
Սողանցքներ
Ղրիմի պատերազմից հետո՝ 1850-ական թվականների վերջին, Ալեքսանդրապոլ ամրոցի աջ և ձախ կողմերն ամրապնդվում են առանձին «Հյուսիսային Ֆորտ» և «Հարավային Ֆորտ» ամրություննեով։ Կառուցված երկու մեծ աշտարակները՝ սև, կարմիր սրբատաշ տուֆաքարով պատճառ դարձան այն կոչելու «Սև բերդ» («Հարավային») և «Կարմիր բերդ» («Հյուսիսային» «Փոքր»)։ Այդ աշտարակներն իրենցից ներկայացնում են շրջանաձև հատակագծով պաշտպանական կառույցներ։ Դրանք ներքևում ունեն մի քանի մուտքաձև բացվածքներ, իսկ դրանցից վեր կային կանոնավոր դասավորված պատուհանակերտ բացվածքներ՝ հրակնատներ, ամրոցի պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Ամրոցների ներսում պատերի երկայնքով տեղադրված են եղել զինանոցներ և այլ օժանդակ կառույցներ[2]։
2005 թվականից շարունակվել են Ալեքսանդրապոլ ամրոցի հարավային աշտարակի՝ Սև բերդի հնագիտական աշխատանքները։ Այս տարածքը հիմնականում իրենից ներկայացնում է մ․թ․ա․ 9-6-րդ դարերի դամբարանադաշտ։ Սև բերդի մեջ կատարված հողային աշխատանքների ժամանակ բացվել է նաև 18 մ խորությամբ, կոնաձև շարվածքով ջրհոր, որն ունեցել է քարե ծածկ[2]։
Զինվորի դամբարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականին Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց այսպես կոչված «Զինվորի դամբարան»-ը։ Թաղման խցում հայտնաբերվել է զենք, այստեղից էլ՝ դամբարանի անվանումը։ Համապատասխան զեկույցով նյութը ուղարկվել էր Սանկտ Պետերբուրգ և մինչև օրս այն պահվում է Էրմիտաժում։ 1900 թվականին գերմանացի պատմաբան Էմիլ Ռոսլերը հարվային աշտարակի՝ Սև բերդի ստորոտում կատարում է հնագիտական ուսումնասիրություններ և պեղում 4 դամբարան։ 1908 թվականին նույն տարածքում պեղումներ են իրականացնում և հայտնաբերված գտածոները նույնպես պահվում են Էրմիտաժում[2]։
Կումայրի բնակատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Ալեքսանդրապոլ ամրոցի մոտ հողային աշխատանքների ընթացքում բացվում է խեցեղենով և այլ նյութական մնացորդներով հարուստ մշակութային շերտ։ Այս տարածքը հայտնի է իր վաղ երկաթեդարյան դամբարաններով։ 1993 թվականին այստեղ կատարվում են հետախուզական պեղումներ՝ 130 քմ․ ընդհանուր մակերեսով։ Պեղված տարածքում հայնտաբերվել են մեծ քանակությամբ խեցանոթների բեկորներ, որոնք հիմնականում վերաբերվում են վաղ բրոնզի դարին։ Պեղումների ժամանակ բացվում է արևելք-արևմուտք ձգվածությամբ պատ, որը վնասված էր հիմնահողային թաղումների պատճառով։ Պատի պահպանված հիմնամասով գնտվում է 55 սմ խորության վրա բացված ավազախառն հետք ունեցող կավածեփ հատակի մեջ։ Հատակին 54 սմ խորության վրա հայնտաբերվել է 120 սմ տրամագիծ ունեցող կավածեփ օջախ, որի կենտրոնական մասը վնասված էր։ Պատի մոտ 30 սմ խորության վրա հայնտաբերվել են թրծակավից պատրաստած ցուլի խիստ ոճավորված արձանիկ[2]։
Հայնտաբերված դամբարանները ժամանակագրությամբ բաժանվում են 2 խմբի՝ ուշ բրոնզեդարյան և անտիկ։ Առաջին խումբն ընդգրկում է 3 դամբարան, որոնցում իրականացված էին առ կողքին պառկած, կծկված վիճակում դիադրմամբ թաղումներ, որոնք ուղեկցվում էին վերոհիշյալ ժամանակաշրջանին բնորոշ խեցեղենով և այլ նութերով (հմայիլ, գլանաձև կնիք, բրոնզե մատանի և այլն)։ Երկրորդ խմբի բոլոր 7 դամբարանների ուղղվածությունը արևելք-արևմուտք էր, անտիկ ժամանակաշրջանին բնորոշ թաղման ծեսով` առանց ուղեկցող նյութերի[2]։