XxxՀոլիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵռիքսաՀոլիք
×××ホリック
Ժանրֆենթեզի անիմե և մանգա և քրոսովեր
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Լեզուճապոներեն
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «ԵռիքսաՀոլիք» (բնօրինակ անվանում — ×××ホリック)

xxxHOLiC (ճապ.՝ ×××ホリック ×××Հորիքքու, ԵռիքսաՀոլիք) մանգան լույս է տեսել Weekly Young Magazine ամսագրում մի խումբ մանգակաների կողմից, որ հայտնի են «Clamp» անունով, 2003-ից մինչև 2011 թվականը։ Այն պատմում է Կիմիհիրո Վատանուկի անունով մի երիտասարդի մասին, ով գերբնական տեսիլքներ ունի։ Օրերից մի օր Վատանուկին հանդիպում Յուկո Իչիհարա անունով մի կախարդուհու, ով ցանկություններ իրականացնելու խանութ ունի և խոստանում է օգնել Վատանուկիին` ազատվելու իր տեսիլքներից։ Դրա դիմաց տղան պարտավորվում է աշխատել Յուկոյի մոտ։

xxxՀոլիք․ Ամռան գիշերվա երազը (ճապ.՝ xxxHOLiC 真夏ノ夜ノ夢 ×××Հորիքքու. Մանացու նո Յորու նո Յումե) ֆիլմը թողարկել է Production I.G. ստուդիան, 2005 թվականի օգոստոսի 20-ից։ Ռեժիսորն է Ցուտոմու Միձուշիման, երաժշտության հեղինակը` Ցունեյոշի Սայտոն։ Տևողությունը 60 րոպե է։

2006 թվականիից սկսվեց անիմե-սերիալի թողարկումը։ Նկարահանում է նույն ստուդիան, ինչ որ ֆիլմը` նույն ռեժիսորի ղեկավարությամբ։ Այն բաղկացած է 24 րոպե տևողությամբ 24 սերիայից։ 2008 թվականի ապրիլի 4-ից հունիսի 27-ը հեռարձակվել է սերիալի երկրորդ եթերաշրջանը։

Անիմե սերիալից հետո թողարկվել է նաև 3 OVA շարունակություն` երկու սերիայից բաղկացած։ «xxxՀոլիք․ Գարնան երազ» (ճապ.՝ ×××HOLiC 春夢記 ×××Հորիքքու. Շունմուքի)֊ն թողարկվել է 2009 թվականի փետրվարի 17-ից 2009 թվականի հունիսի 23-ը, «xxxՀոլիք․ Վանդակ» (ճապ.՝ ×××HOLiC・籠 ×××Հորիքքու. Րոու)՝ 2010 թվականի ապրիլի 23-ին, և «×××Հոլիք․ Րոու Ադայումե» (ճապ.՝ ×××HOLiC・籠 あだゆめ ×××Հորիքքու։ Րոու Ադայումե), որը թողարկվել է 2011 թվականի մարտի 9-ին։

Մանգայի հիման վրա գրվել է նաև «xxxՀոլիք․ Րեյ» (ճապ.՝ XXXHOLiC 戻 ×××Հորիքքու. Րեյ) լայթ-նովելը և թողարկվել xxxHolic: Watanuki no Izayoi Sowa խաղը։

Մանգան լավ արձագանք է ստացել թե´ ճապոնացի, թե´ արտասահմանցի հանդիսատեսի շրջանում։ Հայտարարվել է մանգայի շարունակության թողարկման մասին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը հյուսվում է Կիմիհիրո Վատանուկիի շուրջ, ով կարողանում է ոգիներ տեսնել և գրավել նրանց ուշադրությունը։ Նրանից բացի` շրջապատում ոչ֊ոք ոգիներին չի տեսնում, ինչի պատճառով Վատանուկին հաճախ անախորժ իրավիճակներում է հայտնվում։ Այս նրան շատ է խանգարում։

Մի օր ոտքերը նրա կամքից անկախ Վատանուկիին բերում են Յուկո անունով մի կախարդուհու խանութ, որտեղ ցանկությունների իրականացում են վաճառում։ Դրա դիմաց Յուկոն կարող է ցանկացած վճար պահանջվել` մարդու հիշողությունները, որոշակի տաբուներին ենթարկվել, և այլն։ Կարևորն այն է, որ վճարը համարժեք լինի ցանկությանը։ Յուկոն համաձայնում է ազատել Վատանուկիին իր տեսիլքներից և գերբնական կարողություններից։ Դրա դիմաց տղան պարտավորվում է աշխատանքի անցնել Յուկոյի մոտ` որպես օգնական, և տնային գործերով զբաղվել։ Յուկոյի խանութում Վատանուկին հանդիպում է աշխատող մի շարք անոմալ արարածների, և ինքն էլ աստիճանաբար նմանվում է նրանց։ Յուկոն հաճախ ուղարկում է Վատանուկիին առաջադրանքներ կատարելու` կապված գերբնական և անոմալ երևույթների հետ։

Հիմիվարի Կունոգին` Վատանուկիի սիրո առարկան, և Շիզուկա Դոումեկին` Վատանուկիի դասընկերը, ում նա տանել չի կարողանում, երբեմն միանում են նրան առաջադրանքներ կատարելիս։ Այս երեքը գնալով մտերմանում են, իսկ Դոումեկին դառնում է Վատանուկիի լավ ընկերը։ Միևնույն ժամանակ Վատանուկին սկսում է անհանգստանալ Յուկոյի համար` մտահոգվելով, թե արդյոք ուրշների ցանկությունները կատարելուն զուգահեռ` Յուկոն երբևէ չի՞ ցանկացել իր համար ինչ-որ բան անել։ Շուտով նա խոստանում է ինքն իրեն, որ կկատարի Յուկոյի ցանկությունը, եթե նա, իհարկե, ինչ֊որ ցանկություն ունի։

Վատանուկին գնալով ավելի է կապվում ոգիների աշխարհին։ «Ցուբասա․ Պահեստային Քրոնիկաներ» սերիաների հետ սյուժետային կապի արդյունքում պարզվում է, որ Յուկոն իրականում մահվան շեմին է և շարունակում է ապրել միայն այն պատճառով, որ շատ տարիներ առաջ նրա անձնական ժամանակը պատահականորեն սառեցրել է հզոր կախարդ Քլոու Րիդը։ Իրեն ժամանակի մեջ պահող կախարդանքի քիչ-քիչ վերանալու հետ մեկտեղ խանութի կախարդական գոյությունը պահպանելու Յուկոյի կարողությունը սկսում է մարել, և նա մահանում է` ասելով Վատանուկիին, որ Վատանուկին վերջապես ազատ կլինի հրեշներ տեսնելու իր ունակությունից։ Այնուամենայնիվ, Վատանուկին որոշում է պահել իր այդ ունակությունը, որպեսզի պահի Յուկոյի խանութը և շարունակի նրա գործը։

Սյուժեի զարգացման հետ մեկտեղ պարզ է դառնում, որ Վատանուկին ծնվել է Շյաորան անունով մի հաճախորդի` ժամանակը հետ տալու ցանկության արդյունքում։ Քանի որ վերջինս ժամանակով հետ է գնացել, Վատանուկին ծնվել է, որ զբաղեցնի նրա տեղը ժամանակի մեջ։ Վերջապես Շյաորան և Վատանուկին ընկնում են դատարկության մեջ և ստիպված են լինում ազատ դառնալու ու իրենց գոյությունը շարունակելու համար թանկ վճարել։ Մինչ Շյաորան որոշում է շարունակել ժամանակի մեջ ճանապարհորդել` երբևէ կանգ չառնելով որևէ կետում, Վատանուկին որոշում է մնալ խանութում` իրագործելով ցանկությունները, մինչև կրկին կհանդիպի Յուկոյին։

Վատանուկին տարիներ շարունակ աշխատում է խանութում` առանց մեծանալու։ Դոումեկին` Վատանուկիի օգնականը, հաճախակի այցելում է նրան, և այդպես շարունակում են անել նաև Դոումեկիի ժառանգները։ 100 տարի անց Վատանուկին երազում տեսնում է Յուկոյին, ով հայտնում է, որ Վատանուկին վերջապես այնքան ուժ ունի, որ կարող է թողնել խանութը։ Չնայած դրան` Վատանուկին որոշում է մնալ խանութում և սպասել իրենց հնարավոր հանդիպմանը ապագայում։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգակա Նանաշե Օկավան պատմում է, որ մանգան ստեղծելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ CLAMP կոլեկտիվի անդամները որոշեցին կապ ստեղծել իրենց գործերի երևակայական և իրական աշխարհների միջև։ Այս մտահղացումը իր արտացոլումն է գտել Յուկո Իտահարայի կերպարի մեջ, ով կապում էր երկու հորինված պատմությունները` «Ցուբասա․ Պահեստային Քրոնիկաներ»-ը և «ԵռիքսաՀոլիքը»-ը։

CLAMP-ը իր միտքը առաջարկում է Young Magazine-ին։ Որոշվում է հրատարակությունը հեշտացնելու նպատակով «xxxՀոլիք»-ը և «Ցուբասա»-ն միաժամանակ տպագրել։ Նախապես մանգայի վերնագիրը պիտի լիներ անգլ.՝ "addicted"` կախվածության մեջ գտնվող, բայց որոշվում է դնել անգլ.՝ "holic"` (մոտվորապես) «ալկոհոլային» ավելի հասկանալի, պակաս երկիմաստ անունը։ Ինչպես CLAMP-ի նախորդ աշխատանքը` «Տոկիո Բաբելոն»-ը, Հոլիքը կենտրոնանում է հասարակական շեղումների վրա, սակայն մի փոքր ավելի էզոթերիկ երանգ ունի։

Մանգան թողարկվել է Քոդանշա հրատարակչության «Young Magazine» ամսագրում 2003 թվականից մինչև 2010 թվականի մարտի 10-ը։ Դրանից հետո հրատարակությունը շարունակվել է «Bessatsu Shōnen Magazine»-ում։ Քոդանշան հավաքել և տանկոբոն ձևաչափով հրատարակել է մանգայի 213 գլուխները։ Սկսած 16-րդ հատորից` սերիաները կոչվում են «xxxՀոլիք․ Վանդակ» (ճապ.՝ XXXHOLiC 籠 ×××Հորիքքու. Րո), բայց շարունակում են նախորդ սյուժեն։

xxxHolic-ը առաջին չորս մանգաներից է, որ լիցենզավորվել են Հյուսիսային Ամերիկայում անգլալեզու թողարկման համար։ Լիցենզիան ստացել են 2004 թվականի հունվարին։ Առաջին հատորը հրատարակվել է 2004 թվականի ապրիլի 27-ին, իսկ վերջին` 19֊րդ հատորը, 2012 թվականի փետրվարի 21-ին։ 2014 թվականին «Kodansha USA»-ը վերահրատարակել է մանգան «3-ը 1-ում» օմնիբաս ձևաչափով։

Մեծ Բրիտանիայում անգլերենով տարածման լիցենզիան պատկանում է Տանոշիմի ընկերությանը, որը թողարկել է առաջին 9 հատորները` 2006 թվականի օգոստոսի 3-ից սկսած։

Հոլիքի անվան սկզբում գտնվող երեք «x»-երը ճապոներենում «լրացրեք բաց տեղերը» արտահայտությունն ասելու ձև է, որը հայերենում համարժեք է բազմակետերին։ Այսպիսով, հենց ինքը` վերնագիրը, որոշակի պատկերացում է տալիս ֆիլմի մասին։ Այն պատմում է այնպիսի մարդկանց կյանքից, որոնք որոշակի կախվածություններ ունեն։ Ինչպես, օրինակ, ալկոհոլային կամ գործամոլային անգլ.՝ workaholic:

Սցենարի հեղինակը Նանասե Օկավան է։ Նկարազարդմամբ ու հերոսների դիզայնով հիմնականում զբաղվում է Ցուբակի Նեկոյը` օգնական Մոկոնայի հետ, և երբեմն համագործակցում են Սացուկի Իգարաշիի հետ։ Մոկոնան հիմնականում նախագծում է իգական սեռի կերպարներին, իսկ Նեկոյը` տղաներին և ոգիներին։ Մոկոնայի համար ոգեշնչման ախբյուր է հանդիսացել չեխ նկարիչ Ալֆոնս Մուխան։

Չնայած «xxxՀոլիք»-ը և «Ցուբասա․ Պահեստային Քրոնիկաներ»-ը միմյանց հետ կապված են, յուրաքանչյուրն առանձին, լավ զարգացող պատմություն է, և CLAMP-ը խուսափում է դրանց ընդհանրությունները հաճախակի դրսևորելուց։ CLAMP-ը ցանկանում էր 2 գլխավոր հերոսներ ունենալ 2 տարբեր մանգաներում, յուրաքանչյուրին անհատականություններ ու տարբեր արտաքին տալով։ Միևնույն ժամանակ վերջում այդ երկու կերպարները դուրս կգան միևնույն մարդը և ստիպված կլինեն տարբեր ուղիներ ընտրել։ Քանի որ «Ցուբասա․ Պահեստային Քրոնիկաներ»-ում ավելի շատ են կենտրոնանում իրադարձություններով հարուստ տեսարանների վրա, ստեղծող խումբը երբեմն ստիպված էր լինում դադարներ առնել «Հոլիք»֊ը տպագրելուց կամ էլ այնպիսի պատմություններ հորինել, որ երկու գործերի միջև եղած կապը միշտ առկա լիներ։

2010 թվականի ապրիլին խումբը հայտարարեց, որ «Հոլիք»֊ը մտածածից ավելի երկար է ձգվում, ինչը որոշ գործեր հետաձգել է տալիս։ Մանգայի հրատարակման ավարտից հետո խումբը որոշեց, որ դա ավելի շուտ «xxxՀոլիք Րո»-ի ավարտն էր, քանի որ նրանց կարծիքով այդ պատմությունն արդեն ավարտվել էր։ Նրանք ցանկանում էին ընթերցողին հասցնել այն միտքը, որ Վատանուկիի` խանութում մնալու որոշումը, որքան էլ տխուր թվա, այնուամենայնիվ երջանկաբեր է Վատանուկիի համար։

Հանդիսատեսի արձագանքը վերջին գլխին CLAMP-ին գոհացրեց, որովհետև Վատանուկիի հնարավոր ամենալավ ապագան քննարկելիս նրանք նույնպես մտածում էին հենց Վատանուկիի երջանկության մասին։

Թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես արդեն հուշում է վերնագիրը, մանգան պատմում է սովորություններից կախվածության մասին։ Այս կախվածությունները տարածվում են գերբնական տարածություններ, որոնք իրական հասարակության զուգահեռ շերտերն են։ Վատանուկիի խնդիրը` կապված ոգիների կողմից շարունակ հետապնդվելու հետ, կարող է համեմատվել նորմալ մարդու այն զգացողության հետ, երբ նա վախենում է` կարծելով, թե ինչ-որ մեկն իրեն անընդհատ հետևում է։

Սերիաներից ամեն մեկում տարբեր կախվածություններ ունեցող հաճախորդներ գալիս են Յուկոյի մոտ` ցանկանալով օգնություն ստանալ։ Ամեն մի այսպիսի խնդրի լուծումն ուղղորդվում է հաճախորդի մոտ բարոյական երկընտրանքի ծագումով։

Մանգան գրելիս CLAMP-ը մեծ կարևորություն է տալիս ամեն մի բառի։ Յուկոյի խոսքերը մեծ ազդեցություն են ունենում մյուս հերոսների վրա այն բանի շնորհիվ, թե ինչքան ուղիղ, շիտակ և վստահորեն է նա այդ ամենն ասում։ Սկզբի գլուխներից մեկում, երբ Յուկոն փորձում էր ազդել համացանցից կախվածության մեջ գտնվող կնոջ վրա` անվանելով նրա ամուսնուն և երեխային «ուրիշ մարդիկ», Յուկոն դիմում է անհատապաշտության փիլիսոփայությանը և ստուգում հաճախորդի ներքին ուժը։

Ի տարբերություն Յուկոյի` մեկ այլ հաճախորդ սովոր էր ստել, ինչը նրա անհաջողությունների պատճառն է դառնում։

Լիամետրաժ Ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

I.G. ընկերությունը 2005 թվականի օգոստոսի 20-ին թողարկեց անիմացիոն ֆիլմը, որի սերիաները անվանվեցին xxxՀոլիք․ Ամռան գիշերվա երազը (ճապ.՝ xxxHOLiC 真夏ノ夜ノ夢 ×××Հորիքքու. Մանացու նո Յորու նո Յումե): DVD տարբերակը լույս տեսավ 2006 թվականի նոյեմբերի 24-ին։

Ֆիլմում Յուկոն մի կնոջ կողմից խնդրանք է ստանում` օգնելու նրան վերադառնալ իր առանձնատուն, որը նրան ներս չի թողնում։ Յուկոն ասում է, որ քանի որ Վատանուկին է հաճախորդին բերել իրենց մոտ, ուրեմն` հենց նա էլ կիրագործի կնոջ ցանկությունը։ Յուկոն ուղարկում է Վատանուկիին և Դոումեկիին կնոջ հետ։ Յուկոն նույնպես միանում է նրանց, որովհետև նույն նամակով շատ այլ հայտնի կոլեկցիոներներ հրավիրել են նրան այդ առանձնատուն, որը լի է տարօրինակ սենյակներով և առեղծվածային տառերով, որոնք տանտիրոջ փոխարեն ասում էին հյուրերին` ինչ անեն։

Ֆիլմն առաջադրվել էր 2006 թվականի Աննեսի Միջազգային Անիմացված Ֆիլմերի փառատոնում գեղարվեստական ֆիլմերի կատեգորիայում չորս այլ ֆիլմերի հետ։

Անիմե հեռուստասերիալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե ադապտացիան թողարվել է Production I.G.-ին։ Առաջին եթերաշրջանը լույս է տեսել Ճապոնիայում Tokyo Broadcasting System (TBS) ալիքով` սկսած 2006 թվականի ապրիլի 6-ից։ Այն ավարտվել է նույն տարվա սեպտեմբերի 28-ին` ընդհանուր 24 էպիզոդով։ Երկրորդ եթերաշրջանը, որը կոչվում է «xxxՀոլիք․ Շարունակություն» (ճապ.՝ xxxHOLiC 継 ×××Հորիքքու. Քեյ), լույս տեսավ նույն հեռուստաալիքով` սկսած 2008 թվականի ապրիլի 3-ից, և ավարտվեց նույն տարվա հունիսի 26-ին` ընդհանուր 13 էպիզոդով։ Երկրորդ եթերաշրջանում կերպարները չեն փոխվում։

Առաջին եթերաշրջանի DVD տարբերակը թողարկվեց 2007 թվականի հուլիսի 26-ից 2008 թվականի փետրվարի 21-ը` պարունակելով ութ հատոր։ Երկրորդ եթերաշրջանը թողարկվեց յոթ հատորով՝ 2008 թվականի հունիսի 25-ից դեկտեմբերի 17-ի ընթացքում։

Ե´վ ֆիլմը, և´ անիմե-սերիալը նկարել է Ցուտոմու Միզուշիման։ Հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերն է CLAMP-ի տնօրեն Ագեհա Օկավան։

Հեռուստասերիալը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 7-ին հայտարարվեց, որ մանգայի հիման վրա նկարահանվելու է նաև հեռուստասերիալ, որը եթեր դուրս կգա 2013 թվականի փետրվարի 24-ից WOWOW ալիքով։ Յուկոյի դերը կատարում է Ան Վատանաբեն, իսկ Վատանուկիի դերը` Շոտա Սոմետանին։ Օփենինգը Սուգա Շիկաոյի «Այտայ» երգն է։ Ռեժիսորը Կեյսուկե Տոյոշիման է։

Սերիալը բաղկացած է 8 էպիզոդից։ Սերիաները խմբավորվել են DVD և Blu-ray ձևաչափերով 2013 թվականի նոյեմբերի 6-ին։

Օրիգինալ վիդեո անիմացիաները (OVA)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու DVD-ից բաղկացած OVA-ն նույնպես թողարկվել է Production I.G.-ի կողմից` xxxHOLiC Shunmuki (ճապ.` xxxHOLiC 春夢記, բառացի` «xxxHOLiC Ամառային երազների ժամանակագրությունը) վերնագրով։ Առաջին DVD-ն թողարկվել է 2009-ի փետրվարի 17-ին` ճապոներեն մանգայի 14-հատորյակի հետ միասին, իսկ երկրորդը` 2009-ի հունիսի 26-ին` 15-րդ հատորի հետ։ Պատմվում է նրա մասին, թե ինչպես է Հարուկա Դոումեկին ասում Վատանուկիին և Դոումեկիին գտնել 4 առարկաներ, որ Վատանուկիին կտանեն Երազների աշխարհը։

Մյուս OVA-ն, որի անունն էր xxxHolic Rō, լույս է տեսել 17-րդ հատորի հետ 2010-ի ապրիլի 23-ին։ Դրա պատմությունը սկսվում է Յուկոյի մահից հետո, երբ Վատանուկին դառնում է խանութի նոր տերը։ xxxHolic: Rō Adayume (ճապ.` ×××HOLiC・籠 あだゆめ, բառացի` «xxxHolic Վանդակ, եսասիրական երազանքը») անունով OVA-ն թողարկվել է 2011-ի մարտի 9-ին` ներառելով հատուկ հրատարակված 19-րդ հատորյակը։ Պատմվում է, թե ինչպես է Վատանուկին ականատես լինում Դոումեկիի կյանքի տարբեր հատվածներին` ներառյալ մանկությունը և սերիաներում ցույց տրված դեպքերը։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշիո Իշշինը գրել է լայթ նովել՝ «xxxՀոլիք․ ՈւրիշաՀոլիք Լենդոլթ֊Րինգ Աէրոզոլ (ճապ.՝ ×××HOLiC アナザーホリック ランドルト環エアロゾル xxxՀորիքքու Անազահորիքքու Րանդորուտո-Կան Էարոզորու), որը հրատարակվել է Ճապոնիայում 2006 թվականի օգոստոսի 1-ին։ Այն 4 պատմություն է պարունակում, որոնցից առաջինը սերիալի առաջին գլխի ադապտացիան է։ Ներառված է նաև նոր, օրգինալ արթ-աշխատանք՝ CLAMP-ի կողմից։ Դել Րեյը հրատարակեց անգլերեն տարբերակը 2008 թվականի օգոստոսի 28-ին։

Ճապոնիայում հրատարակվել են մի շարք ֆանբուքեր։ Առաջինը, որ կոչվում է «Գեքիյոբան ×××Հոլիք Պաշտոնական Ֆանբուք» (ճապ.՝ 劇場版 ×××HOLiC OFFICIAL FANBOOK) լույս է տեսել 2005 թվականի օգոստոսի 17-ին։

անգլ.՝ «×××HOLiC Extra Official Guide»-ը հրատարակվել է 2006 թվականի մայիսի 17-ին։ Այնտեղ տեղեկություններ են անիմե-ադապտացիայի վերաբերյալ։ 2011 թվականի մարտի 17-ին Քոդանշան հրատարակում է մեկ այլ ուղեցույց, որ կոչվում է «×××Հոլիք․ Լիարժեք Գիր» (ճապ.՝ ×××HOLiC全書 ×××HOLiC Զենշո):

2007 թվականի օգոստոսի 9-ին, Marvelous Entertainment-ի արկածային խաղ է խաղ է թողարկում Ճապոնիայում՝ PlayStation 2-ի համար։

Թողարկվել է նաև 2 սաունդթրեք-ալբոմ։ Առաջինը պարունակում է մոտ 20 երգ սերիալից, երկրորդը` 35 սաունդթրեք` ներառյալ բոնուսային մեկ երգ, որոնք հնչել են թե՛ խաղի մեջ, թե՛ սերիաներում։

Արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգայի 13-րդ հատորը 2008 թվականին զբաղեցրել է Ճապոնիայի 50 ամենավաճառվող մանգաների շարքում 43-րդ հորիզոնականը։ 2014 թվականին հրատարակչությունը հայտարարեց, որ մանգան 12.7 միլիոն օրինակ ունի տպագրելու։

Հյուսիսային Ամերիկայում վաճառքը նույնպես հաջող է։ Առաջին հատորը Նիելսեն Բուքսքանի բեսթսելլերների ցուցակում առաջին շաբաթվա ընթացքում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ 2009 թվականին՝ իր թողարկումից կարճ ժամանակ անց, 13-րդ հատորը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը «The New York Times»-ի լավագույն վաճառվող մանգաների ցուցակում։ Նույն ամսագրի համաձայն` Հոլիքը ԱՄՆ-ում այդ տարվա ամենավաճառված մանգան է։ Mania Entertainment's-ի «2005 թվականի լավագույն մանգա» մրցանակաբաշխության ժամանակ Հոլիքը «Best Mature» անվանակարգում հաղթող է ճանաչվել։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգան լավ է ընդունվել նաև տարբեր արտադրողների կողմից։ Ինչպես, օրինակ Մանիա Ինթերթեյնմենթից Մեգան Լեվիի կողմից, ով ընդգծել է հերոսների մտքերը և սուր հումորը։ Մեգանը նաև համարել է հատկանշական «Ցուբասա․ Պահեստային Քրոնիկաներ»-ի հետ կապն այն առումով, որ իրադարձությունները տարբեր տեսանկյուններից են դիտվում, որոնք երկու մանգաների հանդիսատեսի համար էլ համոզիչ են։ Մայքլ Արոնսոնը` Մանգա Լայֆից, նշել է, որ իրենց էպիզոդիկ բնույթի շնորհիվ սերիաները ներկայացնելը ստիպում է, որ հանդիսատեսն անպայման կարդա դրանք, իսկ կերպարներից ոմանք «հենց սրտիդ են կպչում», չնայած Դեն Փոլին` կրկին Մանգա Լայֆից, ասել է, որ «Վատանուկին մի տեսակ թույլ է երևում գլխավոր հերոսի համար»։ Մյուս կողմից, Մեթյու Ալեքսանդրը` Մանիա Ինթերթեյնմենթից, համարում է, որ Վատանուկիի կերպարը լավ զարգացում է ապրում սերիաների ընթացքում` դառնալով ավելի գրավիչ։ Մանգա Լայֆից մեկ այլ գրող` Ջոյ Քիմը, բարձր է գնահատում այն փաստը, որ չնայած իր էպիզոդիկ բնույթին` պատմության մեջ ամեն ինչ իր տեղում է և կարգավորված։ Anime News Network-ից Կարլո Սանտոսը ասել է, որ իրեն դուր է եկել, թե ինչպես է «ավելի ուշ դուրս եկած հատորներում պատմությունը վերաձևվում` ներխուժելով երազների աշխարհ»` ի տարբերություն սկզբի հատորներում, որտեղ շեշտը դրված է մարդկանց և ոգիների փոխազդեցությունների վրա։ Մեթյու Ալեքսանդրը նաև համարում է, որ ծանոթ չլինելով Tsubasa-ի հետ` ինքը զգացել է, որ այնտեղի որոշ էլեմենտներ շատ հաջող կերպով են ներմուծվել Հոլիք, քանի որ դրանով ավելի ակնհայտ է դարձել երկու սերիալների գլխավոր հերոսների միջև կապը։ Մյուս կողմից, Սանտոսը կարծում է, որ երկու սերիալների միջև կապը մի քիչ շփոթեցնող է, որովհետև դրա պատճառով հանդիսատեսը ստիպված է լինում երկու սերիալներին էլ ծանոթ լինել, որ հասկանա որոշ պահեր։

Active Anime-ից Հոլի Էլինգվուդը, դիտարկելով դեպքերը` սկսած 15-րդ հատորից, անվանում է դրանք «ողբերգական, ոգեշնչող և շունչը կտրվելու չափ տխուր»` հավանելով հատկապես այն, թե ինչպես է բացահայտվում Յույոյի ճակատագիրը և մտահոգվելով, թե դա ինչպիսին կլինի։ Կարլո Սանտոսը նշում է, որ սերիաները շարունակում են գրավիչ լինել այն պատճառով, որ Վատանուկին փոխարինում է Յույոյին, իսկ 16-րդ հատորը համարում է «փորձ` ոտքի կանգնելու մեծ կորուստից հետո, ինչը ավելի ոգեշնչող է»։ Մեթյու Ալեքսանդրը ավելի քննադատաբար մոտեցավ այս դեպքերին` համարելով դրանք «լրջագույն ձանձրույթ» Յուկոյի կորստի և զվարճանքի բացակայության համար։ Ավելին, նա մեջբերում է Յուկոյի անհետացումն ու հետագա մահը, որ չեն բացատրվում Հոլիքում, այլ պարզ են դառնում միայն Tsubasa-ի ընթերցողներին։ Նկարազարդումը գովեստի արժանացավ «ցնցող ուրվագծերի և ձևվածքների համար, որ վերածվել են պատկերների», ինչպես նաև հիշվող և տպավորիչ կերպարների համար։ Միևնույն ժամանակ, այն քննադատվել է «պակաս ծանրակշիռ լինելու համար, քան Tsubasa-ում է», քանի որ որոշ էջերում հետնանարը բացակայում է, չնայած Մայքլ Արոնսոնը` Manga Life-ից, համարում է, որ այդ բացթողումները լրացվում են մանրուքների կառուցվածքի հաշվին։

Անիմե ադապտացիան հակասական ընդունելության արժանացավ տարբեր հրատարակչությունների կողմից. այսպես, Անիմե Նյուզ Նեթվորքից Քեյսի Բրիենզան նշել է, որ առաջին սեզոնը հավատարիմ է մնացել օրիգինալ տարբերակին։ Այնուամենայնիվ, նա նկատել է, որ որոշ լուսագրեր առաջին էպիզոդներում շփոթեցնող են, ինչը ստիպում է մարդկանց փոխարենը դիտել անգլերեն դաբբերով տարբերակը։ Առաջին սեզոնի ընդհանուր դիտումից հետո Կարլո Սանտոսը որոշակի բացթողումներ է գտել` կապված անիմացիայի չկանխամտածված կերպով «գերդեֆորմացված» հատվածների հետ, երբ հերոսների վերջույթները չափից երկար են դառնում։ Նա նաև քննադատում է որոշ սերիաների պատմությունները, որոնք «չեն ստացվել» այն պրիմիտիվ հարցերի պատճառով, որոնք նրանցում քննարկվում են։ Հոլլի Էլինգվուդը համարում է սերիաները «իսկական երևակայության թռիչք»` գերբնականի և զվարճանքի համադրության շնորհիվ։ Նշելով անիմացիայի որակը` նա համարում է, որ յուրաքանչյուր կերպար ինքնատիպ է, իսկ անիմացիոն բացթողումներն էլ` զվարճալի։ Քրիս Բեվերիջը խառը կարծիք է հայտնել անիմացիայի վերաբերյալ` համաձայնելով, որ կերպարների դիզայնի մեջ բացթողումներ կան, ինչպես նաև հետնանկարն է վատ մտածված, բայց ամեն դեպքում հավանելով անիմացիան` եզրակացնելով, որ «վիզուալ դիզայնի հետ կապված ամեն ինչ շատ գրավիչ է»։ Նրան նաև գոհացնում է էպիզոդիկ ձևաչափը և սերիաներում բարու և չարի միջև հավասարակշռության դրսևորումը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «XxxՀոլիք» հոդվածին։