Ֆիննական հին համատեղ ուսումնարան (Վիբորգ)
Ֆիննական հին համատեղ ուսումնարան (Համատեղ ուսուցման Վիբորգյան դպրոց, ֆիններեն՝ Viipurin yhteiskoulu), նախնական հանրակրթական հաստատություն, որը հիմնադրվել է 1898 թվականին Վիբորգում։ Վիբորգի կենտրոնում (Վիբորգսկայա փողոց, 25) գտնվող նախկին ուսումնարանի շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիններեն լեզվի պաշտոնական գործավարության մեջ ներդրումից հետո՝ 1860-ականներին Ֆինլանդիայի Մեծ դքսությունում ժողովրդական կրթության բնագավառում սկսեց նվազել շվեդական և գերմանական կրթական հաստատությունների դերը ֆինալեզու դպրոցների ցանցի ընդլայնման պատճառով, որը համապատասխանում էր Ռուսական կայսրության տարրական ժողովրդական ուսումնարաններին։ 1898 թվականին Վիբորգում հիմնադրված դպրոցում տղաները և աղջիկները համատեղ սովորում էին ֆիններեն լեզվով։ Սկզբում նախատեսվում էր ինը դասարանանոց ուսուցում, սակայն 1900 թվականին ուսումնական ծրագրում կատարված փոփոխություններով դասավանդումը դարձավ ութ դասարանանոց։ 1901 թվականին դպրոցի կառուցման համար ճարտարապետ Լեանդեր Իկոնենը նախագիծ մշակեց Ցարսկայա փողոցի անկյունային տեղամասում՝ դասական լիցեյի և ռեալական լիցեյի շենքերի հարևանությամբ։ Հատկանշական է, որ նույն ճարտարապետի նախագծով նույն փողոցում նախկինում կառուցվել էր ռուսական տարրական ուսումնարան։
1903 թվականին հրապարակում հայտնվեց կարմիր աղյուսից կառուցված երկհարկանի շենք, որը հետագայում կոչվեց «Դպրոցական դաշտ»։ Գրանիտե սանդուղքը, որը զարդարված էր որմնակոթողներով, տանում էր դեպի գլխավոր մուտք, որը տեղակայված է հրապարակի կողմից։ Սիմետրիկ ճակատի նոր գոթական տարրերի (անկյունային աշտարակիկներ, պատուհանների նետաձև որմնախորշեր և դեկորատիվ վերնաճակատներ) օգնությամբ շենքը ոճավորված էր որպես ամրոցային կառույց։ Հատկանշական է, որ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարասկզբի նոր քաղաքային թաղամասեր հայտնվեցին եղջյուրավոր ամրոցի ապամոնտաժված ամրությունների տեղում։
1921 թվականից՝ Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքում, դպրոցը ստացավ միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ Այն հաճախ անվանում են «Հին համատեղ ուսումնարան» (քանի որ 1912 թվականից Վիբորգում գործում էր «Նոր համատեղ ուսումնարանը»)[1]։
Խորհրդա-ֆիննական պատերազմների արդյունքում (1939-1944) հին համատեղ ուսումնարանը փակվեց։ 1940-1941 թվականներին շենքում գործում էր թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շենքում, որը աննշան վնասվածքներ էր ստացել, տեղակայված էր Ֆինլանդիայի դաշտային փոստը[2]։
Հետպատերազմյան շրջանում շենքը հաջորդաբար զբաղեցրին տարբեր կրթական հաստատություններ, այդ թվում № 5 դպրոցը, 1972 թվականից՝ Պատանի տեխնիկների քաղաքային կայանը, 1990 թվականից՝ մանկական ստեղծագործության տունը (հետագայում՝ պալատ)։
2015 թվականից տունն ընդգրկված է Վիբորգի գիմնազիայի շենքերի համալիրում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
- Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիննական հին համատեղ ուսումնարան (Վիբորգ) կատեգորիայում։ |