Ֆելիքս Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Աբրահամյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1914(1914-06-05)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 15, 2005(2005-01-15)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունTollington School?
Մասնագիտություներաժշտական քննադատ, գրող և ստեղնահար

Ֆելիքս Աբրահամյան (անգլ.՝ Felix Aprahamian, հունիսի 5, 1914(1914-06-05)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 15, 2005(2005-01-15)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ գրող, համերգային կազմակերպիչ, հրատարակչի խորհրդական, երիտասարդ երաժիշտների աջակից։ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նուագախմբի դիրիժոր։ «Սանդեյ թայմս» շաբաթաթերթի երաժշտական քննադատը 41 տարի։ Ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտության ամենաաշխույժ տարածողը Մեծ Բրիտանիայում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Աբրահամյանը ծնվել է Լոնդոնում։ Ծննդյան անունն էր Աբրահամ Ֆելիքս Պարթև Աբրահամյան։ Հոր ազգանունը Հովհաննիսյան էր, որը նա հետագայում դարձրել է Աբրահամյան։ Հայրը եղել է գորգավաճառ, մայրը՝ տնային տնտեսուհի։ Նա ծնվել է Բուրսայում, մոր հայրը Ամերիկյան ավետարանչական (բողոքական) եկեղեցու հովիվ էր Կ. Պոլսում, որտեղ էլ Ավետիս Աբրահամյանի հետ պսակել է դստերը։ Մայրը խնամել է երեք զավակներին՝ Ֆելիքսին, Ֆլորանսին և Ֆրենսիսին։ Ֆրենսիս Աբրահամյանը (1917-1991) հետագայում դարձել է ֆիզիկոս, Բրիտանական բաց համալսարանի երկարամյա դասախոս։ Նրա կիսանդրին հետմահու տեղադրված է այդ համալսարանի բակում[3]։

Ֆելիքս Աբրահամյանի խոստովանությամբ՝ երաժշտության նկատմամբ ունեցած իր սերը դպրոցական կրթության ձախողման պատճառ է եղել։ Աբրահամյանը երաժշտության, գրականության և մյուս արվեստներում եղել է ինքնուս։ Բայց քանի որ ունեցել է բացառիկ ընդունակություններ, 17-ամյա Ֆելիքս Աբրահամյանը դարձել է Երգեհոնային երաժշտության ընկերակցության քարտուղարի օգնական՝ հետագայում դառնալով ստեղնաշարային գործիքների բարձրակարգ կատարող[3]։

1933 թվականին իր երկու ընկերների հետ գնացել է Ֆրանսիա, այնտեղ այցելել տարեց կոմպոզիտորներ Ֆրեդերիկ Դիլիուսին և Շառլ-Մարի Վիդորին։ Տարիներ անց Աբրահամյանը դարձել է Դիլիուսի ժառանգությամբ զբաղվող ընկերության խորհրդատուն, այնուհետև՝ նախագահը[3]։

1935 թվականին Ֆելիքս Աբրահամյանը ստանձնել է Երգեհոնային երաժշտության ընկերության քարտուղարի պաշտոնը։ Նույն թվականին «Երաժշտության ժամանակներ» պարբերականում տպագրվել է նրա առաջին հոդվածը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա եղել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը։ 1946 թվականին նա դարձել է «Միացյալ երաժշտական հրատարակիչների» խորհրդատուն, իսկ 1948 թվականից սկսել է աշխատել «Սանդեյ թայմս» շաբաթաթերթում որպես երաժշտական քննադատ։ Այդ պաշտոնում նա ծառայել է 41 տարի[3]։

Ֆելիքս Աբրահամյանի լավ բնավորության շնորհիվ նրա հետ մտերիմ են եղել կոմպոզիտորներ Բենջամեն Բրիտտենը, Ուիլյամ Ուոլթոնը, Մայքլ Թիփեթը, դիրիժորներ Թոմաս Բիչեմը, Վիկտոր դե Սաբատան, Ռոժե Դեզորմիերը, Էռնեստ Անսերմեն, Շառլ Մյունշը, երգչուհի Մագի Թեյթը, թավջութակահար Պիեռ Ֆուռնիեն, դաշնակահար Մոնիկ Հաասը, ուրիշներ։ Բրիտանացի հայտնի դիմանկարիչ Ջյուն Մենդոզան կերտել է Աբրահամյանի դիմապատկերը[3]։

Ֆելիքս Աբրահամյանը միակ երաժշտական քննադատն էր, որ Անգլիայի Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերակցության պատվավոր անդամ էր (1994 թվականից)։ Նա կարևորագույն դեր է կատարել 20-րդ դարի երգեհոնային երաժշտության մեջ։ Նրա շնորհիվ երգեհոններ են տեղադրվել Մեծ Բրիտանիայի տարբեր համերգասրահներում, տեղի են ունեցել երգեհոնային երաժշտության համերգներ։ 1982 թվականին երգեհոն է տեղադրվել նաև նրա տանը։ Դա ներշնչանքի աղբյուր է դարձել նրա հովանավորյալի՝ կույր երգեհոնահար և կոմպոզիտոր Դեյվիդ Լիդլի համար, որը Աբրահամյանի կյանքից հեռանալուց հետո, որպես հարգանքի նշան, սկսել է գրվել Դեյվիդ Աբրահամյան Լիդլ[3]։

Կյանքի վերջին տարիներին Ֆելիքս Աբրահամյանը կորցրել է լսողությունը։ Նա մահացել է 90 տարեկան հասակում[3]։

Աբրահամյանի ժառանգությունը հետազոտվում է և բարձր գնահատվում։ Երաժշտագետ Նայջել Սայմոնի հեղինակությամբ լույս է տեսել Աբրահամյանի արխիվների վրա հիմնված մի քանի գիրք։ 2015 թվականին Լյուիս և Սյուզան Ֆորմանները տպագրել են «Ֆելիքս Աբրահամյան. օրագրեր և ընտիր գրություններ» փաստագրական գիրքը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Daily, A. Z. G. «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏ ԲԱՐԵԿԱՄԸ. ՖԵԼԻՔՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ». AZG Daily. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]