Օպտիկական սարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպտիկական սարքեր, սարքեր, որոնք օպտիկական համակարգերի միջոցով ձևափոխում են աղբյուրից եկող օպտիկական տիրույթի լուսային ճառագայթների փունջը։ Օպտիկական սարքերում օպտիկական տարրերը (ոսպնյակ, հայելի, պրիզմա և այլն) միշտ զուգակցվում են մեխանիկական հարմարանքների հետ, որոնք ապահովում են օպտիկական համակարգի շարժական հանգույցների աշխատանքը։

Ըստ առաջադրված խնդրի բնույթի՝ տարբերում են առարկաների պատկերները գրանցող կամ խոշորացված չափերով էկրանի վրա արտապատկերող սարքեր (լուսանկարչական ապարատ, կինոնկարահանման ապարատ, կինոպրոյեկցիոն ապարատ, պրոյեկցիոն սարք և այլն), փոքր չափերի առարկաները դիտելու սարքեր (խոշորացույց, մանրադիտակ), խոշոր չափերի, բայց մեծ հեռավորության վրա գտնվող առարկաները դիտելու սարքեր (հեռադիտակ, ռեֆլեկտոր, ռեֆրակտոր), ինտերֆերենցիոն և դիֆրակցիոն սարքեր (ինտերֆերոմետր, դիֆրակցիոն ցանց և այլն), լույսի ուժը, գույնը, լույսի աղբյուրի պայծառությունը և ջերմաստիճանը չափող լուսաչափական սարքեր և պիրոմետրեր, սպեկտրային սարքեր, բևեռացման սարքեր և այլն։

Օպտիկական սարքերի մեծ խումբ են կազմում նաև օպտիկական չափիչ սարքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։