Քեռի Դավոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեռի Դավոն
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակԱկսել Բակունց (Ալեքսանդր Թևոսյան)
ԵրկիրՀԽՍՀ
Բնագիր լեզուարևելահայերեն
Գրվել է1934
Առաջին
ներկայացման վայր
«Խորհրդային Հայաստան» օրաթերթ
ԿերպարներՔեռի Դավո, պատումը վարող հեղինակ, «Կես կռիվ» Մխո, «Խմբապետ»
ՎիքիդարանՔեռի Դավոն

Քեռի Դավոն, հայ գրող Ակսել Բակունցի պատմվածքներից է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քեռի Դավոն» Բակունցի այն պատմվածքների շարքին է դասվում, որ չունի հստակորեն զարգացող սյուժե, սակայն դա չի խանգարում հեղինակի՝ հիմնական գաղափարը պարզ կերպով արտահայտելուն։ Պատմվածքը սկսում է գյուղական միջավայրում տեղի ունեցող մի քննարկում-ժողովի տեսարանով, երբ ամենքի պես խոնարհ կերպով մասնակցող մի գյուղացու՝ քեռի Դավոյին, շտապ կանչում են կարևոր մի գործի համար։ Պարզվում է, որ համայնավարական տնտեսության ցուլերից մեկը, որ «Խմբապետ» էր անվանվում, կտրել է վզի շղթան և մեծ շփոթմունք է առաջացրել։ Ամենքն էլ գիտեին, որ միայն քեռի Դավոն կարող է բռնել ցուլին և նորից դնել վզի կապը։ Քեռի Դավոն՝ խոնարհ ու զուսպ մարդը, գյուղացիների հիացմունքի առարկան էր, և նույնիսկ «Կես կռիվ» Մխոն՝ հանդարտ խոսել չկարողացող գյուղացին, լռում է և խոնար դառնում, եթե որևէ տեղ ներկա է լինում քեռի Դավոն։ Քեռի Դավոն այն մարդկանցից է, որ մեծ ներդրում է ունեցել իրենց գյուղի շենացման գործում, չորս տուն ունեցող գյուղը դարձրել էին զարգացած ու մեծ քաղաքանման համայնք։ Թեև ինքը դաշտավար էր, սակայն առանց տրտնջալու նույնիսկ ուրիշ «բրիգադների» աշխատանքներն էր կատարում, մյուսներին օգնելու համար։ Ամենքը նրանից էին խորհուրդ հարցնում, թե ինչպե՞ս պետք է ցանել ցորենը, ի՞նչ պետք է անել ավելցուկի հետ և այլն։ Հեղինակը, որ նաև պատումը վարողն է ու գործող հերոսներից մեկը, գյուղական խրճիթի ժողովից հետո այցելում է քեռի Դավոյի տուն և հիանում է նրա ընտանիքով։ Հեղինակը փաստում է, որ քեռի Դավոն կյանքում շատ հերոսություններ է արել, դժվար է եղել նրա ուղին, թողել է հայրենական օջախը և գաղթի ճամփաներով հասել է նոր բնակավայր, հիմնել են օջախ։ Ստեղծագործության մեջ առկա է ժամանակի գաղափարաբանությունը, ամենևին պատահական չէ հեղինակի ոգևորությունը, երբ նա ներկայացնում է նոր կարգերի շնորհիվ զարգացող գյուղերը, լուսավորությունը, արդյունաբերական գործարանները։ Եվ այս ամենի առանցքում քեռի Դավոն էր, որ եղել է այդ գործի նվիրյալը։ Իհարկե, պետք է նշենք, որ Բակունցը, նոր իրականությունը դրական կերպով ներկայացնելով, փորձել է գաղտնագրված ներկայացնել նաև արևմտահայ իրականության մեջ տեղի ունեցած իրադարձությունները, անդրադարձ է կատարել նաև գաղթին, տեղահանությանը, սակայն այդ ամենը ներկայացնում է անուղղակիորեն՝ խուսափելով ավելորդ հետապնդումներից։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին գրված «Քեռի Դավոն» պատմվածքում պատկերված է Դավալու գյուղը, որի բնակչության զգալի մասը 1930-ական թվականներին արևմտահայ վերաբնակիչներ էին[1]։ Բակունցը սիրում էր այցելել խոտրջրեցի բարեկամներին Միսխանայում, Արագածի ստորոտում և Արարատյան դաշտում բնակություն հաստատած սասունցիներին ու մշեցիներին։ 1929 թվականին այցելություններից մեկի ժամանակ նա զրուցում է հովիվ Գևորգի հետ։ Այդ զրույցի նյութը դառնում է «Մուրոյի «զրույցը» պատումը։ Այդպիսի այցելությունների արդյունք են եղել նաև «Ծիրանի փողը», «Քեռի Դավոն» պատմվածքները[2]։

Գրական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քեռի Դավոն» պատմվածքը «Ծիրանի փողը» պատմվածքի հետ 1930-ական թվականներին դարձավ Ակսել Բակունցի դեմ կատարված հարձակումների գլխավոր թիրախը («Գրական սերունդ», 1936, N 5-6, էջ 33-35)[3]։ Բակունցը ամենից ավելի զանգեզուրյան բնության երգիչն է, սակայն Սյունիքի լեռների և անտառների կախարդիչ բնապատկերների կողքին մեր առաջ բացվում են Արարատյան դաշտի, Արագածի, Արայի լեռան, Շիրակի, Լոռվա, Սասունի և հայոց երկրի այլ վայրերի բնորոշ տեսարաններ։ Հատկապես հմայք ունեն Արարատյան դաշտի բակունցյան պատկերները, Արարատյան դաշտի գյուղերի նկարագրությունը։ Այդպիսի գյուղի նոր փողոցը «Ինչպես մի նետ, այդ փողոցը ձգվում էր դեպի եղեգնուտը, և զույգ լեռը կարծես փողոցի ծայրն էր»։ Գրականագետ Ռաֆայել Իշխանյանը կարծում է, որ չի կարելի համաձայնվել քննադատության մեջ հայտնված այն կարծիքին, ըստ որի Բակունցի ստեղծագործությունը սահամանափակվում է Զանգեզուրով, և այդ ստեղծագործության հիմնական արժանիքը Զանգեզուրի կյանքի ճիշտ պատկերումն է։ Այդ կարծիքը հայտնողները ոչ միայն չեն «նկատում» Բակունցի զանգեզուրյան պատմվածքների համազգային բնույթը, այլև անյպիսի բնորոշ, առաջնակարգ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ծիրանի փողը», «Լառ-Մարգարը», «Խաչատուր Աբովյանը», «Որդի որոտմանը», «Քեռի Դավոն» և ուրիշները, որոնցում պատկերված են ոչ զանգեզուրյան հայ գյուղեր[3]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քեռի Դավոն» պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականի հունվարի 10-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, ապա վերամշակված տեղ է գտել «Անձրևը» ժողովածուում, իսկ 1936 թվականին Երևանում տպագրվել է առանձին գրքույկով[4]։ 1955 թվականին տեղ է գտել Երկերի միահատորյակում և «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության Ա հատորում, 1964 թվականին՝ Երկերի առաջին հատորում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակսել Բակունց, Երկեր, չորս հատորով, հատոր առաջին. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. 1976. էջ 390.
  2. 2,0 2,1 Ռաֆայել Իշխանյան, Բակունցի կյանքն ու արվեստը. Երևան: Հայաստան հրատարակչություն. 1974. էջ 85.
  3. 3,0 3,1 Ռ․ Իշխանյան, Ակսել Բակունց, կենսագրություն և մատենագրություն. Երևան. 1960. էջ 111.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Քեռի Դավոն — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.