Քեչեկյանի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեչեկյանի առանձնատուն
Տեսակմեծ առանձնատուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Աստվածատուր Քեչեկյանի առանձնատուն (ռուս.՝ Особняк Ф. С. Кечекьяна), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Ազատության հրապարակում։ Կառուցվել է 19-րդ դարի երրորդ քառորդում Նոր Նախիջևան քաղաքի կենտրոնական հրապարակում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ Ներկայում առանձնատան տարածքը զբաղեցնում է Ալեքսանդր Պուշկինի անվան մանկական գրադարանը[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեչեկյանների ընտանիքը
Սագիրովի տունը և Քեչեկյանների տան գմբեթը (աջից)

Դոնի Նախիջևանի Բուլվարնայա հրապարակում այս առանձնատունը կառուցվել է XIX դարի երրորդ քառորդում (նախնական հասցեն` Բուլվարնայա հրապարակ, շենք 7[3])։ Շինարարության հսկողությունն իրականացրել է քաղաքի ճարտարապետ, հայազգի Նիկոլայ Դուրբախը։ Փաստաթղթերից հայտնի է, որ առնվազն 1886 թվականից տունը պատկանել է քաղքենի Օլգա Տարասի Խոջաևային։ 1894 թվականին Խոջաևան իր կալվածքը 8 հազար արծաթե ռուբլիով վաճառել է բժիշկ Ֆեոդոր (Աստվածատուր) Ստեփանի Քեչեկյանի կնոջը` Իսկուհի Խաչերեսի Քեչեկյանին (օրիորդական ազգանունը` Ալաջալովա)[4]։

Առանձնատանը Քեչեկյան ամուսիններն ապրել են իրենց երեխաների հետ։ Իսկուհի Խաչերեսի Քեչեկյանը Հայ կանանց բարեգործական «Հոգատարություն» ընկերության և «Դոնի Նախիջևանի աղքատներին սատարելու բարեգործական ընկերության» վարչության անդամ էր։ Նրա եղբայրը նկարիչ Մ. Ալաջալովն էր։ Ֆեոդոր (Աստվածատուր) Ստեփանի Քեչեկյանը քաղաքի բժիշկն էր, Դոնի Նախիջևանի Քաղաքային դումայի իրավասու, Քաղաքային դումայի ֆինանսական հանձնաժողովի անդամ, Քաղաքային դումայի հիվանդանոցային հանձնաժողովի անդամ, «Նախիջևանի հայկական բարեգործական ընկերության» անդամ, «Նախիջևանի ջրափրկարարական ընկերության բաժնի» վարչության անդամ, Եկատերինյան կանանց վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Կանանց առևտրային դասընթացների» հոգաբարձուների խորհրդի անդամ, Սուրբ Աննա երրորդ աստիճանի շքանշանի ասպետ։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո առանձնատունը պետականացրին։ 1926 թվականին (այլ տվյալներով` 1929-ին) շենքում տեղավորվեց Պուշկինի անվան մանկական գրադարանը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր ցոկոլային հարկով միահարկ առանձնատան գլխավոր ճակատը նայում է Ազատության հրապարակին։ Արևելյան կողմից տանը հարում է Սագիրովի առանձնատունը։ Քեչեկյանի տան հետնամասում գտնվում է բակը, որտեղ նախկինում եղել են տնտեսական կառույցներ` սառցատուն, կառքամառան և ախոռ։ Գլխավոր ճակատն ունի դասական սյունակարգային հորինվածք։ Եզրային ելուստավորումը շեշտադրված է որմնասյունային պորտալներով։ Կենտրոնական չորս պատուհանների որմնանցքերը զարդարված են բարոկկո ոճի երեսկալներով և քիվերով։ Շքամուտքը գտնվում է ձախ կողմում, մինչ օրս պահպանվել է բնօրինակ փայտե դուռը։ Նախասենյակի գլխին XX դարի սկզբին կառուցվել է սրաձողով գմբեթ (սրաձողն այժմ կորսված է. տես աջ կողմի լուսանկարը)[1]։

Առանձնատան սենյակները երկու շարքով էին` գլխավոր և բակային ճակատների երկայնքով։ Կենտրոնական դահլիճի երեք պատուհանները գլխավոր ճակատին էին։ Դահլիճին հարում էին աշխատասենյակը և բնակելի սենյակը։ Գրադարանը և բնակելի այլ սենյակների պատուհանները դուրս էին գալիս դեպի բակ։ Ցոկոլային հարկն ունեցել է առանձին մուտք բակի կողմից։ Այնտեղ տեղավորված էր այն աշխատասենյակը, որտեղ բժիշկ Ֆ. Քեչեկյանն ընդունել է հիվանդներին։ Բակի կողմից է առանձնատանը հարում էր փոքր ծածկապատշգամբ[1]։

1894 թվականի փաստաթղթում շենքը նկարագրվում է այսպես. «Անշարժ կալվածք, որը գտնվում է Դոնի Նախիջևան քաղաքի Բուլվարնայա հրապարակի թիվ 7-ում և տեղակայված է բակային քարե շինություններով երկհարկանի քարե տան մեջ և բակային հողի վրա հետևյալ չափսերով. տասը սաժեն ու երկու արշին մակերեսով և բակը` քսանհինգ սաժեն առանց մնացորդի, հարևանությամբ Սագիրովի և Խոջաևների կալվածքների»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — С. 49—55. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. Титульный лист плана особняка
  4. 4,0 4,1 Выпись из крепостной книги Таганрогскаго Натариального Архива по г. Нахичевани н/Д за 1894 г.