Քափ Հայիտեն (ֆր.՝ Cap-Haïtien) կամ Լե Քափ (ֆր.՝ Le Cap), մեծությամբ չորրորդ քաղաքը Հայիթիում։ Գտնվում է կղզու հյուսիսային հատվածում։ Երկրի հյուսիսային դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների՝ Քափ Հայիտենի բնակչությունը կազմում է 200 251 մարդ։
Քաղաքը հիմնադրվել է 1670 թվականին ֆրանսիացիների կողմից և մինչև պետության անկախություն ստանալը (1804 թվական)՝ կոչվում էր «Քապ Ֆրանսե»։ Եվրոպացի զբոսաշրջիկները այն անվանում էին «Անտիլյան Փարիզ»։ Մինչև 1770 թվականը այստեղ հաստատված էր ֆրանսիական գաղութային Սան-Դոմինգոյի վարչակազմը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների սրման և ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում Քափ-Հայիտեն նավահանգստով հետաքրքրվում էին ամերիկացիները։ 1802 թվականի ռազմական գործողությունների հետևանքով հին քաղաքը գրեթե ոչնչացվեց։ Ինքնահռչակ թագավոր Անրի Քրիստոֆը վերակառուցեց քաղաքը, սակայն նրա կառուցածի զգալի մասը չի հասել մեզ՝ 1842 թվականի երկրաշարժի և 1928 թվականի փոթորիկի պատճառած հսկայական վնասների պատճառով։ Բուն քաղաքում գաղութային ժամանակաշրջանից պահպանվել է միայն ծխական եկեղեցին, բայց քաղաքից 12 կմ հեռավորության վրա պահպանվել են Անրի Քրիստոֆի նստավայրի՝ Սան Սուսի պալատի և Լաֆերեր ամրոցի ավերակները, որոնք Արևմտյան կիսագնդում համարվում են ամենախոշորները։ Քիչ հեռու գտնվում է Նապոլեոնի քրոջը` Պոլինային նվիրված պալատի ավերակները, որտեղ նա գտնվում էր իր ամուսնու հետ, Հայիթիի վրա անհաջող հարձակման ժամանակ՝ 1801 թվականին։
Հայիթիում2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժը համեմատաբար ավելի քիչ վնասներ է հասցրել Քափ Հայիտենին՝ ի տարբերություն Պորտ-օ-Պրենսի։ Այդ պատճառով ավերված մայրաքաղաքի շատ բնակիչներ, հատկապես գործարար միջավայրի ներկայացուցիչները տեղափոխվեցին Քափ Հայիտեն։ Բացի այդ, տարերքի պատճառած վնասի հետևանքով ոչնչացվել են Պորտ-օ-Պրենս նավահանգստի կարևոր օբյեկտները։ Քապ Հայիտենի բերռնարկղային տերմինալը օգտագործվում էր Հայիթի հումանիտար օգնություն հասցնելու նպատակով[1]։