Ծնվել է Արևմտյան ՀայաստանիԿարս քաղաքում։ Ավարտել է Կարսի ռեալական դպրոցը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է կարմիր բանակի քաղվարչության կուլտուրայի բաժնում, ապա եղել է Երևան - Ջուլֆա երկաթուղու գծամասում երթևեկող գնացքին սպասարկող սահմանապահների անգրագիտությունը վերացնող դասատու։ Հետո տեղափոխվել է Լենինական, ուր աշխատել է մինչև 1932 թվականը։ Այստեղ, մի քանի ընկերների հետ, կազմակերպել է «Կապույտ բաճկոն» թատերականացված կենդանի լրագիր։ 1928-1932 թվականներին աշխատել է որպես «Զարյա վոստոկա» թերթի սեփական թղթակիցը և այդ թերթի Լենինականի բաժանմունքի վարիչ, 1932-1935 թվականներին՝ Հայաստանի կենտգործկոմի գործերի կառավարիչ։ 1935-1954 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1954-1961 թվականներին «Ոզնի» երգիծական հանդեսում։ Մահացել է Երևանում[1]։