Ցերեկային սեանսի երկու տոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցերեկային սեանսի երկու տոմս
ռուս.՝ Два билета на дневной сеанс
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմիստիկ ֆիլմ
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՀերբերտ Ռապապորտ
Սցենարի հեղինակԲորիս Չիրսկով
ԴերակատարներԱլեքսանդր Զբրուև և Զեմֆիրա Ցախիլովա
ՕպերատորԴմիտրի Մեսխիև
ԵրաժշտությունԱլեքսանդր Մնացականյան
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն90 րոպե
IMDbID 0149558

«Ցերեկային սեանսի երկու տոմս» (ռուս.՝ «Два билета на дневной сеанс»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Հերբերտ Ռապապորտը «Լենֆիլմ» կինոստուդիայում 1966 թվականին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի մայիսի 19-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչության երիտասարդ աշխատակից Ալյոշինը, ոստիկանությունում աշխատելու ցանկություն չունենալով, աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացնում։ Որպես վերջին գործ նրան հանձնարարվում է պարզել գործնականում ավարտված մի գործի աննշան դրվագը, որի երկու ամբաստանյալների մոտ հայտնաբերվել է նույն կինոթատրոնի 19-րդ շարքի 16-րդ տեղի երկու տոմս տարբեր օրերի համար։

Ալյոշինն իր ընկերուհու՝ Տոնյայի հետ գնում է կինոթատրոն։ Ֆիլմի ընթացքում նրան դուրս են կանչում, նրա վրա հարձակվում է մի խուլիգան, որից նրան փրկում է անծանոթը։ Ալյոշինի պետը՝ գնդապետ Նիկոլաևը, հրամայում է շարունակել շփումը կասկածելի անծանոթի հետ՝ հավատալով, որ նա կարող է լինել հանցավոր խմբի անդամ։ Ալյոշինին ազատման կեղծ հրամա են տալիս և ուղարկում առաջադրանքի։

Ալյոշինը հանցագործներ Սիրոտինի և Սաբոդաժի օգնությամբ աշխատանքի է անցնում պոլիմերների լաբորատորիայում։ Նրան հաջողվում է կապի մեջ մտնել երիտասարդ գիտնական Լեբեդյանսկու հետ։ Տաղանդավոր երիտասարդ քիմիկոսի կողմից «Էլոն» նոր սինթետիկ միացության հայտնաբերումը հիանալի հիմք է դիսերտացիան պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, նրա գիտական ղեկավարը խանգարում է դիսերտացիայի պաշտպանությանը։ Լեբեդինսկին, լինելով պատվասեր մարդ, արհամարհում է իր գիտական ղեկավարին, իրեն համարում է չգնահատված և կապ ունի սպեկուլյանտների խմբի հետ, որոնք հնարավորություն են ստանում օգտագործել նրա գյուտը շահադիտական նպատակներով, ինչպես նաև շանտաժի ենթարկել նրան։ Նա սիրահարված է Լենինգրադի կոնսերվատորիայի ուսանողուհի Յուլիա Ռուբցովային՝ մի գործարար մարդու դստերը, որը զոհվում է խորհրդավոր հանգամանքներում։

Լեբեդյանսկին սկսում է հասկանալ, որ իր նոր աշխատակիցն այն մարդը չէ, ում տեղն իրեն ներկայացնում է։ Լեբեդյանսկին տառապում է կասկածներից և հետագայում գալիս է ոստիկանություն՝ անկեղծ խոստովանությամբ։

Չնայած այն հանգամանքին, որ կազմակերպված հանցավոր խմբի անդամները լավ պաշտպանված են, Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին հաջողվում է բռնել հանցագործներին՝ գործարանի տնօրեն Ռուբցովի գլխավորությամբ։

Ֆիլմի հիմքում ընկած է Լենինգրադի մարզային մեծածախ և առևտրային բազայի տնօրեն Գեորգի Զույկովի գործը։ Իրական քրեական գործի նմանությամբ ֆիլմը ցույց է տալիս, որ Ռուբցովը արժեքավոր իրերը թաքցրել է իր մահացած դստեր գերեզմանում։ Գերեզմանատանը, ընթերակաների ներկայությամբ, բացվում է Ռուբցովի դստեր գերեզմանը, որը դրանից կարճ ժամանակ առաջ զոհվել էր ավտովթարից։ Գերեզմանում հայտնաբերվում է միայն ջութակի պատյան, որում թաքցված են արժույթ, մետաղադրամներ և զարդեր։

Երկրորդական սյուժետային գիծն այն է, որ Ալյոշինը օգնում է արատավոր միջավայրից դուրս գալ և նորմալ կյանքի վերադառնալ ավազակ Սիրոտինի ընկերուհուն՝ էստոնուհի Ինկային. ֆիլմի ավարտին Ալյոշինը տեսնում է Ինկային ամուսնու հետ։

Այս ֆիլմի շարունակությունն է 1972 թվականի «Շրջան» ֆիլմը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Զբրուև - Ալեքսանդր Իվանովիչ Ալյոշին
  • Զեմֆիրա Ցախիլովա – Տոնյա
  • Իգոր Գորբաչով – Նիկոլայ Իվանովիչ Նիկոլաև, գնդապետ
  • Պյոտր Գորին – Սեմյոն Պետրովիչ Շոնդիշ
  • Ալեքսեյ Կոժևնիկով – Անդրեև
  • Նիկիտա Պոդգորնի – Անատոլի Բորիսովիչ Լեբեդյանսկի
  • Վալենտինա Սպերանտովա – Լեբեդյանսկու մայրը
  • Բրունո Ֆրեյնդլիխ – Բլինով
  • Լարիսա Բարաբանովա – Կնոպկա
  • Վլադիմիր Կենիգսոն – Ռուբցով
  • Գալինա Նիկուլինա – Յուլյա, Ռուբցովի դուստրը
  • Լյուդմիլա ՉուրսինաԻնկա-էստոնկա
  • Ալեքսանդր ՅանվարյովՍիրոտին
  • Ստանիսլավ Չեկան – Սաբոդաժ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Բորիս Չիրսկով, Եվգենի Խուդիկ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Հերբերտ Ռապապորտ
  • Գլխավոր օպերատոր՝ Դմիտրի Մեսխիև
  • Գլխավոր նկարիչ՝ Ալեքսանդր Բլեք
  • Զգեստների նկարիչ՝ Լիդիա Շիլդկնեխտ
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Մնացականյան[2]
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Խուտորյանսկի

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ Վսեվոլոդ Ռևիչը կարծում էր, որ ֆիլմում «ռեժիսորական և դերասանական վարպետությունը վեր է սցենարայինից, իսկ երբեմն էլ հակասության մեջ է մտնում դրա հետ»։ Նրա գնահատմամբ՝ «Ֆիլմի սյուժեն բավականին արհեստական է, բայց լավ է խաղարկվել»[3]։ Նա գրել է, թե «Ա.Զբրուևը շատ հմայիչ դերասան է՝ ինչ-որ անորսալի հեգնանքով, և նրա Սաշա Ալյոշինին, բնականաբար, համակրում ես», բայց «հերոսի մեջ անհատական ինչ-որ բան գտնելը դժվար է»։ Քննադատը նաև չի կարողացել հասկանալ, թե ինչպես է քիմիկոս Լեբեդյանսկին (Ն. Պոդգորնի) կարողացել հասնել սովորական գողություն կատարողի մակարդակի։ «Մենք ոչ առանց հաճույքի են հետևում Ս. Չեկանի վերամարմնավորման գերազանց հմտությանը,- գրել է քննդատը,- բայց կերպարի մեջ ոչ մի այլ գաղափար չի ներդրվել»։ Ինչ վերաբերում է հանցագործների ղեկավար Ռուբցովի (Վ. Կենիգսոն) կերպարին, Վ. Ռևիչը կասկածում է, թե «հնարավոր է արդյոք այդքան դեգրադացվելը»[4]։ Նրա կարծիքով՝ «ինտրիգի անկյուններն ավելի սուր դարձնելու ձգտումը բացասաբար է ազդել ֆիլմի մարդկային ապահովվածության վրա»[5]։

Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևը գրել է, որ «այս տիպիկ «խորհրդային դետեկտիվը», որը ունեցել է երկու շարունակություն՝ «Շրջան» (1972) և «Դա ինձ չի վերաբերում» (1976), մեծ ժողովրդականություն է վայելել հանդիսատեսի շրջանում՝ հայտնվելով վարձույթի պատմության մեջ հարյուր հիսուն ամենաշահութաբերների շարքում»[6]։ Դերասան Ալեքսանդր Զբրուևը, քննադատի կարծիքով, ստեղծել է «գլխավոր հերոսի ճանաչելի և մարդկայնորեն գրավիչ կերպար»։ Ա. Զբրուևը ֆիլմում խաղացել է «երկու կերպար մեկում, քանի որ, հանցագործին պատկերելով, Ալյոշինը չի դադարում ինքը լինելուց»։ «Խաղալով Ալյոշինի երկու հիպոստազներին,- նշել է Ս. Կուդրյավցև,- նա ինքն ասես փոխվել է և մեծացել աչքի առաջ»[6]։

«Նա, անշուշտ, իր ներկայությամբ զարդարել է Հերբերտ Ռապապորտի ոստիկանական դետեկտիվները («Ցերեկային սեանսի երկու տոմս», «Շրջան», «Դա ինձ չի վերաբերում»)»,- այսպես է գնահատվել գլխավոր դերակատար Ալեքսանդր Զբրուևի դերասանական խաղը «Новейшая история отечественного кино» (2001) ժողովածուում[7]։ «Իրական ժողովրդականության Ալեքսանդր Զբրուևը հասել է այն բանից հետո, երբ խաղացել է Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչության աշխատակից Ալյոշինին «Ցերեկային սեանսի երկու տոմս» ֆիլմում»,- ասվում է «Кино России» հանրագիտարանում (2002, հատոր 1)[8]։

Ֆիլմի հաջողություններից մեկը Լյուդմիլա Չուրսինայի կողմից Ինկա-էստոնկայի դերի կատարումն է։ Այս դերը հիշատակվում է «Ռուսաստանի կինո. դերասանական հանրագիտարան» գրքում (ռուս.՝ «Кино России: актёрская энциклопедия», 2008, հատոր 2). «Հերոսուհին՝ ավազակի ընկերուհին, գեղեցիկ է, գռեհիկ և չափազանց դժբախտ։ Հոգու խորքում Ինկան փափագում է նորմալ կյանք, սեր, հարգանք, ընտանիք, հանգիստ հարմարավետ տուն։ Հենց այդպես էլ նրան եզրափակչում տեսնում է ֆիլմի հերոսը՝ քննիչը, որին մարմնավորում է Ալեքսանդր Զբրուևը. սովորական, սիրելի կին՝ երջանկությունից վառվող աչքերով...»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Два билета на дневной сеанс // Искусство кино. — 1967. — № 7. — С. 115—116.
  • Ревич В. А. Кинодетектив: уголовный розыск и художественный поиск. — М.: ВБПК, 1983. — С. 49—51. — 160 с. — 100 000 экз.
  • Советские художественные фильмы: аннотированный каталог. 1966—1967 / Сост. М. И. Павлова, В. П. Боровков. — М.: Нива России, 1995. — С. 31—32. — 288 с.
  • Новейшая история отечественного кино: А-И / Сост. Л. Аркус. — М.: Сеанс, 2001. — Т. 1. — С. 438. — 498 с.
  • Кино России: актёрская энциклопедия / Сост. Л. А. Парфёнов. — М.: Материк, 2002. — Т. 1. — С. 62. — 150 с.
  • Кино России: актёрская энциклопедия / Сост. Л. А. Парфёнов. — М.: Материк, 2008. — Т. 2. — С. 211. — 228 с.
  • Кудрявцев С. В. 3500. Книга кинорецензий: A—М. — М.: Печатный двор, 2008. — Т. 1. — С. 270. — 687 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Два билета на дневной сеанс»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  • ««Два билета на дневной сеанс»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • ««Два билета на дневной сеанс»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  • ««Два билета на дневной сеанс»». Государственный интернет-канал «Россия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.