Տրիտոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրիտոններ (Triturus), սալամանդրների ընտանիքի պոչավոր երկկենցաղների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 18 սմ Է։ Պոչը կողքերից սեղմված է մաշկային եզրաշերտով։ Հայտնի է տրիտոնների 10 (ԽՍՀՄ-ում՝ 5) տեսակ, տարածված Եվրոպայում և Ասիայի մերձակա շրջաններում, գլխավորապես՝ անտառներում։ Բեղմնավորման շրջանում (գարնանը և ամռան սկզբին) ապրում են ջրում (ոչ խորը, սովորաբար չհոսող ջրամբարներում)։ Բեղմնավորությունը ներքին Է։ Թրթուրները հասուն անհատների են վերածվում 3—5 ամսից, երբեմն միայն հաջորդ տարին։ Սնվում են մանր խեցգետնակերպերով, փափկամորթներով, գորտերի ձուղպով, անձրևորդերով, միջատներով ևն։ Օգտագործվում են որպես լաբորատոր կենդանիներ։ Տրիտոններ են անվանում նաև որոշ այլ պոչավոր երկկենցաղների։ ԽՍՀՄ-ում Տրիտոնների 3 տեսակ գրանցված էր Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։