Տնօրհնեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնօրհնեք, Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է եղել տնօրհնեքի հոգևոր-բարեպաշտական արարողությունը։

Տնօրհնեքի նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից, երբ առաքյալները Քրիստոսի Համբարձումից հետո շրջում էին տները՝ բոլորին տանելով Քրիստոսի Ծննդյան ու Հարության ավետիսը։ Նույն կերպ և առաքյալների հետևորդները՝ քահանաները, տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան ութօրյակին (հունվարի 6-13) և Սուրբ Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց վիճակված համայնքների հավատացյալների տները և օրհնում նրանց բնակարաններն ու ընտանիքի անդամներին։

Տնօրհնեքի իմաստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քահանայի այցելության իմաստն օրհնությունից առավել Քրիստոսի Ծննդյան ավետիսը ընտանիքներում սփռելն է։

Ժամանակահատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Եկեղեցում տնօրհնեքի կարգ սահմանված է կատարել Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներից հետո, ինչպես նաև կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն։

Սուրբ Ծննդյան տնօրհնեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծննդյան տոներից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ քահանան, տուն մտնելով, տալիս է Փրկչի Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու` Սուրբ Ծննդյանը նվիրված «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը (Ղուկաս, Բ, 8-20)։

Տնօրհնյաց արարողակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քահանան օրհնում է տան ջուրը (մկրտության խորհրդանիշը), հացը և աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշերը), ինչպես Քրիստոսը, աշխարհ գալով, օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները։

Քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին և խնկարկում տունը։ Այնուհետև օրհնում է տան անդամներին՝ Աստծուց նրանց համար պահպանություն հայցելով։ Որպես օրհնության համար տեսանելի և մնայուն նշանակ՝ քահանան սեղանին թողնում է տնօրինական պատկերով Նշխար, որը պահվում է ալյուրի կամ ձավարեղենի մեջ՝ իբրև տվյալ տան ունեցվածքի առատության, բերրիության և հաջողության նշան։

Զատկական տնօրհնյաց կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հարության տոնից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ կատարվում է օրհնության նույն կարգը, սակայն երգվում է Ներսես Լամբրոնացու «Այսօր յարեաւ ի մեռելոց» զատկական շարականը և ընթերցվում Մատթեոսի Ավետարանից հարուցյալ Քրիստոսի և Նրա աշակերտների՝ Գալիլիայում հանդիպման հատվածը (Մատթեոս, ԻԸ, 16-20)։

Նորակառույց տան օրհնության ժամանակ երգվում է Սահակ Պարթևի` հոգեգալստյան «Այսօր երկնայինքն ուրախացան» շարականը, և ընթերցվում Ղուկասի Ավետարանից Հիսուսի՝ Զակքեոս մաքսապետի տուն այցելելու հատվածը (Ղուկաս, ԺԹ, 1-10)։

Տնօրհնեքը Գրիգոր Տաթևացու բնորոշմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Տաթևացու բնորոշմամբ՝ տնօրհնեքի արարողությունը Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է հաստատել, երբ Զատկի երեկոյան փակ դռների միջով մտավ Վերնատուն և օրհնեց Իր աշակերտներին (տե՛ս Հովհաննես, Ի, 19-20)։

Այսպիսով, տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների տները Սուրբ Ծննդյան խորհրդով վերածվում են Բեթղեհեմյան այրի, Սուրբ Հարության խորհրդով՝ Վերնատան, և նորակառույց տան օրհնությամբ՝ փրկության արժանացած մաքսավոր Զակքեոսի տան, որովհետև Աստված այցելեց այնտեղ։

Տնօրհնեքի արարողությամբ Հայ Եկեղեցին նաև արժևորում է ընտանիքի նվիրականությունն ու կարևորությունը։ Հիրավի, «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս, ՃԻԶ, 1)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]