Տիրտեոս
| Տիրտեոս | |
|---|---|
«Տիրտեոս», նկար Գյուստավ Մորոյի, 1882 | |
| Ծնվել է | մ.թ.ա. 7-րդ դար |
| Ծննդավայր | Սպարտա, Հունաստան |
| Մահացել է | մ.թ.ա. 7-րդ դար |
| Մահվան վայր | Սպարտա, Հունաստան |
| Քաղաքացիություն | Սպարտա |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և elegist |
Տիրտեոս (հին հունարեն՝ Τυρταίος ), մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ կեսի հույն բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Աթենքում կամ Լակոնիայում, ապրել է Սպարտայում։ Համաձայն մի ավանդության՝ եղել է դասատու, որին աթենացիներն ուղարկեցին Սպարտա ռազմական օգնության փոխարեն։ Սակայն նրա ստեղծագործությունը հուշում է, որ նա եղել է Սպարտայի քաղաքացի (թերևս՝ զորահրամանատար), որը բավականաչափ հեղինակություն է ունեցել իր հայրենակիցներին խրատելու համար[1]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրտեոսի բանաստեղծություններն արժեքավոր աղբյուրներ են Լակոնիայում այն ժամանակվա երկու ճգնաժամերի՝ քաղաքացիական երկպառակությունների և երկրորդ մեսենյան պատերազմի, մասին[2]։ Մեսենիան Լակոնիային հարևան երկիր էր, որը սպարտացիները գրավել էին՝ բնակիչներին ենթարկելով հելոտի կարգավիճակի[3]։ Տիրտեոսը հորդորդել է սպարտացիներին մինչև մահ կռվել իրենց քաղաքի համար։ Քարոզել է թագավորների աստվածային իրավունքը և հիշեցրել հայրենակիցներին սահմանադրությամբ սահմանված թագավորների, ծերակույտի և ժողովրդի դերերի մասին[2]։ Հոնիական բարբառով գրված եղերերգություններում պարսավել է շահամոլությունը, երկպառակությունները, կոչել է միասնության՝ փառաբանելով Սպարտայի հին ժամանակները, գովերգելով մարտիկների խիզախությունը։ Տիտեոսի ստեղծագործության մեջ, հին հունական պոեզիայում առաջին անգամ, երևան են գալիս խորհրդածություններ գոյություն ունեցող պետական կարգի առաջացման և այդ կարգը հանուն ամբողջ քաղաքացիական կոլեկտիվի բարօրության պահպանելու միջոցառումների շուրջը։
Անտիկ աղբյուրները հաղորդում են, թե Տիրտեոսի երկերը ամփոփվել են հինգ գրքի մեջ։ Նրա գործերից պահպանվել է մոտ 250 տող կամ տողի մասեր[2]։ Տիրտեոսի երգերը բաժանվում են երկու խմբի՝ ռազմական (էմբատերիա) և էլեգիա։
Էմբատերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմբատերիաները ամբողջովին հագեցած են ռազմական ոգով և գրված են դորեական բարբառով։ Հեղինակն այս երգերի մեջ կոչ է անում հարձակվել թշնամու վրա։ Գովերգում է քաջությունը և հերոսներին՝ միաժամանակ մերկացնելով երկչոտներին։ Պատերազմի դաշտում ընկնելը համարում է մեծագույն պատիվ, այն ամենաբարձր փառքը, որին արժանանալ կարող է մարդը։ Այդպիսի մարդը սիրելի է բոլորին, նրա մահը ողբում է ամբողջ քաղաքը, «նրա գերեզմանը կփառավորեն թե նրա երեխաները, թե երեխաների երեխաները և թե նրա ամբողջ տոհմը հավիտյան»։ Հայրենիքի համար զոհվողըեծարվում է նույնիսկ մահից հետո, ստորերկրյա աշխարհում։ Տիրտեոսի այս ոտանավորների մեջ գովաբանվում է սպարտաական կարգապահությունը, որը դաժան էր ու խիստ, և արտահայտում է նրա ռազմական ոգին։
Էլեգիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրտեոսի էլեգիաները բաժանվում են երկու խմբի և կրում տարբեր անուններ՝ «Եվնոմիա» և «Խորհուրդներ»։
«Եվնոմիա» նշանակում է օրինականություն։ Այս երգերում բանաստեղծը հրավիրում է կարգապահության ու գովում է օրինականությունը, որ պատերազմի պատճառով խախտվել է Սպարտայում։ «Եվնոմիայի» մեջ հեղինակը հորդորում է հավատարիմ մնալ օրենքներին, հին ավանդույթներին, սպարտաական թագավորներին, որովհետև գերագույն իշխանությունը Սպարտայում «աստվածատիպ» թագավորներին է պատկանում։ Գրեթե նույն ոգով են գրված «Խորհուրդները»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ярхо В. Н. Тиртей // Краткая литературная энциклопедия / гл. ред. А. А. Сурков.. — М.: Сов. энцикл., 1972. — Т. 7. — С. 514.
- 1 2 3 West, Martin Litchfield (2016-03-07). «Tyrtaeus». Oxford Classical Dictionary. Վերցված է 2025-12-15-ին.
- ↑ Dickinson, O. T. P. K.; Woodward, Arthur Maurice; Hopper, Robert J.; Spawforth, Antony (2016-03-07). «Messenia». Oxford Classical Dictionary. Վերցված է 2025-12-15-ին.
- ↑ Ա. Առաքելյան, Հունական գրականության պատմություն, Երևան, «Լույս», 1968, էջ 93-94։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 19)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրտեոս» հոդվածին։ |
| ||||||||||||