Jump to content

Տանձենի Զանգեզուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանձենի զանգեզուրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Տանձ (Pyrus)
Տեսակ Տանձենի զանգեզուրի (P. zangezura)
Միջազգային անվանում
Pyrus zangezura
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տանձենի Զանգեզուրի (լատին․՝ Pyrus zangezura), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր տերևաթափ ծառ է՝ 8-10 մ բարձրությամբ և 20-40 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը և ընձյուղները զուրկ են փշերից և ծածկված են մուգ դարչնագույն կեղևով (հետագայում դրանք ստանում են մոխրագույն երանգ), մերկ են (մատղաշ շիվերի մազմզուկները վաղ են թափվում)։ Բողբոջները խոշոր են, մոտ 0,5 սմ երկարությամբ, մատղաշ շիվերի վրա նեղ կոնաձև, բազմամյա ճյուղերի վրա ձվաձև։ Տերևները էլիպսաձև են, լայն նշտարաձև կամ երկարավուն ձվաձև, 5-9 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ, կլորավուն հիմքով, բութ կամ սուր գագաթով, բութ ատամնաեզր կամ սղոցաեզր, մերկ, վերևի կողմից մուգ կանաչ, ներքևի կողմից ավելի բաց գույնի։ Չորացնելու դեպքում սևանում են։ Տերևակոթունների երկարությունը կազմում է 2-5 սմ։ Պտուղների հասունացման ժամանակ բաժակաթերթիկները չեն թափվում, ծածկված են խիտ աղվամազով։ Պտուղները հավաքված են վահաններում, 7-8 հատ միասին, տանձաձև կամ համարյա կլորավուն, մոտ 1,5 սմ տրամագծով, կոշտ, ամուր պտղամսով, որի մեջ մեծ քանակությամբ քարաբջիջներ կան, մերկ են, հաստ, պտղի տակ ուժեղ հաստացած պտղակոթունով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է միայն Հայաստանում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի վերին լեռնային գոտում, Մեղրու շրջանի Մազրա գյուղի շրջակայքում։ Որպես հայկական էնդեմ պահպանության և տարածման խիստ կարիք ունի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (384)։