Վոլեյբոլը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վոլեյբոլը Հայաստանում. ՀԽՍՀ-ում հանրապետական առաջնություն անցկացվում է 1925 թվականից։ 1928 թվականին ստեղծվել է վոլեյբոլի հանրապետական սեկցիա (1958 թվականից՝ ֆեդերացիա)։ Զբաղվողների թիվը 68.000 է (1984)։ Երևանում գործում է վոլեյբոլի մասնագիտացված դպրոց (1972 թվականից)։ «Արծաթե գնդակ» համամիութենական պատանեկան մրցաշարում (1968 թվական) Իջևանի թիմը գրավել է առաջին տեղ։ 1976 թվականի Օլիմպիական խաղերի կանանց մրցաշարի մասնակից էր Ն․ Մուրադյանը, տղամարդկանց ԽՍՀՄ հավաքականի կազմում Ս․ Փլավչյանը 1982 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ ՀԽՍՀ-ում կա վոլեյբոլի միջազգային կարգի 2 և համամիութենական կարգի 18 մրցավար (1985 թվական)։

Հայաստանի մարզաշխարհի վետերանների վկայությամբ` 1926 թվականին, Գյումրու զորամասերից մեկում ռուս սահմանապահ մարզիկները մայիսմեկյան տոնակատարության շրջանակներում բասկետբոլի ընկերական խաղից հետո, ցուցադրեցին «վոլեյբոլ» խաղը։ Այն շատ դուր եկավ ցուցադրմանը ներկա Գյումրու մարզիկներին։ Զինվորական մարզիկների օգնությամբ գյումրեցիները յուրացրեցին նոր խաղի կանոնները, տեխնիկական հնարքները և արդեն 3 ամիս անց ցանկացան մրցել զինվորական մարզիկների հետ։ Գյումրու թիմը կազմված էր 4 տղամարդկանցից և 2 կանանցից, որոնց գլխավորում էր բասկետբոլի և թեթև աթլետիկայի արդեն հայտնի մարզիկ Արամ Ալանակյանը։ Վերջինս, ինչպես նաև Միքայել և Արփենիկ Հայրբաբամյան ամուսինների, Մուշեղ Մամիկոնյանի, Շողիկ Առնաուտյանի, Արփիկ Հարոյանի և այլոց ջանքերով Գյումրու «Լոկոմոտիվ» մարզական ընկերությունում ստեղծվեցին անհամեմատ բարձր կարգի, տղամարդկանց և կանանց թիմեր։ 1927-1928 թվականներին վոլեյբոլը տարածվեց նաև Երևանում։ Այդ գործում մեծ դեր խաղաց սպորտի մեծ երախտավոր Խաչիկ Մանդալյանը։ Նրան հաջողվեց արդեն 1930-ական թվականներին Երևանի պոլիտեխնիկական համալսարանում ստեղծել կանանց և տղամարդկանց ուժեղագույն կոլեկտիվներ։ Այստեղ իրենց գրագետ և արդյունավետ խաղով աչքի էին ընկնում Աստղիկ Քրմոյանը, Մարգո Օգանեսյանը, Քնարիկ Մինասյանը, Տատյանա Եսայանը, Արմանուշ Ասատրյանը, Հասմիկ Պողոսյանը, Աիդա Մելիք-Ադամյանը, ինչպես նաև Կոնստանդին Վարդանյանը, Յաշա Ղազարյանը, Ռուբիկ Գևորգյանը, Սերգեյ Տեր-Ակոպովը, Անատոլի Թումոյանը, Սուրիկ Վարդանյանը և ուրիշներ։ Մատչելիությանը և դիտարժանության շնորհիվ, խաղը լայն տարածում գտավ նաև դպրոցականների շրջանում։ Իրենց լավ խաղով աչքի էին ընկնում մայրաքաղաքի Շահումյանի Մայակովսկու, Գորկու անվան և ցուցադրական դպրոցների աշակերտները։ Մինչև Հայրենական Մեծ պատերազմի սկիզբը Երևանում ստեղծվում են «Տեմա», «Դինամո», «Արմենկի» և «Սպարտակ» թիմերը։ Լավ թիմեր են կազմավորվում նաև Գյումրու «Դինամո» և «Լոկոմոտիվ», Վանաձորի «Դինամո», Ալավերդու «Ցվետմետ» և Կապանի «Ցվետմետ» մարզական ընկերություններում։ Արդեն 1928 թվականին Հայաստանի տղամարդկանց հավաքականը Թբիլիսիում մասնակցեց համամիութենական սպարտակիադայի նախնական հանդիպումներին։

1933 թվականին Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը նույն քաղաքում մասնակցեցին ԽՍՀՄ առաջնության ընտրական խաղերին։ 1933 թվականին անցկացված Հայաստանի 2-րդ սպարտակիադայի ծրագրում ընդգրկված 11 մարզաձևերից մեկը վոլեյբոլն էր։ Մարզաձևը այնուհետև մշտապես տեղ գտավ նույնանուն մրցումների ծրագրում։ 1933 թվականին Երևանի տղամարդկանց «Տեմպ» թիմն իր նորամուտը կատարեց ԽՍՀՄ առաջնության մրցումներում։ Հետպատերազմյան շրջանում վոլեյբոլը մեծ տարածում է գտնում ոչ միայն քաղաքներում, այլև շրջկենտրոններում և գյուղերում։ 1945 թվականին հիմնադրվեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանը։ Այն հնարավորություն ընձեռեց ոչ միայն այստեղ ստեղծել կանանց և տղամարդկանց ուժեղ թիմեր, այլև պատրաստել բարձրակարգ մասնագետ-մարզիչներ։ Վոլեյբոլի հիմնավորման, լավագույն մարզիչներ պատրաստելու գործում անմոռանալի ավանդ ունեցավ ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի առաջին վարիչ, մարզաձևի ծագման ակունքների, մոտ կանգնած Մուշեղ Մամիկոնյանը։

Հայաստանում վոլեյբոլի զարգացմանը մեծապես նպաստեց 1946 թվականին ստեղծված վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիան։ Նրա առաջին նախագահը ընտրվեց հայտնի մարզիկ և մարզիչ էդուարդ Շահինյանը։ 1946 թվականին վերսկսված ԽՍՀՄ առաջնություններին պարբերաբար սկսեցին մասնակցել Հայաստանի ակումբային թիմերը։

1948-1949 թվականներին հանրապետությունում վոլեյբոլ խաղում էր 14.880 մարդ։ Ամեն տարի անցկացվում էին հանրապետության առաջնություններ առաջին և երկրորդ խմբերով, հանրապետության գավաթի խաղարկություններ, հանրապետության 4 քաղաքների միջև մրցաշարերի, ինչպես նաև պատանեկան տարբեր տարիքային խմբերի մեջ մրցումներ, ԲՈՒՀ-ի առաջնություններ։ 1946-1949 թվականներին մեծ աշխատանք տարվեց մարզաձևը հանրապետությունում արմատավորելու նպատակով։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվական - ԽՍՀՄ 10-րդ առաջնության 2-րդ խմբում Երևանի տղամարդկանց «Սպարտակ» թիմը գրավեց 4-րդ տեղը։ ԽՍՀՄ ժողովրդների 1947 թվականի սպարտակիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 18 թիմերի մրցապայքարում գրավեց 11-րդ տեղը։

1949 թվական - ԽՍՀՄ սպորտ-կոմիտեն «ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ»-ի կոչում շնորհեց Սերգեյ Արակչյանին։

1950 թվական - Հայաստանի մարզիկներից առաջինը ԽՍՀՄ տղամարդկանց հավաքական ընդգրկվում է Արամ Դավթյանը։

1951 թվական - Գյումրու«Դինամո» կանանց թիմը ԽՍՀՄ գավաթի եզրափակչում գրավում է 6-րդ տեղը։ Երևանում բացվում է վոլեյբոլի մասնագիտական մանկապատանեկան մարզադպրոց` առաջիններից մեկը ԽՍՀՄ-ում։

1952 թվական - Նորայր Շահբազյանը, Գեորգի Սոլոմատինը և Լավրենտին Լավրինեցն ընդգրկվում են Անդրկովկասի հավաքական թիմում։

1954 թվական - «Միջազգային կարգի մրցավար»-ի կոչում է շնորհվում Սերգեյ Արակչյանին։

1956 թվական - Հայաստանի հավաքական թիմերը մասնակցում են ԽՍՀՄ ժողովրդների 1-ին սպարտակիադայում։ Տղամարդիկ գրավում են 11-րդ, կանայք` 14-րդ տեղերը։

1957 թվական - Նորայր Շահբազյանը և Յուլյա Սերնակերն ընդգրկվեցին ԽՍՀՄ երիտասարդական հավաքական թիմերի կազմում։

1959 թվական - Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 2-րդ սպարտակիադային։ Տղամարդիկ գրավում են 14-րդ, կանայք` 12-րդ տեղերը։

1961 թվական - Սերգեյ Արակչյանին շնորհվում է «ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի» կոչում։

1962 թվական - Երևանը հյուրընկալել էր ԳԴՀ-ի և Իտալիայի մարզիկներին։ Հայ մարզիկները հաղթանակ տարան Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի` ԳԴՀ-ի հավաքականի նկատմամաբ։

1963 թվական - ԽՍՀՄ ժողովրդների 3-րդ սպարտակիադայում Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը գրավեցին 12-րդ տեղը։

1964 թվական - «ԽՍՀՄ սպորտի վարպետ»-ի կոչմանը առաջին անգամ արժանացան Նորայր Շահբազյանը, Ֆիլանդրիկ Ասատրյանը, Ռուդոլֆ Քրմոյանը, Նորայր Յուզբաշյանը, Էմիլ Հովհաննիսյանը, Կառլեն Սերոբյանը։ Մարոկկոյի հավաքականը 2 ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանում։

1965 թվական - Ռուբեն Վարժապետյանը, Վալերի Վոլկովը, Համլետ Գարանիֆիլյանը և Ալիկ Չթչյանը արժանացան «ԽՍՀՄ սպորտի վարպետ»-ի կոչմանը։

1966 թվական - Սիրիայի և Լիբանանի վոլեյբոլի ֆեդերացիաների հրավերով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 10 ընկերական հանդիպում անցկացրեց տեղի թիմերի հետ։ Մեր թիմը տարավ 9 հաղթանակ։

1967 թվական - Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 4-րդ սպարտակիադային։ Տղամարդիկ գրավեցին 16-րդ, կանայք` 13-րդ տեղերը։

1968 թվական - Իջևանի թիվ - 1 միջնակարգ դպրոցի տղաների թիմը Մոսկվայում համամիութենական «Արծաթե գնդակ» առաջնությունում գրավեց 1-ին տեղը։ Թիմի անդամ Ֆելիքս Դալլաքյանն արժանացավ Կ. Ռևայի անվան «Մրցաշարի լավագույն խաղացող»-ի մրցանակին։ Երևանցիներն ականատես եղան աշխարհի լավագույն կանանց հավաքական թիմերից մեկի` ԳԴՀ-ի մարզուհիների խաղին։

1969 թվական - Երևանը դարձավ ԽՍՀՄ դպրոցականների 11-րդ սպարտակիադայի մրցատեղին։ Հայաստանի պատանիները գրավեցին 5-րդ, աղջիկները` 4-րդ տեղերը։

1971 թվական - Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 5-րդ սպարտակիադային։ Տղամարդիկ գրավեցին 12-րդ, կանայք` 16-րդ տեղերը։

1975 թվական - ԽՍՀՄ ժողովրդների 6-րդ սպարտակիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց 17-րդ, կանանցը` 15-րդ տեղերը։

1976 թվական - Հայաստանում վոլեյբոլը հասավ աննախադեպ հաջողության։ Նինա Մուրադյանը ԽՍՀՄ կանանց հավաքական թիմի կազմում, Մոնրիալի 21-րդ Օլիմպիական խաղերում, արժանացավ Արծաթե մեդալի։

1978 թվական - Ռայիկ Ղուկասյանը և Կլիմենտ Նալբանդյանը արժանացան «Միջազգային կարգի մրցավար»-ի կոչմանը։ Նինա Մուրադյանը ԽՍՀՄ կանանց հավաքական թիմի կազմում աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ։

1979 թվական - Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 7-րդ սպարտակիադային։ Տղամարդիկ գրավեցին 16-րդ, կանայք` 11-րդ տեղերը։

1980 թվական - Անցկացվեց Ս.Վ. Արակչյանի հիշատակին նվիրված համամիութենական մրցաշար։ Այն դարձավ ավանդական և 10 անգամ անցկացվեց Երևանում։

1982 թվական - Սերոբ Փլավչյանը ԽՍՀՄ երիտասարդական հավաքական թիմի կազմում Գերմանիայի Մյունխեն քաղաքում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը և արժանացավ «ԽՍՀՄ սպորտի վարպետ»-ի կոչմանը։

1983 թվական - Հայաստանի հավաքական թիմերը մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդների 8-րդ սպարտակիադային։ Տղամարդիկ գրավեցին 17-րդ, կանայք` 14-րդ տեղերը։

1987 թվական - Ռ. Զաքարյանի գլխավորությամբ հարավային գոտու հավաքականը արժանանում է բրոնզե մեդալների` ԽՍՀՄ մարզադպրոցների սովորողների խաղերում։ Խ. Ասմարյանի գլխավորած աղջիկների թիմը նվաճում է ԽՍՀՄ պրոֆ. կրթության համակարգի սովորողների չեմպիոնի կոչումը։

1990 թվական - Հայաստանի կանանց հավաքականը (մարզիչ` Խ. Ասմարյան) Զելենոգրադ քաղաքում դառնում է միջազգային մրցաշարի հաղթող։ Տղամարդկանց հավաքականը գրավում է 5-րդ տեղը (մասնակցում էին 11-ական թիմեր)։

1991 թվական - Հայաստանի տղամարդկանց հավաքականը ԽՍՀՄ ժողովրդների 10-րդ սպարտակիադայում գրավում է 5-րդ տեղը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]