Վլադիմիր Հարությունյան (ահաբեկիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Հարությունյան
վրաց.՝ ვლადიმირ ვლადიმერის ძე არუთიუნიანი
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1978(1978-03-12) (46 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունահաբեկիչ

Վլադիմիր Վլադիմիրի Հարությունյան վրաց.՝ ვლადიმირ ვლადიმერის ძე არუთიუნიანი, (մարտի 12, 1978(1978-03-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի Վրաստանի քաղաքացի, որը հայտնի է նրանով, որ 2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նռնակ է նետել այն տրիբունայի ուղղությամբ, որտեղ գտնվում են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նռնակը եղել է մարտական վիճակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1978 թվականի մարտի 12-ին Խորհրդային Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Հարությունյանը վաղ հասակում կորցրել է հորը և ապրել մոր հետ, որը տեղական փողոցային շուկայում եղել է կրպակատեր։ Նրանք ապրել են Թբիլիսիի ամենաաղքատ արվարձաններից մեկում։

Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո նա չի ունեցել հաստատուն զբաղմունք[1]։ 2004 թվականի հունվարին նա միացել է Ասլան Աբաշիձեի գլխավորած «Դեմոկրատական միություն հանուն վերածննդի» կուսակցությանը, սակայն շուտով լքել է կազմակերպության շարքերը[2]։

2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նա ԽՍՀՄ արտադրության ՌԳԴ-5 նռնակը նետել է այն ամբիոնի ուղղությամբ, որտեղ գտնվել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։ Նռնակը եղել է մարտական վիճակում, սակայն այն չի պայթել։

Հուլիսի 20-ին Վլադիմիր Հարությունյանը ձերբակալվել էր Թբիլիսիի Վաշլիջվարի թաղամասում գտնվող իր տան մոտ իրականացված հատուկ գործողության ժամանակ։ Ձերբակալության ժամանակ նա զինված դիմադրություն է ցույց տվել, ինչի արդյունքում նա սպանել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության վարչության պետին։ Նրա տան նկուղում հայտնաբերվել են թունավոր ու պայթուցիկ նյութեր։ Բժիշկները նրան մեղսունակ են ճանաչել՝ նշելով, որ ահաբեկիչը տառապում է Մանիակային համախտանիշով։ Հաջորդ օրը Հարությունյանը խոստովանել է մահափորձը և հայտարարել, որ պատրաստ է կրկնել ԱՄՆ նախագահի դեմ իրականացված ահաբեկչության փորձը, եթե հնարավորություն ունենա[3]։

2005 թվականի դեկտեմբերի 5-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ ահաբեկչություն, սպանության փորձ, Վրաստանի քաղաքական անձի վրա հարձակում, միջազգային պաշտպանության տակ գտնվող անձի վրա հարձակում, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել, պահել, օգտագործել։ 2006 թվականի հունվարի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչին մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 8 հոդվածներով և դատապարտել է ցմահ ազատազրկման[4]։

2010 թվականին հայտնի դարձավ, որ Հարությունյանն ընդունել է իսլամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пожизненный срок за попытку убить сразу двух президентов [A life sentence for attempting to kill two presidents]» (ռուսերեն). Vremya.ru. 2006 թ․ հունվարի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  2. «В МВД Грузии заявляют, что напавший на Буша не связан с какими-либо группировками [In the Georgian Interior Ministry claimed that attacked Bush is not associated with any groups]» (ռուսերեն). Kavkaz-uzel.ru. 2005 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Man sentenced to life for tossing grenade at Bush». USA Today. 2006 թ․ հունվարի 11. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  4. Chilcote, Ryan (2006 թ․ հունվարի 11). «Bush grenade attacker gets life». CNN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]