Վլադիմիր Խոջաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոջաբեկյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Խոջաբեկյան
Ծնվել էմարտի 2, 1929 (90 տարեկան)
Հայաստան Հայաստան Չախրլու
Մահացել է2012
ԱզգությունՀայ
Մասնագիտությունտնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր

Խոջաբեկյան Վլադիմիր Եղիշեի (մարտի 2, 1929, գյուղ Չախրլու (Վարդենիսի շրջանում) - 2012 թ.), հայ տնտեսագետ։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Մինչև 1960 թվականի վերջերը որպես խմբագիր աշխատել է «Հայպետհրատում», ապա անընդմեջ աշխատում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում. 1960 թվականին ընտրվել է ավագ գիտաշխատողի պաշտոնակատար, 1963 թվականին նշանակվել է ինստիտուտի գիտնական քարտուղար, 1967 թվականից ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի բաժնի վարիչն է, 1983 թվականից՝ ինստիտուտի փոխտնօրեն, 1999–2006 թվականներին՝ տնօրեն, 2006 թվականից՝ գլխավոր գիտաշխատող է։ Գիտական հետազոտությունները նվիրված են Հայաստանի բնակչության և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության, ներարտադրական ռեզերվների բացահայտման և օգտագործման պրոբլեմներին։ Խոջաբեկյանի աշխատություններում առաջ քաշված հիմնավորումներն արտացոլվել են Հայաստանի զարգացման հեռանկարային պլաններում ու գիտական երկարաժամկետ կանխատեսումներում։ ԳԴՀ ԳԱ տնտեսագիտության կենտրոնական ինստիտուտի հետ մշակել է աշխատանքային ռեսուրսների զբաղվածության արդյունավետության բարձրացման պրոբլեմները։

1970-ականներից 2005 թվականը Վլադիմիր Խոջաբեկյանը գիտական բանախոսություններով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում։

Վլադիմիր Խոջաբեկյանը զբաղվել է Արցախյան հիմնահարցերով։

Երկար տարիներ Վլադիմիր Խոջաբեկյանը եղել է ՀՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալը, բյուրոյի անդամ, հումանիտար գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ, փիլիսոփայության, տնտեսագիտության և իրավագիտության պրոբլեմային գիտական, Հայկական սովետական հանրագիտարանի տնտեսագիտական, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտական, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհուրդների նախագահ, Հայկական սովետական հանրագիտարանի, գիտախմբագրական տարբեր ամսագրերի խմբագրական խորհուրդների, այդ թվում՝ «Պրոբլեմի տեորիի ի պրակտիկի ուպրավլենիա» միջազգային ամսագրի՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի կողմից ներկայացուցիչ-անդամը և այլն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Խոջաբեկյանը ավելի քան 400 հրատարակված աշխատությունների, այդ թվում՝ ավելի քան մեկուկես տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների, դրանցից բացի խմբագրված գրքերի և 160 չհրատարակված գիտական զեկուցումների, զեկուցագրերի, ելույթների և արխիվային այլ նյութերի հեղինակ է։ Աշխատությունները հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով լույս են ընծայվել Երևանում, Մոսկվայում, Կիևում, Բեռլինում, Նյու Յորքում, Փարիզում, Աթենքում, Դելիում, Թեհրանում, Վիեննայում, Թբիլիսիում և այլուր։

Ժողովրդագրության զարգացման օրինաչափությունների դրսևորման ուղղությունների, միտումների և բնակչության աճի գործոնների դերի բացահայտման ու գնահատման հիման վրա Վլադիմիր Խոջաբեկյանը կանխատեսել է Հայաստանի բնակչության ժողովրդագրական պատկերը երկարատև հեռանկարի տարբեր փուլերի համար։ Դրանք մասնավորապես ընդգրկում են 1966–1985 թթ., 1970–2000 թթ., 1979–2016 թթ., ինչպես նաև 2000 թվականից 2050–2060-ական թվականների ժամանակահատվածները։ 1968 թվականին Մոսկվայում ռուսերեն հրատարակվել է «Բնակչության ընդլայնված վերարտադրությունը և աշխատանքային ռեսուրսների օգտագործումը 1966–1985 թթ. Հայկական ԽՍՀ-ում» եռահատոր աշխատությունը։

«Հայկական ԽՍՀ բնակչությունը և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության արդի հիմնախնդիրները» (1973) մենագրությունը նվիրված է ժողովրդագրության տեսական ու գործնական հարցերին։

«Հայաստանի բնակչությունը և նրա զբաղվածությունը (1828–1978 թթ.)» (1979) մենագրությունում Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու պատմական նշանակության բացահայտման ընդհանուր հենքի վրա պատմատնտեսագիտական գրականության մեջ առաջին անգամ քննարկվում են Հայաստանի բնակչության վերարտադրության առանձնահատկությունները, զբաղվածության էվոլյուցիան և այլ հարցեր։

1980-ական թվականներին Վլադիմիր Խոջաբեկյանը ձեռնարկել է մի գիտական մշակում, այն է՝ 1979 –2016 թթ. հանրապետության, դրա բոլոր քաղաքների, շրջանների և գյուղական վայրերի բնակչության (ընդամենը 158 միավոր) հեռանկարային թվի կանխատեսման աշխատանքները։

1988 թվականի դեկտեմբերի 16-ին ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր ժողովում Խոջաբեկյանի, աղետյալ շրջաններում ստեղծված արտակարգ իրավիճակի ժողովրդագրական հետևանքները հաղթահարելու քաղաքականությամբ և սոցիալական բազմաբնույթ խնդիրները լուծելու, առաջարկությունները արժանացան ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հավանությանը։

1998 թվականին լույս է ընծայվում Վ. Խոջաբեկյանի «Զբաղվածության հիմնախնդիրները Հայաստանում անցման շրջանում» աշխատությունը։ 1998 թվականի հունիսի 1-ին վարչապետի գրությամբ շնորհակալություն է հայտնվում նրան՝ ակտիվ դիրքորոշման և գործարար առաջարկությունների համար։

Խոջաբեկյանը, շարունակելով իր ուսումնասիրությունները արդյունաբերության բնագավառում, առաջարկությունների տեսքով 2008 թվականին վարչապետին է հասցեագրել «Արդյունաբերության զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», ինչի համար Էկոնոմիկայի նախարարությունն իր շնորհակալությունն է հայտնել։

Վլադիմիր Խոջաբեկյանի վերջին տարիների (2001–2006 թթ.) ստվարածավալ մենագրությունները 6 (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նվիրված են Արևելյան Հայաստանի բնակչության աճի, տեղաշարժերի, 300 տարվա էթնոժողովրդագրական գործընթացների առանձնահատկությունների և օրինաչափությունների բացահայտմանը։ «Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու հիմնախնդիրները Հայաստանում» գիտական ուսումնասիրությունը 2008 թվականին ներկայացվել է ՀՀ վարչապետին։ Կարևորելով Վլադիմիր Խոջաբեկյանի հեռանկարային կանխատեսումները՝ այն ամբողջությամբ հաշվի է առնվել 2007–2015 թվականների առողջապահության համակարգի զարգացման ծրագրում։

Վլադիմիր Խոջաբեկյանը մշակել է նաև գաղթի քաղաքականության գիտական հիմունքները և առաջարկում է ներգաղթողների նկատմամբ կիրառել պետական մի այնպիսի քաղաքականություն, որով կարելի է ազդել ներգաղթող և արտագաղթող բնակչության կառուցվածքի վրա՝ երկրի պրոֆեսիոնալ-որակական ներուժը պահպանելու համար։

Վլադիմիր Խոջաբեկյանը Խորհրդային Միության ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի «ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների» պրոբլեմային խորհրդի անդամ էր։ ՀԽՍՀ ԳԱ-ի և ԳԴՀ գիտությունների ակադեմիաների միջև կնքված երկկողմանի համաձայնագրով 1976–1980 թթ. ավարտված աշխատանքի արդյունքներն արժանացել են երկու ակադեմիաների բարձր գնահատականին։ ԳԴՀ Կենտրոնական տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցների և Վ. Խոջաբեկյանի հետ համատեղ կատարված գիտական ուսումնասիրությունը՝ «Ժողովրդագրության հիմնախնդիրները և աշխատանքային ռեսուրսների վերարտադրությունը» վերտառությամբ, 1983 թվականին հրատարակվել է ռուսերեն։ 1984 թվականին այն արժանացել է ԽՍՀՄ գիտատնտեսագիտական վարչության նախագահության համամիութենական մրցանակի։ Խոջաբեկյանի հեղինակած բաժինը 1983 թվականին առանձին գրքով լույս է տեսել Բեռլինում՝ գերմաներեն։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Խոջաբեկյանը գիտահետազոտական արդյունավետ աշխատանքներ կատարելու համար 1973 և 1978 թվականներին արժանացել է ՀԽՍՀ ԳԱ «Պատվոգրի», 1979 թվականին նրա կենսագրությունը զետեղվել է Հայկական սովետական հանրագիտարանի 5-րդ և 1995 թվականին Հայկական համառոտ հանրագիտարանի 2-րդ հատորներում, 2000 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի բառարանում։ 1999 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից նա արժանացել է «1998 թ. Տարվա մարդ» կոչմանը։

2003 թվականին «Գիտության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար» պարգևատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, իսկ տարիներ առաջ՝ շքանշաններով, ԽՍՀՄ պետպլանի նախագահության և համամիութենական «Գիտելիք» ընկերության վարչության պատվոգրերով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներարտադրական ռեզերվները մեքենաշինության մեջ, Ե., 1962:
  • Հայկական ՍՍՀ բնակչությունը և աշխատանքային ռեսուրսների վերարտադրության արդի պրոբլեմները, Ե., 1976:
  • Население союзных республик (coaвтop), M., 1977.
  • Վլադիմիր Եղիշի Խոջաբեկյան: Կենսամատենագիտություն, Երևան, 2004:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Մելքոնյան, Էդիկ Օրդյան «Ականավոր տնտեսագետ-գիտնականը, մանկավարժը և հասարակական գործիչը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 256-261

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 74 CC-BY-SA-icon-80x15.png