Jump to content

Վենիզելիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեֆթերիոս Վենիզելոս՝ հույն ականավոր պետական և քաղաքական գործիչ։

Վենիզելիզմ (հուն․՝ Βενιζελισμός), 1900-ականներից մինչև 1970-ական թվականների կեսն ընկած ժամանակահատվածում Հունաստանում մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական շարժում։ Լիբերալիստական այս շարժումն անվանակոչվել է ի պատիվ հույն ականավոր պետական և քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսի։ Շարժումը հիմնված էր Հունաստանի վարչապետի քաղաքական հայացքների վրա, որոնք էլ հստակեցվելով դարձել էին պետական կառավարման համակարգի և քաղաքական հայեցակարգերի իրականացման ուրույն եղանակներ։

Վենիզելիզմը՝ Էլեֆթերիոս Վենիզելոսի գաղափարական շարժումը, հիմնված էր վեց հիմնարար սկզբունքների վրա՝ հունական իրրեդենտիզմ, ազատական ժողովրդավարություն, արևմտամետություն, հանրապետականություն, տնտեսական լիբերալիզմ, հակակոմունիզմ։

Էլեֆթերիոսի որդեգրած քաղաքականությունը և շարժումը հիմնված էր ներքոնշյալ քաղաքական սկզբունքների վրա․

  • Հունական իրենդենտիզմ՝ Վենիզելոսը հակված էր Հունաստանի տարածքային հիմնահարցերը, մասնավորապես՝ Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հունական տարածքները, ազատագրել զինված պայքարի միջոցով։ Կազմել է հույների ազգային գաղափարախոսությունը, որը հայտնի էր «Մեծ գաղափար» (Մեղալի իդեա) անվանումով։ Այն առաջացել էր դեռևս Օսմանյան Հունաստանի ժամանակաշրջանում և գլխավորապես նպատակաուղղված էր Բյուզանդական կայսրության վերականգնումը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով։
  • Լիբերալ ժողովրդավարություն՝ շարժման գաղափարական կարևորագույն սկզբունքներից էր լիբերալ դեմոկրատական կառավարման ձևը։ Այն ենթադրում էր ժողովրդավարության արևմտյան մոդելի ընդունումը, այդ թվում՝ իշխանության տարանջատման սկզբունքի (օրենսդիր, գործադիր և դատական), բազմակուսակցական համակարգի, բացարձակ իրավագերակայության ճանաչումը։ Վենիզելիզմը համապարտադիր սկզբունքներ էր համարում նաև բաց հասարակության, շուկայական տնտեսության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համընդհանուրությունը։
  • Արևմտամետություն՝ Առաջին համաշխարհային պատերազմում ներառված լինելով Անտանտի, իսկ Երկրորդ աշխարհամարատի ժամանակ՝ դաշնակից ուժերի շարքերում, Հունաստանը անթաքույց կերպով աչքի էր ընկնում իր բացարձակ արևմտամետ կեցվածքով։ Այս սկզբունքի պաշտպանությունը հաստատվում է նաև Սառը պատերազմի տարիներին՝ ինչպես նաև դրա նախորյակին և հաջորդիվ, երբ Հունաստանը նախ անդամակցում է Մարշալի պլանին, ապա՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ)։
  • Հանրապետականություն՝ վենիզելիզմի շարժումը հիմնված էր հանրապետական կառավարման համակարգի վրա և բացառում էր միապետության վերականգնման հնարավոր ռիսկերը։
  • Տնտեսական լիբերալիզմ՝ շարժման հետևորդները կարևոր նախապայման էին համարում տնտեսական հարաբերությունների ազատականացումը, ինչպես նաև շուկայական տնտեսության ձևավորումը։
  • Հակակոմունիզմ՝ Վենիզելոսի օրոք Հունաստանը համարվում էր արևելյան Եվրոպայի ամենածայրահեղ հակակոմունիստական դիրքորոշմամբ պետությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Paschalis M. Kitromilides, Eleftherios Venizelos: The Trials of Statesmanship, Edinburgh University Press 2008, pp. 285–306.