Վարձու բանակներ
Վարձու բանակներ, կազմվել են պրոֆեսիոնալ զինվորներից (վարձկաններից), որոնց վարձել են պետություններ, քաղաքներ, առանձին ֆեոդալներ։
Վարձու բանակներ (ջոկատներ) գոյություն են ունեցել Հին Եգիպտոսում, Պարսկաստանում, Կարթագենում, Հին Հռոմում և այլուր։ Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ֆեոդալները (XI դարից) օգտվել են վարձկան ջոկատների ծառայությունից։ XIV դարի սկզբից, Արևմտյան Եվրոպայում կենտրոնացված պետությունների կազմավորմամբ, թագավորներն, իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով, ստեղծել են սեփական զորք վարձկան զինվորներից, այդ բանակը դուրս է մղել ֆեոդ. աշխարհազորը։ XVI դարից, ֆեոդ, բացարձակ միապետական պետությունների ձևավորմամբ, Արևմտյան Եվրոպայի երկրներում (Իսպանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Պրուսիա) պատերազմի ժամանակվա համար ստեղծված վարձու բանակների փոխարեն սկսել են ստեղծել մշտական վարձու բանակներ, որոնցում (հատկապես՝ Ֆրանսիայում և Պրուսիայում) ծառայել են շատ օտարերկրացիներ։ Ծովային խոշոր պետությունները՝ Իսպանիան, Անգլիան, Նիդերլանդները, XVI— XVII դարերում ունեին մշտական վարձկան ռազմածովային նավատորմ։ XVII—XVIII դարերում սկսել են ստեղծել մշտական ազգային վարձու բանակներ։ ժամանակակից պայմաններում ազգային զինված ուժերի համալրումը մի շարք կապիտալիստական պետություններում (ԱՄՆ, Անգլիա, մասամբ՝ ԳՖՀ-ն) կատարվում է քաղաքացիներին վարձելու (հավաքագրելու) միջոցով, որոնց հետ կնքվում են պայմանագրերտարբեր ժամկետներով։ Կապիտալիստական մի շարք պետություններում տարբեր երկրներից հավաքագրված վարձկաններից ստեղծվում են զինվորական միավորումներ ազգային ազատագրական շարժումները ճնշելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |