Վարիացիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախ, ես քեզ կասեմ մայրիկ, վար․ 7

Վարիացիաներ (լատին․՝ variatio – փոփոխություն), երաժշտական ստեղծագործություն, նաև երաժշտական ձև՝ հիմնված ավարտուն երաժշտական թեմայի և նրա բազմակի տարբերակվող կրկնությունների վրա (5–6-ից մինչև մի քանի տասնյակ)[1]։ Կոչվում է նաև թեմա և վարիացիա, քանի որ թեմայի յուրաքանչյուր փոխակերպված, ձևափոխված կրկնությունն անվանում են վարիացիա։

Առանձին վարիացիայում բացահայտվում են թեմայի երաժշտական կերպարի տարբեր հատկանիշներ, կամ ստեղծվում են նոր կերպարներ՝ մեկ ընդհանուրի հիման վրա։ Վարիացիայում հաջորդաբար տարբերակվում, փոփոխվում են թեմայի գրեթե բոլոր առանձնահատկությունները՝ ֆակտուրան, մեղեդին, նվագակցությունը, ռիթմը, ձայնակարգը, տոնայնությունը, տեմպը, չափը, այդուհանդերձ, բոլոր վարիացիաներում թեման մնում է ճանաչելի։

Վարիացիաները հայտնի են ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության մեջ։ 17-18-րդ դարերում վարիացիայում ավելի շատ ընդգծվել է կատարողական վիրտուոզային հատկանիշը, որի շնորհիվ առավել զարգացել, մշակվել է թեմայի ֆակտուրան՝ շարադրման կերպը։ Կարևորելով այդ հատկանիշը՝ հաճախ վարիացիաներ են գրվել այլ կոմպոզիտորի ստեղծագործության թեմաներով։ Ավելի ուշ կոմպոզիտորները ձգտել են վարիացիան միավորել ընդհանուր զարգացող բովանդակությամբ, որն էլ պահանջում է թեմայի առավել աճող ձևափոխումներ (ծավալի, բնույթի)՝ վարիացիայի միավորման, նրանց սահմանագծերի հարթեցման միջոցով։

Վարիացիաները կարող են լինել ինքնուրույն ստեղծագործություն (թեմա և վարիացիա), նաև խոշոր ձևի ստեղծագործության (սոնատ, սիմֆոնիա և այլն) մաս։ Այն վարիացիան, որոնց թեմայի հիմնական հատկանիշներն էականորեն չեն փոփոխվում, կոչվում են խիստ (դասական երաժշտություն), մեծ փոփոխությունների դեպքում՝ ազատ (ռոմանտիկ. և ավելի ուշ դարաշրջանների երաժշտություն)։

Ազատ վարիացիա են Ռ. Շումանի «Սիմֆոնիկ էտյուդները», Ա. Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», Է. Միրզոյանի լարային կվարտետը, Է. Արիստակեսյանի «Ֆանտաստիկ վարիացիաները» և այլն։

Միմյանց հաջորդող 2 թեմայի հիման վրա գրված վարիացիաներն անվանվում են կրկնակի, որի դեպքում վարիացիայում փոխընդմեջ տարբերակվում են 1-ին, ապա՝ 2-րդ թեմաները։ Վարիացիոն զարգացման սկզբունքներից է նաև որևէ ձայնում անփոփոխ կրկնվող թեմայի ուղեկցումը նոր մեղեդիներով։ Եթե այդպիսի վարիացիայում անընդմեջ կրկնվող թեման շարադրվում է ներքևի ձայնում՝ բասում, ձևը կոչվում է վարիացիա՝ օստինատո բասի հիման վրա (վարիացիա basso ostinato), եթե կրկնվող մեղեդին շարադրվում է վերևի ձայնում՝ սոպրանոյում՝ վարիացիա՝ օստինատո սոպրանոյի հիման վրա (վարիացիա soprano ostinato)։ Վերջինի ցայտուն օրինակներից է Մ. Ի. Գլինկայի «Կամարինյանը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Способин И. Музыкальная форма. — Москва: Музыка, 1984.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերոյան Վ., Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, Ե., 1985:
  • Протопопов Вл., Вариационные процессы в музыкальной форме, М., 1967․
  • Кюрегян Т. Форма в музыке XVII—XX веков. М., 1998. ISBN 5-89144-068-7
  • Способин И. Музыкальная форма. — Москва: Музыка, 1984.
  • Фраёнов В. Музыкальная форма. Курс лекций. М., 2003. ISBN 5-89598-137-2
  • Холопова В. Формы музыкальных произведений. Санкт-Петербург, «Лань», 1999. ISBN 5-8114-0032-2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։