Վարդերի հովիտ (Բուլղարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդերի պլանտացիա Ռոզինո գյուղի մերձակայքում

Վարդերի հովիտ (բուլղար․՝ Розова долина), շրջան Բուլղարիայում: Գտնվում է Ստարա Պլանինա լեռներից հարավ և Սրեդնա Գորա լեռնազանգվածից հյուսիս: Վարդերի հովտում գտնվում է Կազանլիկ քաղաքը: Հովտի անվանումը ծագել է 19-րդ դարի կեսերին` մատնանշելով վարդի ձեթի արտադրման տեղ լինելը: Տարածքը հայտնի է վարդի յուղի արտադրությամբ, զբոսաշրջիկների շրջանում հեղինակություն է վայելում:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդերի հովիտը Տրոյանի լեռնանցքից

Վարդերի հովիտը ձևավորվել է երկու գետերի` Ստրյամայի (արևմուտքում) և Տունջիի (արևելքում) հովիտներով, որոնք համապատասխանաբար գտնվում են Կարլովի և Կազանլիկի գոգահովիտներում: Շրջանի արևելյան մասը` 1895 կմ² մակերեսով, գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա: Այն ունի 95 կմ երկարություն և 10-12 կմ լայնություն: Արևելյան մասում գտնվում է Կազանլիկ քաղաքը, իսկ արևմտյան մասը Կարլովեր և Կալոֆեր քաղաքներով զբաղեցնում է 1387 կմ² մակերես, ունի 55 կմ երկարություն և 16 կմ լայնություն[1]: Տարածքը բնորոշվում է չափավոր մայրցամաքային կլիմայով` երկար ու մեղմ գարուն, չափավոր տաք ամառ, ցուրտ աշուն ու մեղմ ձմեռ, որի ժամանակ ձյան ցածր ծածկույթ է գոյանում: Հովիտն առանձնանում է բարեբեր հողով, ջրով, արևային օրերի մեծ քանակությամբ, մայիս և հունիս ամիսներին օդի բարձր խոնավությամբ: Այս պայմանները առավել քան նպաստավոր են յուղի վարդի աճեցման համար[2]:

Կազանլիկում, որ Վարդերի հովտի մայրաքաղաքն է համարվում, գործում է պատմաազգագրական «Աշտարակ» համալիրը, որտեղ զբոսաշրջիկները կարող են հետևել վարդի մշակման պարզեցված գործընթացին` հնարավորություն ունենալով փորձելու վարդի յուղը: Այստեղ է գտնվում նաև Վարդի մասնագիտացված թանգարանը: Ամռան սկզբին կազմակերպվում է վարդերի ամենամյա փառատոն: Կազանլիկում գործում է Վարդերի, եթերայուղերի ու դեղաբույսերի ինստիտուտ[2]:

Վարդի պլանտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդի բերքահավաք, 1870

Վարդերի հովիտը հայտնի է արտադրական նշանակության վարդերի աճեցմամբ: Այն համարվում է Բուլղարիայի խորհրդանիշերից մեկը: Այստեղ դարերի ընթացքում աճեցվել է դամասկոսյան վարդ (Rosa damascena), որից ստանում են վարդի ձեթ, ինչը լայնորեն կիրառվում է դեղամիջոցների, օծանելիքի և այլ արտադրական ոլորտներում:

Դամասկոսյան վարդը Բուլղարիա է բերվել Պարսկաստանից 13-րդ դարում[3]: Բարենպաստ պայմանների շնորհիվ` այստեղ ձևավորվել է դրա տարատեսակը` կազանլիկյան վարդը (Rosa damascenа var. trigintipetala), որը տարբերվում է այլ երկրներում աճեցվող վարդերից[4][5]:

Արտադրական առաջին շինությունները տարածքում ի հայտ են եկել 16-րդ դարի վերջին: Դեռևս մինչև Բուլղարիայի ազատագրումը օսմանյան լծից երկրում կար վարդի 10.000 հեկտարանոց պլանտացիա, որից տարեկան շուրջ 1.000 կգ վարդի յուղ էր ստացվում: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դրանց տարածքը հասցվեց մոտ 90.000 հեկտարի: Հետպատերազմյան տարիներին պլանտացիաների տարածքը կրճատվեց մեկ երրորդով. 20-րդ դարի 30-ական թվականների ճգնաժամի հետևանքով դրանք գրեթե վերացվեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետական քաղաքականությամբ մշակվեց դրանց վերականգնման ուղին[6]:

Կլիսուրայում վարդի յուղի արտադրության մասին վավերագրական նյութերը վերաբերում են 1800 թվականին[6]: Վարդի յուղի արտադրությամբ Բուլղարիան մեծ ճանաչում է ձեռք բերել 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, երբ վարդի յուղը դարձավ օծանելիքի, դեղերի արտադրության անփոխարինելի տարր: Վարդերի հովտում կան վարդերի աճեցման երեք խոշոր կենտրոններ` Կարլովո, Կազանլիկ, Կալոֆեր: Վարդի յուղի արտադրությամբ զբաղվել են Շիպկովների, Կիդովների ու Բոնչևների ընտանեկան ընկերությունները, որոնք դադարեցին գոյություն ունենալ կոմունիստական ռեժիմի օրոք:

Վարդերի հովտի սառցադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդերի հովտի պատվին Հարավային Շետլանդյան կղզիներ արշիպելագում` Վարնա թերակղզու Լիվինգսթոն կղզում, սառցադաշտ է անվանվել[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Where is the Rose Valley located?»։ Tell Me More About the Rose Valley of Kazanlak! (անգլերեն)։ Rose Festival Kazanlak 
  2. 2,0 2,1 «Долината днес» (b)։ Долината на Розите 
  3. «Rosa Damascena – The charm of the Valley»։ Tell Me More About the Rose Valley of Kazanlak! (անգլերեն)։ Rose Festival Kazanlak 
  4. «История на Розовата Долина» (բուլղարերեն)։ Долината на Розите 
  5. Маланкина Е. Л.։ «Эфирномасличные розы»։ Greeninfo։ КЦ «Зелёная линия» 
  6. 6,0 6,1 Георгиев Г. (2011-10-16)։ «Производство и съхранение на розово масло в България в началото на XX век»։ ProPACK (բուլղարերեն) 
  7. «Справочник на българските географски имена в Антарктика (Bulgarian Antarctic Gazetteer)» (բուլղարերեն)։ Болгарская комиссия по антарктическим наименованиям