Վարդգես Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդգես Հայրապետյան
Ծնվել էմարտի 2, 1935(1935-03-02) կամ մարտի 3, 1935(1935-03-03)
Թիֆլիս, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 20, 2004(2004-02-20) (68 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և հասարակական գործիչ
Տիրապետում է լեզուներինհայերեն

Վարդգես Լևոնի Հայրապետյան (մարտի 2, 1935(1935-03-02) կամ մարտի 3, 1935(1935-03-03), Թիֆլիս, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2004(2004-02-20), Մոսկվա, Ռուսաստան, պատմական գիտությունների թեկնածու (1978), Աշխարհի քաղաքացի (31. 01. 1995 թ.), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (29.10.2003 թ.), կրթական, հասարակական-մշակութային գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թ-ին ավարտել է Օդեսա քաղաքի երեկոյան-բանվորական միջնակարգ դպրոցը, 1967 թ-ին Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1978 թ-ին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1974 թթ-ին եղել է ՌԽՍՖՀ գյուղատնտեսության նախարարության "Հարավշին" գլխավոր շինարարական վարչության բաժնի պետ, 1974-1978 թթ-ին Մոսկվայի 1905 թ-ի անվան գեղարվեստի ուսումնարանի փոխտնօրեն, 1978-1979 թթ-ին Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, 1979-1981 թթ-ին Լազարյան ճեմարանի վերանորոգման գծով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության ավագ խորհրդատու (ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ճեմարանի վերակառուցման գործին), 1981-1984 թթ-ին Մոսկվայի "ԽՍՀՄ ռադիոշին" տրեստի թիվ 174 շինարարական մեքենայացված շարասյան պետի տեղակալ (1984 թ-ին Հայաստանում իրականացրել է Ղազախ-Երևան ռադիոռելեային գիծը), 1984-1989 թթ-ինª Մոսկվայի օֆսեթ տպարանի փոխտնօրեն, 1993-1997 թթ-ին Մոսկվայի թիվ 1110 հայկական պետական հանրակրթական միջնակարգ դպրոցի հիմնադիր-տնօրեն։ 1960-ական թվականներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին վերամիավորելու համար ստորագրահավաքի գործին, հրատարակել է գրքույկ, որի համար ենթարկվել է հետապնդումների։ 1965 թ-ին ռուսերեն է թարգմանել Կարեն Սիմոնյանի "Մենք խաղալ ենք ուզում" գիրքը։ 1966 թ-ին ռուսերենից հայերեն է թարգմանել Աննա Նիկիտիչնա Պրոտոպոպովայի "Ընտանիքում" գիրքը։ Հայերենից ռուսերեն է թարգմանել "Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը" և անձնական ծախսով 300 օրինակ կազմել ու տարածել ռուս ընթերցողների շրջանում։ Մեծ ջանքեր է գործադրել Մոսկվայի (1959 թ.), Բուրգասի (1974 թ.), Չալթիրի (1976 թ.) հայկական եկեղեցիների վերաբացման համար։ 1995 թ-ին նորոգել է Ապարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի եկեղեցին։ 1970-ական թթ-ին Ուկրաինայի "Պետշինի" աշխատողների հետ համատեղ պատրաստել է Կամենեց Պոդոլսկի հայկական հուշարձանների անձնագրերը։ 1978 թ-ին "Հայերի մասնակցությունը Հյուսիսային կովկասում խորհրդային կարգերի հաստատման համար" թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1989 թ-ին Ռուսաստանի մի շարք կազմակերպությունների, տնտեսությունների, դպրոցական կոլեկտիվների կողմից ընտրվել է կրթամշակութային "Վերնատուն" կենտրոնի տնօրեն։ 1990 թ-ին Երևանում հիմնադրել է "Հայ աշխարհ" շաբաթաթերթը, 1991 թ-ին "Վերնատուն" հրատարակչությունը։ 1989-2002 թթ-ին Ռուսաստանի Դաշնության հայաշատ վայրերում բացել է 34 հայկական կիրակնօրյա դպրոցներ։ Կրթամշակութային "Վերնատուն" կենտրոնի միջոցով հրատարակել է Արամայիս Մնացականյանի և Հակոբ Հակոբյանի "Անդրանիկ", Միքայել Աբրահամյանի "Ժողովրդական վրիժառու", "Անդրանիկ", Ազվինի "Ջեմալ փաշայի սպանությունը" գրքերը։ 1988 թ-ին Լեռնային Ղարաբաղի հասցեով ուղարկել է սննդամթերք, 1992 թ-ի հուլիսին անձամբ Արցախ է հասցրել դեղորայք։ 1988-1999 թթ-ին բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնության տասնյակ քաղաքներում։ Հովանավորել է բազմազավակ ընտանիքների, սննդամթերք է հասցրել Գավառի որբանոցին, գումարով օգնել Ռուսաստանի տարբեր քաղաքներում կազմակերպված հայկական մշակույթի կենտրոններին։ Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում շահումյանցի փախստական 13 ընտանիքների համար 1994 թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին գնել է փայտյա տնակներ։ 2000 թ-ին վերաբացել է 1921 թ-ին Լենինի հրամանով փակված Լազարյան ճեմարան-ինստիտուտը և վերագրանցել Մոսկվայի Լազարյան միջազգային հումանիտար համալսարան անունով։ 2002 թ-ին Գյումրի քաղաքում հիմնադրել է Մոսկվայի Լազարյան միջազգային հումանիտար համալսարանի մասնաճյուղը։ 1990 թ-ին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի թիվ 128, 1992 թ-ին Հայաստանի Թագավորական կուսակցության կողմից ՀՀ Գերագույն խորհրդի Երևանի թիվ 4, 1995 թ-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Կրասնոդարի երկրամասի թիվ 40 ընտրատարածքներում պատգամավորության թեկնածու։

Պարգևատրվել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "1958-1959 թթ-ին Խամ ու խոպան հողերի մշակման համար" մեդալով (1960 թ.)։

Հրատարակել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայի հայ գաղութի պատմությունը, Մոսկվա, ռուսերեն, 3000 օրինակ, 1969 թ.,
  • Մոսկվայի հայ գաղութի պատմությունը, Մոսկվա, ռուսերեն, 3000 օրինակ, 1971 թ.։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]