Վարդան Ղազանչյանը ծնվել է 1907 թվականի հոկտեմբերի 22-ին, Արևմտյան ՀայաստանիՎան քաղաքում։ 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի 72-րդ աշխատանքային դպրոցը, 1930 թվականին՝ Երևանի պետական համալսարանի սոցիալ-տնտեսագիտական ֆակուլտետը։ 1930-1932 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1929-1931 թվականներին աշխատել է Երևանի ռադիոհաղորդումների խմբագրությունում՝ որպես գաղափարական բաժնի վարիչ և գլխավոր խմբագիր։ 1933-1935 թվականներին խմբագրել է Երևանում լույս տեսնող «Տեխնիկան մասսաներին» և «Մոոպրի դրոշով» պարբերականները։ 1933-1934 թվականներին աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմում որպես հրահանգիչ, ապա մամուլի սեկտորի վարիչի պաշտոնակատար, 1934-1935 թվականներին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի ուսմասվար, 1935-1938 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթում՝ որպես արվեստի և գրականության բաժնի ցարիչ, ապա պատասխանատու քարտուղար։ 1938-1939 թվականներին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի արվեստի վարչության կերպարվեստի բաժնի վարիչ։ 1939-1941 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային գրականության ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտուրայում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1931 թվականից փիլիսոփայություն է դասախոսել Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1952 թվականին «Սովետահայ գրականության հայրենասիրական գաղափարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1951-1952 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչը։ 1957 թվականից ՀԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մարքսիզմի դասականների երկերի հայերեն թարգմանության բաժնի վարիչն է եղել[1][2]։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։