Jump to content

Վարդագույն ռիկշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդագույն ռիկշա (հայտնի է նաև որպես վարդագույն ավտո[1][2]), Հնդկաստանի որոշ քաղաքներում` կին ուղևորների համար սովորական ավտոռիկշաների այլընտրանքը։ Այս նախաձեռնությունը ձեռնարկել է Հնդկաստանի կառավարությունը՝ ռիկշաներով երթևեկելիս ոտնձգություններից և վատ վերաբերմունքից կանանց պաշտպանելու նպատակով։ Կանանց անվտանգության համար տեղադրված են հատուկ հարմարանքներ, ինչպիսիք են տագնապի կոճակները և GPS տեղորոշման համակարգերը։ Վարդագույն ռիկշաները կամ ամբողջությամբ վարդագույն են, կամ միայն դրանց տանիքն է վարդագույն։ Վարդագույն ռիկշաները առաջին անգամ ներդրվել են 2013 թվականին Ռանչիում՝ Հնդկաստանի կառավարության կողմից, կանանց սեռական ոտնձգություններից և բռնաբարություններից պաշտպանելու նպատակով։ Հետագայում դրանք ներմուծվել են Հնդկաստանի շատ այլ քաղաքներում։ Ավտոները վարում են վերապատրաստված մասնագետները՝ տղամարդիկ կամ կանայք, իրավական ստուգումներն ու փաստաթղթավորումն ավարտելուց հետո[3][4][5]։

Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն ռիկշաների ծրագիրը նախաձեռնել է Ռանչիի կառավարությունը՝ կանանց վիճակը բարելավելու նպատակով։ Կանանց անվտանգ տրանսպորտային միջոցներ տրամադրելով՝ Ռանչիի կառավարությունը հզորացնում է կանանց՝ հնարավորություն տալով նրանց աշխատել և դառնալ ինքնաբավ։ Ավանդաբար Հնդկաստանում եկամուտ վաստակողները տղամարդիկ են։ Անվտանգ տրանսպորտը կանանց հնարավորություն է տալիս դառնալ անկախ և նպաստել ընտանեկան եկամտի աճին[6]։

Վարդագույն ռիկշան՝ ըստ գտնվելու վայրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանչի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանչին առաջին քաղաքն էր Հնդկաստանում, որը գործարկեց վարդագույն ռիկշաների ծրագիրը։ Այն մեկնարկել է 2013 թվականին՝ կանանց անվտանգության համար, 2012 թվականի Դելիի խմբակային բռնաբարությունից հետո։ Ջարքհանդի ոստիկանությունը մայրաքաղաք Ռանչիում ներկայացրել է վարդագույն տանիքով մոտ 200 ռիկշա՝ կին ուղևորների փոխադրման համար։ Այս ռիկշաներն ունեին հատուկ հարմարանքներ, ինչպիսիք են տագնապի կոճակը և GPS համակարգը՝ կին ուղևորների անվտանգության համար։ Ոստիկանությունը փորձել էր կին վարորդներ նշանակել այդ ռիկշաների համար, սակայն կանանց կողմից թույլ արձագանքի պատճառով նշանակվել են տղամարդ վարորդներ։ Բոլոր տղամարդ վարորդները ստուգվել են կառավարության մարմինների կողմից սահմանված ստանդարտ ընթացակարգերով։ Միայն նրանք, ովքեր անցել են ստուգումը, ստացել են հատուկ նույնականացման քարտեր, և նրանց թույլատրվել է փոխադրել կանանց։

Սակայն այս ծառայությունն այլևս միայն կին ուղևորների համար հասանելի չէ, քանի որ վարորդները երկար ժամանակ պետք է սպասեն կին ուղևորներ ունենալու համար, ինչի պատճառով վարորդները սկսել են վարդագույն ռիկշաներով նաև տղամարդ ուղևորներ տեղափոխել՝ ավելի կարճ ժամանակում ավելի շատ ուղևորություններ կատարելու նպատակով։

Ջարքհանդի բարձրագույն դատարանը կարգադրել է տարածաշրջանային տրանսպորտային մարմնին ազատվել քաղաքում գտնվող օրինական թույլտվություն չունեցող բոլոր ռիկշաներից։ Ռանչիում գտնվող ընդհանուր 12․000 ռիկշաներից միայն 2․335 ռիկշաներն ունեին օրինական թույլտվություն։ Այդ 2․335 ռիկշաներից ոչ մի վարդագույն ռիկշա չուներ գործելու օրինական թույլտվություն։ Առևտրային թույլտվությունների կասեցման պատճառով վարդագույն ռիկշաների վարորդները գործադուլ հայտարարեցին՝ պահանջելով ցմահ օրինական թույլտվությունների տրամադրում ծառայություններ մատակարարելու համար[3][6][7]։

Սուրաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրաթի քաղաքային կորպորացիան 2017 թվականի հուլիսի 2-ին գործարկել է վարդագույն ռիկշաները։ Կորպորացիան ընտրել և վերապատրաստել է կանանց՝ ավտոմեքենաներ վարելու համար, քանի որ դա կանանց կողմից կանանց համար մատուցվող ծառայություն է։ Քաղաքային կորպորացիան օգնել է այս կանանց ստանալ 7% տոկոսադրույքով վարկեր՝ Կենտրոնական կառավարության կողմից տրամադրվող 25% սուբսիդիայի արտոնությամբ՝ ռիկշա ձեռք բերելու համար։ Քաղաքային կորպորացիան ճանաչել է 70 կին, որոնցից 15-ը վերապատրաստվել են, իսկ մյուսները գտնվում էին վերապատրաստման փուլում։ Նրանք կենտրոնացել են աղջիկների դպրոցների տարածքների վրա՝ ցերեկային ժամերին դպրոցական երեխաներին տեղափոխելու համար[8][9][10][11]։

Բոնգաիգաոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնգաիգաոնը Ասսամի խոշորագույն առևտրային և արդյունաբերական կենտրոններից մեկն է։ Քաղաքային կենսապահովման ազգային առաքելությունը (NULM) գործարկել է կանանց կողմից վարվող վարդագույն ռիկշաներ՝ կանանց երթևեկության անվտանգության համար։ Նախքան կանանց վարորդական իրավունքի վկայական ստանալը, նրանք երկու ամիս վերապատրաստվել են Դիսպուրի վարորդական դպրոցում։ Քաղաքում ընդհանուր առմամբ 13 ռիկշա կար, որոնք ծառայություն էին մատուցում առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 6-ը[12][13]։

Օդիշա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն ավտոռիկշաների նախագիծը մեկնարկել է Բհուբանեշվարում (Օդիշայի մայրաքաղաք) 2015 թվականի հունիսի 27-ին Օդիշայի գլխավոր նախարարի կողմից։ Այն ներդրվել է Օդիշայի ոստիկանության հանձնակատարի կողմից՝ լուսաբանելու իրենց «Մենք հոգ ենք տանում» նշանաբանը կանանց համար։ Ավտոռիկշաները վարում են տղամարդիկ, սակայն միայն այն տղամարդիկ, որոնք համապատասխանում են կառավարության սահմանած չափանիշներին և վերապատրաստվել են ցանկացած իրավիճակում կին ուղևորների մասին հոգ տանելու համար։ Ավտոռիկշան հիմնականում նախատեսված է կանանց և երեխաների համար՝ քաղաքում կին ուղևորների անվտանգությունը խթանելու նպատակով։ Գործարկումից մեկ տարի անց Բհուբանեշվարում գործում էր 353 վարդագույն ավտոռիկշա՝ քաղաքի բոլոր մասերում, ներառյալ՝ մեկուսացված տարածքները, և կին ճանապարհորդների կողմից ստացվել են դրական արձագանքներ։ Հետագայում այն գործարկվել է նաև Օդիշայի Ռուրկելա քաղաքում[5][14]։

Գուրգաոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Գուրգաոնում առաջին անգամ գործարկվել են վարդագույն ռիկշաները՝ տաքսու վարորդների կողմից մի շարք կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններից հետո։ Այդ ժամանակ վարդագույն ռիկշաները չեն ստացել ուղևորների դրական արձագանքը, ինչը հանգեցրել է ծրագրի ձախողմանը, և այն շուտով կասեցվել է Գուրգաոնում։

2013 թվականի հունվարին Գուրգաոնի ճանապարհային ոստիկանությունը վերագործարկել է վարդագույն ավտոռիկշաները Գուրգաոնում։ Որոշումը կայացվել է Uber տաքսու վարորդի կողմից բռնաբարության դեպքի և միաժամանակ 2012 թվականի դեկտեմբերին Դելիում ավտոբուսում վեց տղամարդկանց կողմից բուժքրոջ սարսափելի խմբակային բռնաբարության դեպքի պատճառով։ Այս անգամ ռիկշաները նախագծվել էին՝ հաշվի առնելով հատուկ անվտանգության միջոցառումներ, ինչպիսիք են տագնապի կոճակները և GPS համակարգը։ Կառավարությունը նույնիսկ ստեղծել էր հատուկ ավտոկայան՝ վարդագույն ավտոռիկշաների համար մետրոյի MG Road կայանում։ Այդ ժամանակ գործարկվել էր 22 ռիկշա։ Մեկուկես ամսվա ընթացքում դրանք չեն կարողացել գործել քաղաքում և կրկին կանգնել էին փակման առաջ։ Փակման հիմնական պատճառներից մեկը քաղաքում առկա տաքսու առցանց ծառայությունների աճող հանրաճանաչությունն էր։ Ճանապարհային ոստիկանության փոխհանձնակատարը հայտարարել էր, որ իրենք գործարկել են ռիկշաները, սակայն իրականացման մեջ որևէ դեր խաղալ չեն կարող, քանի որ դա կախված է շուկայական ուժերից և նրանից, թե ինչպես են մարդիկ ընդունում այն։

Երկու ձախողումից հետո 2015 թվականին վերագործարկվել է վարդագույն ռիկշաների ծառայությունը՝ ընդհանուր 61 ռիկշայով։ Նախաձեռնությունն արվել է քաղաքում սեռական ոտնձգությունների դեպքերը նվազեցնելու նպատակով[15][1][2][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «What happened to the pink auto? - Times of India». The Times of India. 2013 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  2. 2,0 2,1 «'Pink autos' launched in Gurgaon». News18. 2013 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 «Pink autos in Ranchi no longer 'women only' - Times of India». TimesofIndia.IndiaTimes.com. 2018 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  4. «Pink Autos: Women Driven Auto Rickshaw Services In India». Naaree - Work From Home Career Advice, Indian Women's Magazine. 2016 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  5. 5,0 5,1 «Pink Auto Rickshaw Project» (PDF). Odisha Police Department. Odisha Police. 2015 թ․ հունիսի 27.
  6. 6,0 6,1 «City to get pink autos with women on wheels». www.millenniumpost.in. 2018 թ․ փետրվարի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Driven out: Ranchi's auto service by and for women is dying». HindustanTimes.com. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  8. «Launch of Pink Auto Rickshaws programme in Surat». DeshGujarat. 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  9. «New auto service in Surat: By the women, for the women - Times of India». TimesofIndia.IndiaTimes.com. 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  10. «Pink Auto Service arrives in Surat». www.cityshor.com. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  11. «In Surat now: A pink auto service by women, for women». IndianExpress.com. 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  12. «Assam: 13 pink auto-rickshaws for women launched in Bongaigaon». TheNortheastToday.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  13. «In Bongaigaon, pink is the colour of safety». TelegraphIndia.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  14. Pioneer, The. «Pink auto service launched in R'kela». DailyPioneer.com. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  15. «Pink autos for women fading out of roads - Times of India». The Times of India. 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  16. «Gurgaon's pink autos for women a failure despite rising cases of sexual assault». News18. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.