Վանի թագավորության մշակույթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրարտու
Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև[1]։
Քաղաքաշինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը։
Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով։ Մեկից ավելի բարձունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։ Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով։
Ջրանցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրանցքների կառուցումը եղել է Ուրարտուի պետական գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք։ Այդ ժամանակին են վերաբերվում Մենուայի, Մանազկերտի, Բերկրիի և Խոտանլուի ջրանցքները։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր։ Արաքս գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է Արգիշտիխինիլի քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով։
Պալատական համալիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրարտուի քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։ Այս սկզբունքն է ընկած Ուրարտուի միջնաբերդերի պալատական համալիրների հատակագծերի ձևավորման հիմքում։ Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդի միջուկն է կազմում մոտ 660 մ² մակերեսով սյունազարդ դահլիճը, որը շրջապատում են բնակելի, հանդիսավոր, տնտեսական և այլ բնույթի 21 սենյակներ՝ 3500 մ² ընդհանուր մակերեսով։ Պալատի հատակագիծը և ներքին բաժանումները հարմարեցված են բլրի գագաթի եզրագծին։ Էրեբունիի պալատը, պահպանելով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք։ Բացի կենտրոնական սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղծում են առաջինի նկատմամբ ստորադաս կենտրոններ՝ շրջապատող սենյակներով։ Սյունազարդ բակի հարավարևմտյան մասում կառուցված է պալատական տաճար՝ «Սուսին»։
Պաշտամունքային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի։
- Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում։ Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ։
- Հաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է Էրեբունիի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով։ Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն Սարգոն Բ արքայի պալատում գտնված բրոնզե թիթեղի ռելիեֆ պատկերով։
- Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով։ Այդպիսին է Էրեբունիի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն դահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով։
-
Թեյշեբաինիի հատակագիծը
-
Էրեբունի ամրոցի հատակագիծը
Քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրարտուի քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է Վանում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են[2]։ Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել Արգիշտիխինիլիի առանձնատների պեղումների ժամանակ։ Սարդուրի Բ և Արգիշտի Ա արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա Սարգոն Բ-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է Մուսասիրի գրավումը։ Ուրարտուի արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս բրոնզե, քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են Վանում, Թոփրակ-կալեում, Կարմիր բլուրում, Ալիշարում։ Բրոնզե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։ վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են Կարմիր Բլուրում հայտնաբերված վահանները, կապարճները և սաղավարտները։ Վահանների վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են Արգիշտի Ա-ի և Սարդուր Բ-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ վիշապներով։ Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր։ Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն Ուրարտուի ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը։
-
Վանի թագավորության հողմի և անձրևի աստված Թեյշեբայի բրոնզե արձանիկը
-
Խալդի աստծո կին՝ աստվածուհի Արուբանիի բրոնզե արձանիկը
-
Բրոնզե արձանիկ՝ գահի մաս
-
Բրոնզե արձանիկ՝ գահի մաս
-
Ծիսական կաթսա Վանից
-
Ենթադրվում է, որ բռնակների արձանիկը Շիվինի աստծուն է պատկերում
-
Սարդուրի Բ-ի վահանը
-
Սարդուրի Բ-ի սաղավարտը
Որմնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսավոր սենյակների և տաճարների պատերը ձևավորել են աշխարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով, որոնց հորինվածքային գերիշխող սկզբունքն է եղել պատերի ողջ պարագծով տարված և կրկնվող տարրերով պատկերագոտիները՝ միմյանցից բաժանված զարդաերիզներով։ Սպիտակ հիմնաներկի վրա կիրառվել են կապույտ, կարմիր, դեղին, սև և հազվադեպ կանաչ ներկեր։ Որմնանկարների լավագույն նմուշները պահպանվել են Էրեբունիում, Թեյշեբանիում, Ալթըն-թեփեում[3]։
Պաշտամունքային բովանդակությամբ որմնանկարներում, որտեղ պատկերված են առյուծի կամ ցուլի վրա կանգնած աստվածություններ, կենաց ծառի երկու կողմերում կանգնած քրմեր, առյուծ, ծնկաչոք ցուլ, արևի խորհրդանշան և այլն, ֆիգուրներն ունեն անշարժ և հանդիսավոր դիրք։
-
Որմնանկար Էրեբունիի սյունաշար դահլիճից
-
Որմնանկարից հատված
-
Նժույգը որսից հետո
-
Որմնանկարից հատված
Ոսկերչական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանվել են ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ, գահին նստած աստվածուհու պատկերով մեդալիոն (Թոփրակ-կալե), արծաթե մեդալիոն և ոսկով դրվագված արծաթե կափարիչ (Կարմիր բլուր), արծաթե և բրոնզե մատանիներ, կոճակներ և այլն[4]։
-
Խալդի աստծո (գահի վրա) և նրա կնոջ՝ Արուբանիի պատկերներով արծաթե կանացի զարդ
-
Արծաթե սափորի կափարիչ
-
Ուրարտական ոսկե ականջօղեր
-
Արծաթե կրծքանշան
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пиотровский Б. Б., Искусство Урарту VIII—VI вв. до н. э., Издательство Государственного Эрмитажа, Ленинград, 1962 (ռուս.)
- ↑ Марр Н. Я., Орбели И. А., Археологическая экспедиция 1916 года в Ван, Петроград, 1922 (ռուս.)
- ↑ Ходжаш С. И., Трухтанова Н. С., Оганесян К. Л. Эребуни. Памятник Урартского зодчества VIII—VI в. до н. э., «Искусство», Москва, 1979 (ռուս.)
- ↑ Есаян С. Ювелирное искусство Урарту // Историко-филологический журнал, Ереван, № 3, 2003 (ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուրարտուի արվեստ կատեգորիայում։ |