Վահան Հարությունյան (գյուղատնտես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Հարությունյան
Ծնվել է1911
Բամբակաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1988
Արմավիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգյուղատնտես
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վահան Սամսոնի Հարությունյան (1911, Բամբակաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1988, Արմավիր), հայ խորհրդային գյուղատնտես, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։ ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտես (1950)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Սամսոնի Հարությունյանը ծնվել է 1911 թվականին, Ռուսական կայսրության Երևանի նահանգի Բամբակաշատ գյուղում (այժմ ՝ ՀՀ Արմավիրի մարզ), բանվորի ընտանիքում։ Ընտանիքն ապրել է ծայրահեղ ծանր պայմաններում։ 1914 թվականին մահացել է Վահանի մայրը, իսկ 1918 թվականին սովից մահացել է հայրը։ Փոքրիկ Վահանին խնամել է տատիկը[1]։ 1923 թվականին Վահանն ավարտել է Բամբակաշատ գյուղի եռամյա դպրոցը։ ՀԽՍՀ կրթության ժողովրդական կոմիսարիատի միջամտությամբ, Վահան Հարությունյանը տեղափոխվել է Երևան և շարունակել ուսումը Երևանի առաջին աստիճանի № 4 դպրոցում՝ կրթաթոշակով։ 1924 թվականին դպրոցն ավարտելուց հետո, մեկ տարի անց ընդունվել է Երևանի երկրորդ աստիճանի Մյասնիկյանի անվան դպրոց, որն ավարտել է 1929 թվականին։ Նույն թվականին Հարությունյանին, որպես աչքի ընկնող սովորող, ուղարկել են Անդրկովկասի բամբակագործական ինստիտուտ (քաղաք Բաքու)՝ բարձրագույն կրթություն ստանալու համար[1][2]։

1932 թվականին Անդրկովկասյան բամբակագործական ինստիտուտն ավարտելուց հետո Վահան Հարությունյանին ուղարկել են ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի մեքենա-տրակտորային կայան (ՄՏկ)՝ որպես գյուղատնտես[1]։ 1936 թվականին նա ընդունվել է Համամիութենական (բոլշևիկյան) կոմունիստական կուսակցության / ԽՄԿԿ շարքերը[3]։ 1941 թվականից եղել է ՄՏԿ-ի գլխավոր գյուղատնտեսը[1]։ Հարությունյանի աշխատանքային գործունեության սկիզբը համընկավ կոլեկտիվացման գործընթացի հետ։ Այդ ժամանակահատվածում նրա աշխատանքներն ուղղված էին գյուղատնտեսության մշակույթի կատարելագործմանը, աշխատատար գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը։ Մի քանի ամիս շարունակ Հարությունյանը ուսումնասիրում էր Հոկտեմբերյանի շրջանի չօգտագործված հողերը։ Համոզվելով, որ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման համար պիտանի են, Հարությունյանը փորձերի և ցանք կատարելու թույլտվություն ստացավ[4]։ Փորձերը դրական արդյունք տվեցին։ Մի քանի տարի անց Հոկտեմբերյանի շրջանի կոլտնտեսություններն ունեցան նոր պտղատու այգիներ, բամբակի դաշտեր, որոնց տարածքը հազարավոր հեկտար էր։ Որպես գյուղատնտես, Հարությունյանն այցելել է բամբակի դաշտեր, աշխատանքային ցուցումներ տվել բամբակագործներին՝ բամբակի աճեցման ագրոտեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար։ 1940 թվականին յուրաքանչյուր հեկտարից կոլտնտեսությունները սկսել են ստանալ 21 ցենտներ բամբակ նախկին 4-5 ցենտների փոխարեն։ Բերքատվությունն ավելացնելու գործում ունեցած վաստակի համար Վահան Հարությունյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 1945 թվականին կոլտնտեսությունները հասան բամբակի բերքատվության բարձրացման նոր հաջողությունների, ինչի համար Հարությունյանը պարգևատրվեց «Աշխատանքային ձեռքբերումների համար» մեդալով[5]։ 1949 թվականին բամբակի ընդհանուր մշակովի տարածքների (2580 հա) յուրաքանչյուր հեկտարից ստացվեց 28.5 ցենտներ բամբակի միջին բերք և պլանը գերակատարվեց 51,6%-ով[3]։

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1950 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրով ոռոգվող հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսությունների կողմից պարտադիր առաքումների և գյուղատնտեսական ապրանքների բոլոր տեսակների պայմանագրերի կատարման, 1949 թվականին ՄՏԿ-ների աշխատանքի դիմաց բնեղեն վճարումներն ապահովելու և 1950 թվականի գարնանացանի ամբողջ պահանջարկի չափով բոլոր մշակաբույսերի սերմացուի ապահովման համար 1950 թվականին Վահան Սամսոնի Հարությունյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[6]։

Գյուղատնտեսության ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Վահան Հարությունյանին 1950 թվականին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտեսի պատվավոր կոչում[3][7]։ 1958 թվականի հուլիսից, մեքենատրակտորային կայանների լուծարման հետ կապված, Հարությունյանն աշխատանքի է անցել որպես Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչության պետ[1]։

Վահան Սամսոնի Հարությունյանը մահացել է 1988 թվականին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ՝ Արմավիր)։ Թաղված է քաղաքի գերեզմանատանը[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1950 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրով, Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ) - ոռոգվող հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսությունների կողմից պարտադիր առաքումների և գյուղատնտեսական ապրանքների բոլոր տեսակների պայմանագրերի կատարման, 1949 թվականին ՄՏԿ-ների աշխատանքի դիմաց բնեղեն վճարումները ապահովելու և 1950 թվականի գարնանացանի ամբողջ պահանջարկի չափով բոլոր մշակաբույսերի սերմացուի ապահովման համար[6]։
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (23/11/1940)[6][5]:
  • «Աշխատանքային ձեռքբերումների համար» մեդալ (24.11.1945)[6][5]:
  • ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտես (1950)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 112
  2. «Հարությունյան Վահան Սամսոնի։». persons.anau.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 115
  4. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 113
  5. 5,0 5,1 5,2 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 114
  6. 6,0 6,1 6,2 6,3  Վահան Հարությունյան (գյուղատնտես) «Երկրի հերոսներ» կայքում
  7. 7,0 7,1 «Арутюнян Ваган Самсонович». Национальный аграрный университет Армении. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Ваган Самсонович Арутюнян». hush.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.