Սևանի ջրակենսաբանական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սևանի ջրակենսաբանական կայան, ՀԽՍՀ ԳԱ, գիտահետազոտական հիմնարկ Սևան քաղաքում։ Հիմնադրվել է 1923 թվականին, Նոր Բայազետի (այժմ՝ Կամո) շրջանում, պրոֆեսոր Ա․Դերժավինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, որպես լճակայան (ՀԽՍՀ երկրագործության ժողկոմատի համակարգում)։ 1935 թվականին անցել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի համակարգը, տեղափոխվել քաղաք Սևան և վերանվանվել Սևանի ջրակենսաբանական կայան։ Կայանում գործում է հիդրոֆիզիկայի, հիդրոքիմիայի, պլանկտոնի, անողնաշարավորների, ձկնաբանության, ձկնաբուծության, մանրէաբանության, կենսաքիմիայի, էկոլգիական ֆիզիոլոգիայի և այլ լաբորատորիաներ։ Կայանի հետազոտությունների հիմնական խնդիրները եղել են ձկնային տնտեսության զարգացման և դրա հետ անմիջականորեն կապված հարցերը (իշխանի տարբեր ռասաների, կողակի պալարների, սիգի կլիմայավարժեցման, ձկների ձվադրման պայմանների, կերային բազաների, լճի կենդանական և բուսական աշխարհի֊ ուսումնասիրություն են)։Ներկայումս Սևանի ջրակենսաբանական կայանը զբաղվում է Սևանա լճի ֆիզիկաքիմիական, մանրէաբանական հետազոտություններով, ջրային բույսերի, նախակենդանիների, անողնաշարավորների, ձկների զարգացման օրինաչափությունների ուսումնասիրությամբ, լճի Էկոլոգիական ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, օրգանիզմների, համակեցությունների փոխհարաբերությունների և բազմաթիվ այլ հարցերով։ Կայանի հետազոտություններում կարևորագույն տեղը հատկացվում է Սևանի պրոբլեմին։ Ուսումնասիրվում են նաև ՀԽՍՀ մյուս լճերը, գետերն ու ջրամբարները։ Սևանի ջրակենսաբանական կայան տվել է Սևանա լճի ֆիզիկաքիմիայի և մանրէաբանական նկարագրությունները, ջրի ստվարաշերտում և հատակում ապրող բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարագրություններն ու զարգացման օրինաչափությունները։ Կատարվել են ՀԽՍՀ ջրամբարների ձկնաբանական, ձկնաբուծական և ձկնատնտեսական խորը ուսումնասիրություններ։ 1927 թվականից կայանը հրատարակում է աշխատությունների ժողովածու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 321 CC-BY-SA-icon-80x15.png