Սֆաելոյի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սֆաելոյի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Սֆաելոյի տուն (ռուս.՝ Дом Сфаэло), շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոց, 67 հասցեում[1], որը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոց, 67 հասցեում հայտնվել է տուն, որը կառուցվել է 1862 թվականին արված գծագրերով։ Այս անշարժ գույքի առաջին սեփականատերը եղել է Տրետյակովա ազգանվամբ մի կին[2]։

1873-1880 թվականներին տունը պատկանել է I գիլդիայի[2] վաճառական[1] Անտոն Եվստաֆևիչ Սֆաելոյին[1]։ Նա ծնվել է վաճառականի ընտանիքում։ Նրա ծնողները եղել են Եվստաֆի Անտոնովիչը և Ֆոտինա Կոնստանտինովնան։ Բացի Անտոնից, ընտանիքում կային ևս մի քանի երեխաներ` Նիկոլայը, Աննան և Կոնստանտինը։ 1886 թվականին Անտոն Եվստաֆևիչը պսակվել է Ագլայա Դիոնիսովնա Դալապորտեի հետ։ Նրանք ունեցել են մի քանի երեխա` Եվստաֆյա, Իվան, Կոնստանտին, Մարիա, Դիոնիսի, Անդրեյ, Նիկոլայ։ Ենթադրություններ կան, որ Իվան Անտոնովիչը եղել է Դմիտրի Մինաևիչ Սինոդի-Պոպովի զարմիկը, որի ընտանիքին էր պատկանում Հունական փողոց, 84 հասցեի տունը[2]։

1890-1906 թվականներին տունը եղել է հունահպարակի կնոջ` Ագլաիս Սֆաելոյի սեփականությունը, իսկ 1915 թվականին արդեն պատկանել է պատվավոր քաղաքացի Նիկոլայ Իվանովիչ Բարդաշևին[1]։ Նա նաև Տագանրոգում այլ անշարժ գույքի` Պետրոսի փողոց, 11 և Չեխովի փողոց, 88 տների սեփականատեր էր[2]։

Հուշատախտակ Սֆաելոյի տան պատին

Տան վերևի հարկում ապրել է[1] (այլ տվյալներով` պար է ուսուցանել) պարուսույց Ջորջինիո Վրոնդին[2]։ Նրա մոտ պարապում էին քաղաքի երիտասարդներն ու մարմնամարզիկները։ Իտալացին Տագանրոգում սկզբում հայտնի էր Ժերժետի ստեղծագործական կեղծանունով[1]։ Տագանրոգ Վրոնդին ժամանել է իտալական օպերայի կազմում, իր կարիերայի ընթացքում ճանապարհ է անցել բեմի ռեկվիզիտորից մինչև բալետմայստեր։ Արդյունքում նա բացել է սեփական պարային դասարաններ, և նրա աշակերտներից է եղել գրող Անտոն Պավլովիչ Չեխովը։ Վրոնդին ամուսնացել է ռուս աղջկա հետ և փոխել անունը` դառնալով Եգոր Սեմյոնովիչ[1]։ Կամավոր հիմունքներով նա աշխատել է քաղաքի հրշեջ ջոկատում։ Վրոնդին ամուսնացած է եղել երկու անգամ։

Մինչև 1917 թվականի հեղափոխությունը Պետրոսի փողոց, 67 տան պատին փակցված է եղել «Прокат пьянина и раялина» («Դաշնամուրների վարձույթ») մակագրությունը, որը չի պահպանվել։ Նաև այս տան առաջին հարկում աշխատել են մերսող Ա. Ռովինսկին և մեծադիր լուսանկարների մասնագետ Վ. Վիտչենկոն[2]։

21-րդ դարում տունը զբաղեցնում է «Գլոբալ Էլեկտրոնիքս» խանութը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Рафтопуло гостиница//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Дом 67. Петровская улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.