Սրանում մեր կյանքն է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրանում մեր կյանքն է
անգլ.՝ In This Our Life
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԷլեն Գլազգոու
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1941
Հրատարակվել է1941
 In This Our Life

«Սրանում մեր կյանքն է» (անգլ.՝ In This Our Life), ամերիկացի գրող Էլեն Գլազգոուի վեպը, որը հրատարակվել է 1941 թվականին[1]։ 1942 թվականին այն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի լավագույն վեպի համար[2]։ Վեպի բնաբանն է՝ «Ah, what a dusty answer gets the soul/ When hot for certainties in this our life!»։

Warner Bros. կինոընկերությունն անմիջապես գնել է վեպի էկրանավորման իրավունքը և 1942 թողարկել է համանուն ֆիլմը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Գլազգոուն վեպի ստեղծմանը ձեռնամուխ է եղել 1937 թվականին։ Աշխատանքը մշտապես ընդհատվել է գրողի հիվանդության պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ նա երկու սրտի նոպա է վերապրել, իսկ հիվանդանոցի բժիշկը, որտեղ նա հայտնվել էր 1940 թվականի ամռանը, նրան կես տարուց ոչ ավելի կյանք է կանխատեսել։ Այնուամենայնիվ, վեպն ավարտվել է 1941 թվականին, իսկ Գլազգոուն ապրել է մինչև 1945 թվականը[3]։

Վեպում ներկայացվել են Գլազգոյի համար ավանդական վայրերը, այդ թվում՝ Ռիչմոնդը, որտեղ նա անցկացրել է կյանքի մեծ մասը։

1966 թվականին հետմահու հրատարակվել է վեպի կարճ շարունակությունը՝ «Beyond Defeat: An Epilogue to an Era»[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի հարավում։ Վեպը պատմում է երկու քույրերի՝ Սթենլի և Ռոյ Թիմբերլեյքների մասին, և ցույց է տալիս նրանց բարդ փոխհարաբերությունները միմյանց ու այլ մարդկանց հետ։

Ռոյը հանդես է գալիս որպես հերոսուհի, որն օժտված է բազմաթիվ դրական հատկանիշներով, որոնք բնորոշ են ոչ միայն կնոջը, այլև տղամարդուն։ Նա զգայուն է, խելացի, աշխատասեր, ժամանակակից և անկախ։

Սթենլին հանդես է գալիս որպես Ռոյի անտագոնիստ։ Նրան բնորոշ են գեղեցկությունը, ինքնասիրահարվածությունը, անբարոյությունն ու թեթևատությունը։ Նա հարաբերությունների մեջ է մտնում քրոջ ամուսնու հետ, որը խիզախորեն ընդունում է հարվածը, ամուսնալուծվում է և զույգին թույլ է տալիս միավորվել, ինչը, սակայն, կանխատեսելի կերպով ավարտվում է աղետով։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին վեպն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի, սակայն որոշ հեղինակների կարծիքով՝ մրցանակը որոշ չափով հանձնվել է ոչ թե բուն ստեղծագործության, այլ Գլազգոուի՝ գրականության մեջ ունեցած ընդհանուր ներդրման համար։ 1933 թվականին նրա մեկ այլ վեպը՝ «The Sheltered Life» (1932), նույնպես առաջադրվել է մրցանակի եղել է առաջատար, սակայն անսպասելիորեն պարտվել էր Թոմաս Սթրիբլինգի «The Store» վեպին։ 1942 թվականի մրցանակը եղել է այդ թվում արդարությունը վերականգնելու միջոց[3]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Warner Bros. ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի իրավունքները 1941 թվականին $ 40 000-ով և անմիջապես սկսել է քասթինգը։ Ռեժիսորի տեղն ստացել է Ջոն Հյուսթոնը, որը հենց նոր էր ավարտել իր դեբյուտային «Մալթայի բազեն» ֆիլմը։ Որպես սցենարիստ հանդես է եկել Հովարդ Կոխը, որը վեպի ադապտացման ժամանակ փորձել է նվազեցնել Ուիլյամ Ֆիցրոյի ու Սթենլիի զարմուհու միջև կապի արյունապղծական բնույթի և հաարավում եղած ռասայական խտրականության շեշտադրումը։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել հայտնի դերասանուհիներ Բեթ Դեյվիսը և Օլիվիա դե Հևիլլենդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ellen Glasgow In This Our Life. — New York: Harcourt, Brace and Company, 1941.
  2. Elizabeth A. Brennan; Elizabeth C. Clarage Who's Who of Pulitzer Prize Winners. — Greenwood Publishing Group, 1999. — С. 492. — ISBN 978-1-57356-111-2
  3. 3,0 3,1 3,2 The Ages of Life: Living and Aging in Conflict? / Ulla Kriebernegg, Roberta Maierhofer (Eds.). — Bilefeld: transcript Verlag, 2014. — С. 177—178. — 256 с. — ISBN 9783839422120
  4. Glasgow, Ellen Beyond Defeat: An Epilogue to an Era / Ed. Luther Y. Gore. — Charlottesville: University Press of Virgina, 1966.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրանում մեր կյանքն է» հոդվածին։