Ստիլթոն (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստիլթոն
Տեսակպանիր կովի կաթից, կապույտ պանիրներ և բրիտանական պանիր
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն
ՏարածաշրջանԴերբիշիր, Լեստերշիր և Նոթթինգեմշիր
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումPDO
ԱնունովStilton?
 Stilton cheese Վիքիպահեստում

Ստիլթոն, (անգլ.՝ Stilton cheese), անգլիական պանիր։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվում են «Ստիլթոնի» երկու տեսակ` հայտնի կապույտ «Ստիլթոնը» (պատկանում է Կապույտ պանիրներին) և ավելի քիչ հայտնի սպիտակ «Ստիլթոնը»։ «Ստիլթոնին» շնորհվել է Protected designation of origin (PDO) եվրոպական սերտիֆիկատ, ուստի միայն այն պանիրը, որը պատրաստված է Դերբիշիր, Լեստերշիր և Նոթթինգեմշիր կոմսություններում և պատասխանում է ստանդարտի խիստ պահանջներին, կարող է կոչվել «Ստիլթոն»։ Ճակատագրի հեգնանքով` Ստիլթոն գյուղում, որից առաջացել է այս պանրի անվանումը, այդ պանրի արտադրությունն արգելված է, քանի որ այս գյուղը գտնվում է Քեմբրիջշիր կոմսությունում։

Պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստիլթոնին» ներկայացված հիմնական պահանջները այսպիսին են`

  • պանիրը պետք է պատրաստված լինի նշված կոմսություններում` տեղական պաստերիզացված կաթից։
  • պանիրը պետք է լինի գլանաձև։
  • հասունացման ընթացքում նրա վրա պետք է կեղև առաջանա։
  • պատրաստման ընթացքում պանիրը չպետք է ենթարկվի ճնշմանը։
  • պանիրը պետք է ունենա բարակ կապույտ երակներ` ճառագայթաձև ուղղված կենտրոնից։
  • պանիրը պետք է ունենա բնորոշ համ։

«Ստիլթոնի» կապույտ երակները` ինչպես նաև նրա նրբաճաշակ համը, կապված են պանրի մեջ Penicillium roqueforti պենիցիլային մանրէի առկայության հետ։

Սովորաբար ճարպի պարունակությունը «Ստիլթոնի» մեջ կազմում է 35 %, իսկ սպիտակուցինը` 32 %[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հայտնի լինելու համար «Ստիլթոնը» պարտական է Քուփեր Թորնհիլին։ Նա Ստիլթոն գյուղի Մեծ Հյուսիսային Ճանանապարհին գտնվող «Զանգակ» պանդոկի տերն էր։ 1730 թվականին Թորնհիլն ուղանցաբար եղել է Լեսթերշիրում, որտեղ փոքրիկ ագարակում համտեսել է զարմանալիորեն համեղ կապույտ պանիր։ Թորնհիլն այնքան հավանեց պանիրը, որ անմիջապես գնեց այս պանրի տարածման բացառիկ իրավունքը։ Շուտով «Զանգակ» պանդոկին մոտեցավ պանրով բեռնված քառանիվ սայլակ։ Այդ ժամանակներին Լոնդոնից Էդինբուրգ և հակառակ ուղղությամբ մեկնող դիլիժանսները կանգ էին առնում Ստիլթոնում` հանգստանալու, այնպես որ կապույտ «Ստիլթոնի» մասին լեգենդները շատ արագ տարածվեցին ամբողջ Անգլիայով մեկ։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստիլթոնը» հաճախ մատուցում են նեխուրի հետ, ավելացնում են բանջարեղենային տրորած ապուրների մեջ` հատկապես բրոկկոլիի և նեխուրի հետ։ Օգտագործվում է տարբեր կրեկերների, թխվածքաբլիթների և հացի նրբընտիր տեսակների հետ բուտերբրոդներում։ Ըստ անգլիական ավանդույթի` «Ստիլթոնի» հետ խմում են պորտվեյն։ «Ստիլթոնը» ընդունված է մատուցել Ծննդյան ճաշկերույթի ժամանակ։ Ստիլթոն պանիրը շատ նմանություններ ունի Շրոպշիր Բլյու պանրի տեսակի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Trott, Robert E (1994 թ․ հունվարի 12). «Product Specification». Agricultural and Rural Development DOOR. European Commission. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիլթոն (պանիր)» հոդվածին։