Jump to content

Սպասուհի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասուհի
անգլ.՝ The Help
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակKathryn Stockett?
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՋեքսոն
ԿերպարներAibileen Clark?, Minny Jackson? և Eugenia Phelan?
ՀրատարակչությունPenguin Books
Հրատարակվել է2009

Սպասուհի (անգլ.՝ The Help), ամերիկացի գրող Քեթրին Սթոքեթի վեպը, գրված 2009 թվականին։ Այն պատմում է 1960-ական թվականների սկզբին Միսսիսիպի նախանգի Ջեքսոն քաղաքում սպիտակ մարդկանց համար աշխատող աֆրոամերիկացիների մասին։

Հրատարակման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքեթն սկսել է գրել վեպը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո[1]։ Նա գրել է այն 5 տարվա ընթացքում։ Վեպն ավարտելուց հետո երեք տարի այն մերժել են հրատարակել 60 գրական գործակալներ[2], մինչև գրական գործակալ Սյուզան Ռամերը համաձայնվել է ներկայացնել Սթոքեթին[3][4]։ 2010 թվականին գիրքը հրատարակվել է 35 երկրներում, երեք լեզուներով[5]։ 2011 թվականի օգոստոսին վաճառվել է գրքի 7 միլիոն օրինակ[6], գիրքն ավելի քան 100 շաբաթ եղել է բեսթսելլերների ցուցակում` ըստ New York Times[7][8]։ Գիրքն արժանացել է քննադատների հիացական գնահատականին[9][10][11], ինչպես նաև հայտնվել է ըստ Publishers Weekly-ի 2009 և 2010 բեսթսելլերերի ցանկում[12]։

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1960-ական թվականներին, Միսսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում և պատմվում են երեք կանանց` Էյբիլին Քլարքի (Aibileen Clark), Միննի Ջեքսոնի (Minny Jackson) և Էուժենիա «Սքիթեր» Ֆիլանի (Eugenia «Skeeter» Phelan) անունից։

Էյբիլինը որպես սպասուհի աշխատում է Լիֆոլտ ընտանիքի տանը, նա խնամում է փոքրիկ աղջնակ Մեյ Մոբլիին և մաքրում է տունը։ Նրա 24-ամյա որդին` Թրիլորը, մահացել է աշխատավայրում դժբախտ պատահարի պատճառով։ Միննին Էյբիլինի ընկերուհին է, նա իր գործատուների երեսին հաճախ ասում է այն, ինչ մտածում է նրանց մասին, ինչի պատճառով նրան աշխատանքից հեռացնում են արդեն 19-րդ անգամ։ Վերջին անգամ նա աշխատել է տիկին Ուոթերսի` Հիլլի Հոլբրուկի մոտ։ Սքիթերը սպիտակ ընտանիքից է, նրանց է պատկանում Ջեքսոնի մոտակայքում գտնվող բամբակի ֆերման, որտեղ աշխատում են բազմաթիվ աֆրոամերիկացիներ։ Սքիթերը վերջերս տուն է վերադարձել Միսսիսիպիի համալսարանում ուսումն ավարտելուց հետո և ցանկանում է գրող դառնալ։ Սակայն նրա մայրը կարծում է, որ աղջիկն ավելի ճիշտ կանի, եթե ամուսնանա, իսկ նրա դիպլոմը որևէ նշանակություն չունի։ Սքիթերը ցանկանում է իմանալ, թե ուր է անհետացել իրենց սպասուհի Կոնստանտինը, որը մեծացրել և հոգ է տարել իրեն։ Երբ Սքիթերը սովորում էր համալսարանում, սպասուհին գրում էր նրան, որ անհամբեր սպասում է աղջկա վերադարձին։ Սքիթերի մայրն ասում է, որ Կոնստանտինը դուրս է եկել աշխատանքից ու տեղափոխվել է Չիկագո` իր հարազատների մոտ ապրելու։ Սակայն աղջիկը չի հավատում, որ դայակը կարող էր ուղղակի լքել իրեն, և վստահ է, որ ինչ-որ բան այն չէ ու հույս ունի շուտով պարզել։ Բոլոր նրանց, ում Սքիթերը հարցնում է Կոնստանտինի անհետանալու մասին, ձևացնում են, թե անտեղյակ են և հրաժարվում են որոշակի պատասխան տալ։

Կյանքը, որ Կոնստանտինը վարում էր Ֆիլան ընտանիքում, ստիպում է Սքիթերին մտածել, որ սևամորթ սպասուհիներն արժանանում են լրիվ այլ վերաբերմունքի, քան սպիտակամորթները։ Նա (հրատարակչի օգնությամբ) որոշում է, որ ցանկանում է պատմել ճշմարտությունն այն մասին, թե ինչ է նշանակում լինել սևամորթ սպասուհի Միսսիսիպիում։ Սքիթերը փորձում է շփվել սպասուհիների հետ և ձեռք բերել նրանց վստահությունը։ Իրենց կյանքի մասին ճշմարտությունը պատմող աֆրոամերիկացիների մասին 1960-ական թվականների սկզբին ԱՄՆ-ի հարավում գիրք գրելն իսկապես վտանգավոր նախաձեռնություն էր։ Ի վերջո Էյբիլինն սկսում է վստահել Սքիթերին այն բանից հետո, երբ օգնում է նրան սյունյակ գրել տնային տնտեությունը վարելու խորհուրդների մասին։ Սքիթերն այս աշխատանքն ստանձնել է խմբագիր Էլեյն Սթայնի խորհրդով միայն նրա համար, որ սկսի գրողի ու խմբագրի կարիերան, չնայած ինքը ոչինչ չգիտի տնային տնտեսության մասին, քանի որ դա «սպասուհու» ասպարեզն է։ Իրավիճակի զավեշտը չի վրիպում Սքիթերի աչքից, որն արդյունքում առաջարկում է վճարել Էյբիլինին իր խորհուրդների և ծախսած ժամանակի համար։

Էլեյն Սթայնը նաև առաջարկում է Սքիթերին այնպիսի թեմա ընտրել գրելու համար, որը նրան կհուզի։ Սքիթերը հասկանում է, որ ցանկանում է աշխարհին պատմել այն վիրավորական պայմանների մասին, որում ստիպված են աշխատել սպասուհիներն ԱՄՆ-ի հարավում` ուղղակի ապրելու որևէ միջոց ունենալու համար։ Դժբախտաբար, այդ գաղափարը վտանգավոր է ոչ միայն Սքիթերի, այլև այն կանանց համար, ովքեր որոշում են օգնել նրան։ Էյբիլինը վերջապես համաձայնում է պատմել իր պատմությունը։ Միննին ևս, չնայած սպիտակամորթների հանդեպ իր անվստահությանը, համաձայնում է խոսել, սակայն նրանք չեն կարողանում համոզել մյուս սպասուհիներին կիսվել իրենց պատմություններով։ Սքիթերն ուսումնասիրում է մի քանի օրենքներ` իմանալու համար, թե ինչ կարելի է և ինչն է արգելված սևամորթներին Միսսիսիպիում, ինչի արդյունքում նրա մտերիմներն սկսում է խուսափել նրանից` ռասսայական կանոնների դեմ նրա աճող հակազդեցության պատճառով։

Յուլ Մեյը, ով սպասուհի է աշխատում Հիլլիի տանը, ձերբակալվում է Հիլլիի մատանիներից մեկը գողանալու համար. նա գողությունը կատարել էր իր երկվորյակ երեխաների ուսման վարձը վճարելու համար այն բանից հետո, երբ Հիլլին հրաժարվել էր օգնել նրան։ Մյուս սպասուհիները որոշում են, որ նրանք պատրաստ են վտանգել իրենց աշխատանքն ու անվտանգությունը և համաձայնում են մասնակցել Սքիթերի գրքի գրմանը։

Այսպիսով, Սքիթերը աֆրոամերիկացի սպասուհիների հետ գիրք է գրում Ջեքսոնում ապրող և սպիտակ կանանց մոտ որպես սպասուհի աշխատող սևամորթների մասին։ Ոչ բոլոր պատմություններն են բացասական, որոշներում նկարագրվում են բարի և դրական իրադարձություններ, սակայն որոշները դաժան են, անգամ` անմարդկային։ Արդյունքում «Սպասուհին» վերնագրով գիրքը հրատարակվում է, իսկ գրքի վերջին գլուխները պատմում են գրքի հրատարակման հետևանքների մասին Ջեքսոնում։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 10-ին էկրան է բարձրացել համանուն ֆիլմը[13]։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Սթոքեթի մանկության ընկերն է, Թեյթ Թեյլորը[14]։

Սթոքեթն ասել է, որ Միննիի կերպարն ստեղծելիս նրան ոգեշնչել է դերասանուհի Օկտավիա Սփենսերը, որն արդյունքում խաղացել է այդ կերպարն էկրանավորման ժամանակ[3]։ Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Միսսիսիպիում, Ջեքսոնում, սակայն ֆիլմը հիմնականում նկարահանվել է Գրինվուդում, որը պատկերում է 1963 թվականի Ջեքսոնը[15]։ Օկտավիա Սփենսերն «Օսկար» մրցանակ է ստացել Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։ Դրանից բացի, ֆիլմն առաջադրվել է լավագույն ֆիլմ անվանակարգում, իսկ Վիոլա Դեվիսն ու Ջեսիկա Չեսթեյնը` համպատասխանաբար` լավագույն դերասանուհի և երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգերում[16]։

Դատական հայց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային աշխատող Էբլին Կուպերը (Ablene Cooper), որը մի ժամանակ աշխատել է Սթոքեթի եղբոր տանը, դատի է տվել գրողին այն մեղադրանքով, որ նա գողացել է իր կյանքի պատմությունն առանց իր թույլտվության և ստեղծել է Էյբիլինի կերպարն ըստ իր նախատիպի։ Կուպերը դատի է տվել Սթոքեթին` պահանջելով նրանից 75.000 դոլար` որպես փոխհատուցում։ Նա նաև քննադատել է Սթոքեթին այն բանի համար, որ վերջինս իր կերպարի մաշկի գույնը համեմատել է խավարասեր մաշկի գույնի հետ, ինչը կարելի է ռասիզմ որակել[17]։ Հինդս շրջանի դատարանը մերժել է գործը` ժամկետանց լինելու պատճառով։ Սթոքեթը ժխտել է, որ իր ստեղծած կերպարը հիմնված է Կուպերի կերպարի վրա` վստահեցնելով, որ ինքը նրան հազիվ է ճանաչել[18]։

  • 2009-«Christian Science Monitor» ամսագրի լավագույն գիրք
  • 2009- «Boeke» մրցանակ
  • 2010-«Օրանժ» մրցանակ
  • 2010-Թաունսենդի մրցանակ` գեղարվեստական գրականության համար
  • 2010-Գրականության հարավային մրցանակ` գեղարվեստական գրականության համար
  • 2010-Indies Choice Book Awards` մեծահասակների համար դեբյուտային գրքի համար
  • 2011-Դուբլինյան գրական մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Suddath, Claire. «Kathryn Stockett, Author of The Help». Time. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Maggie, Galehouse. «A Conversation with "The Help" author, Kathryn Stockett». Chron. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 Calkin, Jessamy (2009 թ․ հուլիսի 16). «The maid's tale: Kathryn Stockett examines slavery and racism in America's Deep South». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Kathryn Stockett's 'The Help' Turned Down 60 Times Before Becoming a Best Seller». More Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. Kehe, Marjorie (2010 թ․ մայիսի 14). «With book sales still strong, 'The Help' will begin filming». Christian Science Monitor. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  6. Lewis, Andry (2011 թ․ օգոստոսի 26). «'The Help's' Strong Box Office Bumps Up Book Sales». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  7. Williams, Wyatt. «Kathryn Stockett: Life in the belle jar». Creative Loafing Atlanta. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  8. D'Souza, Karen. «'The Help' is poised to become chick flick of the summer». San Jose Mercury News. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  9. Memmott, Carol (2008 թ․ հուլիսի 31). «Kate Stockett's 'The Help' is the hot book this summer». USA Today. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. Maslin, Janet (2009 թ․ փետրվարի 18). «Racial Insults and Quiet Bravery in 1950s Mississippi». New York Times. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. Dollacker, Sarah Sacha (2009 թ․ փետրվարի 1). «Segregation tale describes bond of women». Atlanta Journal-Constitution. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. [1] by Daisy Maryles, Publishers Weekly, September 3, 2011
  13. «Mississippi: The Filming Locations of The Help». Locations Hub. 2011 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  14. Fleming, Michael (2009 թ․ դեկտեմբերի 15). «Chris Columbus fast-tracks 'Help'». Variety.
  15. «Mississippi: The Filming Locations of The Help». Locations Hub. 2011 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին. «Out of all the towns and cities in the state, Greenwood probably has the best representation of 1960s Mississippi. It was no surprise that it was hand-picked to be the main film location for The Help.»
  16. «Nominees and Winners for the 84th Academy Awards». Oscars.org. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  17. Churcher, Sharon (2011 թ․ սեպտեմբերի 4). «Her family hired me as a maid for 12 years but then she stole my life and made it a Disney movie». The Daily Mail. London. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. Chaney, Jen (2011 թ․ օգոստոսի 16). «'The Help' lawsuit against Kathryn Stockett is dismissed». The Washington Post. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.